Sidebar

Արագածին․ բանաստեղծություն

Դու, Արագա՛ծ, ալմաստ վահան

Կայծակեղեն թրերի,

Գագաթներդ՝ բյուրեղ վրան

Թափառական ամպերի։

Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,

Լճակներդ՝ լույս-փերուզ.

Առուներդ՝ մեջքիդ փայլուն

Պերճ գոտիներ ոսկեհյուս։

Աղբյուրներդ գիշեր ու զօր

Խոսքի բռնված իրար հետ,

Վտակներդ գիլ ու գլոր

Աբրեշումե փեշերեդ։

Թիթեռներդ՝ հուր-հրեղեն

Թռչող-ճախրող ծաղիկներ,

Զառ ու զարմանք երազներեն

Պոկված ծվեն-ծվիկներ։

Ծիրանավառ դու թագուհի,

Բուրումների դու աղբյուր,

Ծաղիկներդ հազար գույնի,

Հազար անուն, հազար բույր։ 

 

Ավետիք Իսահակյան