Կյանքի առաջին վեց ամիսներին երեխայի հիմնական սնունդը մայրական կաթն է կամ մանկական կաթնախառնուրդը։ Մոտ 6 ամսականից երեխայի սննդակարգում աստիճանաբար ավելանում է հավելյալ սնունդը։
10-12 ամսականում փոքրիկն արդեն կարող է ուտել տարբեր սննդային խմբերի մթերքներ՝ բանջարեղեն, միրգ, ձավարեղեն, միս, ձուկ, ձու և որոշ կաթնամթերք։ Այս շրջանում կարևոր է սննդի բազմազանությունն ու երեխայի տարիքին համապատասխան խտությունը։
Կաթնամթերք
Յոգուրտը կարելի է երեխային առաջարկել մոտ 6 ամսականից։ Նախընտրելի է պաստերիզացված և առանց շաքարի յոգուրտը։
Կաթնաշոռը և պանիրը նույնպես կարող են ներառվել 10-12 ամսական երեխայի սննդակարգում։ Պանիրը ցանկալի է ընտրել պաստերիզացված և հնարավորինս քիչ աղով։ Կաթնաշոռը կարելի է մատուցել փափուկ վիճակում կամ խառնել այլ մթերքների հետ։
Կովի կաթը որպես հիմնական ըմպելիք երեխային առաջարկվում է 12 ամսականից։ Մինչև այդ տարիքը երեխայի հիմնական կաթնային սնունդը պետք է շարունակի մնալ մայրական կաթը կամ մանկական կաթնախառնուրդը։
Եթե մայրը և երեխան ցանկանում են, կրծքով կերակրումը կարելի է շարունակել նաև հավելյալ սննդի ներմուծումից հետո։ ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս շարունակել կրծքով կերակրումը մինչև 2 տարեկան և ավելի։
Շիլաներ և ձավարեղեն
Հնդկաձավարը, վարսակը, բրինձը և եգիպտացորենի շիլան կարող են լինել 10-12 ամսական երեխայի սննդակարգի մաս։ Ցանկալի է տարբեր ձավարեղեններ հերթափոխել՝ ապահովելով բազմազան սննդակարգ։
Վարսակը և գլուտեն պարունակող այլ հացահատիկները կարելի է ներառել երեխայի սննդակարգում։ Եթե որևէ մթերքից երեխայի մոտ առաջանում է ցան, այտուց, փսխում կամ շնչառության դժվարություն, պետք է դիմել մանկաբույժի։
Բրինձը նույնպես կարելի է տալ, սակայն ցանկալի է այն հերթափոխել այլ ձավարեղենների հետ և չսահմանափակվել միայն բրնձի շիլայով։ CDC-ն խորհուրդ է տալիս երեխայի սննդակարգում ներառել տարբեր հացահատիկներ, ոչ միայն բրինձ։
Մակարոնեղենը նույնպես կարելի է առաջարկել 10-12 ամսականում՝ լավ եփված, փափուկ և երեխայի համար անվտանգ չափաբաժնով։ Ամբողջական հացահատիկից պատրաստված մակարոնեղենը ևս կարող է լինել լավ տարբերակ։
Ուրիշ ի՞նչ կարելի է տալ
Այս տարիքում երեխայի սննդակարգում ցանկալի է ներառել նաև՝
-
միս և թռչնամիս,
-
ձուկ՝ առանց ոսկորների,
-
ձու,
-
լոբազգիներ,
-
բանջարեղեն,
-
մրգեր,
-
տարբեր ձավարեղեններ,
-
պաստերիզացված յոգուրտ, կաթնաշոռ և պանիր։
9-11 ամսականում երեխաներին սովորաբար առաջարկվում է օրական 3-4 հիմնական սնունդ՝ երեխայի ախորժակին համապատասխան։ Սնունդը պետք է աստիճանաբար դառնալ ավելի խիտ և բազմազան, իսկ 8 ամսականից հետո երեխաների մեծ մասը կարող է ուտել նաև փափուկ «մատիկային» սնունդ։
Կարևոր է խուսափել խեղդվելու վտանգ ներկայացնող սննդի ձևերից․ օրինակ՝ ամբողջական խաղողից, հում կոշտ գազարից և այլ կոշտ կամ կլոր կտորներից։ Երեխային ուտելու ընթացքում միշտ պետք է վերահսկել։
Ի՞նչ չի կարելի տալ
Խորհուրդ չի տրվում մինչև 12 ամսական տալ մեղր, քանի որ այն կարող է առաջացնել մանկական բոտուլիզմ։
Պետք է խուսափել նաև շաքարից և աղից, ինչպես նաև բացառել քաղցր ըմպելիքներն ու վերամշակված մթերքը
Խեղդվելու վտանգի պատճառով չի կարելի երեխային տալ ամբողջական ընկուզեղեն, ամբողջական խաղող, հում կոշտ բանջարեղենի կտորներ կամ, առհասարակ, սննդի չոր ու մեծ կտորներ։



