Աղ և շաքար․ ե՞րբ կարելի է ներառել փոքրիկի սննդակարգ

Սնունդ

Երեխաները շատ են սիրում քաղցրավենիք, շոկոլադ ու աղի բլիթներ։ Սակայն միշտ չէ, որ ցանկալի է դրանց օգտագործումը, հատկապես երբ փոքրիկը դեռ չի բոլորել 1 տարեկանը։ Ո՞ր տարիքից և ի՞նչ չափաքանակով աղ և շաքարավազ կարելի է ավելացնել երեխաների սննդակարգում։ Ներկայացնում է մանկաբույժ Աիդա Պապիկյանը։

Նախևառաջ  պետք է հիշել, որ նոր ծնված և մինչև 1 տարեկան երեխան կարիք չունի ավելորդ աղի և  քաղցրի։ Նա կրծքի կաթ է ուտում և, առհասարակ, ավելորդ համեմունքների կարիք չունի։  Իսկ ահա 1 տարեկանից հետո կարելի է սնդդակարգի մեջ սահմանափակ քանակությամբ շաքար և աղ ավելացնել։ Շատ հաճախ փոքրիկները, չարաշահելով հատկապես շաքարի  օգտագործումը, հրաժարվում են այլ՝ ավելի օգտակար համեմունքներ և վիտամիններ պարունակող սննդատեսակներից։ Ավելին՝ քաղցրացնելով  կամ  աղ ավելացնելով երեխայի  ուտեստներին՝ մենք նպաստում ենք սննդակարգի վերաբերյալ սխալ վարքագծի ձևավորմանը։  Դրանով է պայմանավորված փոքրիկների անտարբերությունը ապուրների, օգտակար ուտեստների նկատմամբ, քանի որ դրանք, այսպես ասած, «անհամ» են։

Շաքարը՝ հատկապես մաքուր շաքարավազի տեսքով, պետք չէ առաջարկել երեխային, դրա չարաշահումը հետագայում կարող է հանգեցնել նոր ծկթող ատամների վնասմանը։ Բացի դրանից, այն ճարպակալման առումով ռիսկային է և  հետագայում կարող է շաքարային դիաբետի զարգացման պատճառ դառնալ։

Ինչ վերաբերում է աղի օգտագործամանը, ապա պետք է հիշել, որ այն երիկամների ծանրաբեռնվածության պատճառ է դառնում։ Մինչև 1 տարեկանը չի խրախուսվում աղի օգտագործումը։ Իսկ ահա 1 տարեկանից հետո, կախված սննդատեսակից, կարելի է աննշան ավելացնել։

Իհարկե, հիշվող մանկություն ապահովելու համար երեխան պետք է և՛ շոլոլադ ուտի, և՛ սիրած քաղցրավենիքներից օգտվի, և չի կարելի ամբողջովին սահմանափակել փոքրիկի ցանկությունները։ Սակայն պետք է ընտրել առավել անվտանգ տարբերակներ․ օրինակ՝ շաքարի փոխարեն փոքրիկին առաջարկել միրգ, բանջարեղեն, մաքուր շոկոլադ, երբեմն էլ կոնֆետ։

 

Հեղինակ՝ Նորա Հայրապետյան

Գովազդ