Ե՞րբ է կարելի փոքրիկին հավելյալ սնունդ տալ և ի՞նչ է կարելի. «Իմ փոքրիկ»-ը զրուցել է «Wigmore» բժշկական կենտրոնի մանկաբույժ Արփինե Հովակիմյանի հետ։
«Երեխաներին հավելյալ սնունդ տալիս ենք 6 ամսականից սկսած։ Եթե կան ցուցումներ, կարող եք սկսել նաև 4 ամսականից, բայց Առողջպահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս մինչև 6 ամսական երեխային տալ միայն մայրական կաթ կամ կաթնախառնուրդ։ Հավելյալ սննդին պետք է երեխան էլ պատրաստ լինի․ նա պետք է կարողանա գլուխը պահել, հետաքրքված լինի սննդով ու կարգավորված լինի ուտելիքի դուրսցրման ռեֆլեքսը(երբ երեխան մի բան չի հավանում, միանգամից թքում է)»,- ասում է Հովակիմյանը։
Բժիշկը խորհուրդ է տալիս փորկապության խնդիր ունեցող երեխաների դեպքում հավելյալ սնունդը սկսել բանջարեղենային խյուսերից, իսկ եթե երեխան ունի քաշի խնդիր, կարելի է սկսել կալորիական շիլաներից՝ բրնձով, եգիպտացորենով ու այլ հացահատիկներով։
«Ըստ մասնագիտական գրականության՝ 3-5 օր երեխային կարելի է նույն մթերքը տալ ու հետևել նրա արձագանքին՝ ալերգիա ունի դրանից, թե ոչ։ Դա, իհարկե, չի նշանակում ամեն օր, օրինակ, գազար կամ եգիպտացորեն տալ։ Կարելի է մեկ օր եգիպտացորեն տալ, հաջորդ օրը՝ եգիպտացորենը մեկ այլ մթերքի խառնած։ Այսպիսով ևս կարող ենք եզրակացություններ անել»։
Հաճախ մայրիկները մտածում են՝ ի՞նչ ձեթ է կարելի։ Ձեթո՞վ, թե՞ կարագով պատրաստեն երեխայի ուտելիքը, որ համեղ ու օգտակար լինի։ Հաջորդիվ անդրադառնալու ենք հենց այս թեմային։