Ի՞նչ պետք է իմանա 7 ամսական երեխայի մայրիկը  

Խնամք

 

Մանրամասնում է  Սեբաստիա բժշկական կենտրոնի մանկաբույժ Գոհար Դավթյանը:

- Ի՞նչ է սպասվում 6-7 ամսականում։

Այս հասակի երեխան  ակտիվորեն մեծանում է։ Նա ազատ նստում է։ Փորի  վրա պառկած դիրքից  բարձրանում է ձեռքերի և ծնկների վրա, փորձում է չոչ անել ։Իր անունը լսելիս թեքվում է դեպի  ձայնը։

7 ամսական երեխան ուտելու ժամանակ ինքն Է վերցնում կերակրաշիշը և տանում բերանը։ Նա գրկից գիրկ Է ձգտում, ձեռքերը պարզում Է դեպի մայրը, ծանոթները, երկար թոթովում Է։ Այս շրջանում  երեխայի մոտ կողմնային պաշտպանական ռեակցիան է ի հայտ գալիս, երբ կտրուկ իրանը թեքում ենք  կողքի վրա։

-Ի՞նչ պետք է անի 7 ամսական երեխայի ծնողը։

Մայրիկները պետք է փորձեն նպաստել  երեխայի խոսքի զարգացմանը՝ անվանելով նկարները և  խաղալիքները։ Ցանկալի է, որ կրկնեն փոքրիկի  արտաբերած ձայները։ Բայց ամեն դեպքում պետք է հիշել, որ երեխան ավելի հեշտ է ընկալում, երբ  մայրը հանգիստ սովորեցնում է նրան և ոչ թե ստիպում։

-Այս հասակում երեխան բավականին ակիվ է ու շարժուն։ Ինչպե՞ս ապահովել նրանց անվտանգությունը։

Այո ՛, այս շրջանում երեխան արդեն բավականին աշխույժ է ու հետաքրքրասեր, միևնույն ժամանակ նա զուրկ է ինքնապաշտպանվելու կարողությունից։ Երեխան ձեռքը մեկնում է այն ամենին, ինչը տեսնում է։ Այդ իսկ պատճառով ծնողներն ավելի ուշադիր պիտի լինեն այս հասակի երեխաների նկատմամբ։

Դյուրավառ նյութերը, դեղերը, հեշտ կոտրվող, սրածայր, փոքր իրերը պետք է հեռու պահել երեխայից։ Չի կարելի նրան  մենակ թողնել ուրիշ փոքր երեխայի կամ ընտանի կենդանու հետ։

-7 ամսականում քնի ինչպիսի՞ ռեժիմ պիտի ունենա երեխան։

7 ամսականում երեխան պիտի քնի մոտավորապես 14 ժամ, որից  10-ը բաժին է ընկնում գիշերային քնին, իսկ մյուս 4-ը ՝ ցերեկայն քնին։ Ցերեկային քունը բաժանվում է երկու մասի՝ առավոտյան քուն ՝  1.5-2  ժամ  և ցերեկվա քուն։

Պետք է պահպանել քնի ռեժիմը։ Քնելիս երեխային կարելի է փափուկ խաղալիք տալ,  եթե դա հանգստացնում է նրան։ Երգը կամ հեքիաթը երեխայի քունը կդարձնեն ավելի հաճելի։

-Ինչպիսի՞ սննդակարգ պիտի ունենա այս հասկի երեխան։

Կյանքի առաջին ամիսներին բացառապես կրծքով կերակրելը լիովին բավարարում է երեխայի հեղուկի, էներգիայի և սնուցողական նյութերի պահանջը՝ ապահովելով նրա աճը, զարգացումն ու առողջությունը: Սակայն երեխայի աճի և ակտիվության մեծացմանը զուգընթաց  որոշակի տարիքում միայն կրծքի կաթն այլևս չի կարող բավարարել երեխայի բոլոր պահանջները:

6 ամսականից սկսած  բոլոր երեխաները,  կրծքի կաթի հետ մեկտեղ, պետք է սկսեն հավելյալ սնունդ ստանալ։

Կյանքի յոթերորդ ամսում երեխան իր սննդակարգում պիտի ունենա մոտավորապես հինգանգամյա կերակրում։

Առաջին կերակրում. սկսվում է կրծքի կաթով կամ արհեստական կաթնախառնուրդով՝  մոտավորապես 200 մլ  չափով։ Բալիկներ կան, ովքեր մի քիչ ավելի շատակեր են ու մի քիչ  ավելի շատ կարող են ուտել։

Երկրորդ կերակրում. երեխան պետք է մոտավորապես 150 գրամի չափով շիլա ուտի, որի մեջ կա փոքր քանակությամբ կարագ։ Այնուհետև պետք է երեխային տալ  30 գրամ մրգային խյուս ձվի դեղնուց ՝ մոտ 1/4 չափով։

Երրորդ կերակրում. երեխային պետք է տալ 170 գրամի չափով բանջարեղենային խյուս, որը պետք է պարունակի մոտ 30 գրամ միս։ Խյուսին պետք է խառնել  մի քիչ կարագ:

Չորրորդ կերակրում. այն ներառում է կաթնաշոռ, մոտ 40 գրամ մրգային խյուսեր և 150- 160մլ կաթ։

Հինգերորդ կերակրում. քնից առաջ երեխային պետք է կերակրել կաթով ՝  մոտ 200 մլ։

Մանկաբույժը նաև խորհուրդ է տալիս ՝

1.այս հասակում երեխային մոտ երկու ժամ տանել զբոսանքի։ Մաքուր օդը լավ է անդրադառնում ինչպես ֆիզիկական, այնպես էլ մտավոր զարգացման վրա։ Մաքուր օդը նաև նպաստում է լավ ու հանգիստ քնին։

2.Փոքրիկի համար նաև շատ կարևոր են ջրային պրոցեդուրաները։ Դրանք լավացնում են արյան շրջանառությունը, ամրացնում են իմունիտետը, միևնույն ժամանակ հաճելի են երեայի համար։

 

Արփինե Մուրադյան

Գովազդ