Եկեք մեր փոքրիկներին Ամանորին ընդառաջ սովորեցնենք ձմռանն ու Նոր տարվան նվիրված բանաստեղծություններ։
***
Թե՛ ձմռանը, թե՛ ամռանը
Նա ունի կանաչ ճյուղեր,
Հրաշքի է նման տանը,
Տոն է իր հետ նա բերել:
Ճյուղերից կախ արջ ու ոզնի,
Արևներ ու աստղիկներ,
Թե որ սիրտդ միրգ էլ ուզի,
Կամ թե կոնֆետ`քաղի՛ր, կեր:
Տոնի ծառ է նա իսկական,
Տարեմուտ է, Նոր Տարի,
Հեքիաթի է նման այնքան
Խնդությունը շուրջպարի:
***
Ամանոր է, Ամանոր,
Ուրախ ասում են-խոսում,
Նոր Տարվա այս տոնին նոր
Ողջ աշխարհն է սպասում:
Հոսում է խինդը վարար,
Զանգակի պես ղողանջում,
Ձեռքի նման փրկարար`
Բարևում է ու կանչում:
Ծիածանի գույներով
Վառվող լույսեր են փնջվում,
Արթնանում է քնից խոր
Ձմեռպապիկն ու հրճվում:
Ձյունանուշի հետ ուրախ
Տոնածառի են գալիս,
Տոնի առթիվ պար ու խաղ,
Ծափ-ծիծաղ են շաղ տալիս:
ՁՄԵՌ ՊԱՊ
Պապիկ է, բայց մանկան նման
Թռչկոտում է և երգում,
Սպասված հյուր է նա այնքան,
Բայց տարին մեկ են տեսնում:
Չի վախենում ցրտից, քամուց,
Ճամփեքից նեղ ու դժվար,
Ձմեռ պապ է ինքը մանկուց,
Երազանք ունի երկար:
Տարեմուտի տոնի առթիվ
Նվերներ է բաժանում,
Ու մանկացած պապին այս ժիր
Աշխարհը չի մոռանում:
ՆՈՐ ՏԱՐԻ
Նոր տարի, նոր տարի
Ձմեռ պապի, հե՛տ արի,
Ձյուն լինի, թե գիժ քամի,
Թող քո ճամփեն զարդարի:
Բեր ինձ նվեր փիղ-շնիկ,
Քաղցրավենիք ու մրգեր,
Կոշկավոր կատու-մկնիկ,
Հեքիաթի գույնով գրքեր:
ՁՆԵՄԱՐԴ Է ԱՆՈՒՆԸ
Ձյունե երկու կլոր գունդ,
Մեկը մեկից փոքր ու մեծ,
Մեկմեկու կպած անփույթ,
Ինչպես ութի երկու կես:
Ածուխե փայլ աչքերին,
Քիթը գազար ծիրանի,
Կարմիր կոճակ բերանին,
Կուլ կտա, թե` կհանի:
Ծուռտիկ-մուռտիկ երկու ճյուղ
Մարմնին թև են տալիս,
Կանթը պոկված մի ծակ դույլ
Գլխարկի տեղ է գալիս:
Ձնեմարդ է անունը,
Անականջ է իմ կանչին,
Բակն է մեր նրա տունը,
Խաղընկերն եմ առաջին:
***
Նոր տարի, Նոր Տարի
Թե կարող ես, շուտ արի,
Դու բարի՝ գալդ բարի,
Արի ինձ ճանապարհի:
Ես՝ հին, դու՝ նոր Ամանոր,
Դու ցանկալին բոլորի,
Ասեմ քեզ շնորհավոր`
Տարի լինես տոների:
ՏԱՐԵԹԻՎԸ ԿՓՈԽՎԻ
Հաշված ժամեր են, կանցնեն,
Ու կլինի կեսգիշեր,
Լույսի նման կբացվեն
Մարդկանց դեմքեր ու հուշեր:
Սլաքներն իրար կգան,
Ժամացույցը կզնգա,
Կհնչի և տոնական,
Թե՛ թմբուկ և թե՛ զուռնա:
Կլինի մեծ խնդություն,
Տարեթիվը կփոխվի,
Կանցնի ուրախ տնից տուն
Նոր Տարին ու չի հոգնի:
Կմաղթենք իրար բարին,
Շնորհավոր Ամանոր,
Խաղաղություն աշխարհին….
ԾՆՆԴՅԱՆ ԳԻՇԵՐ
Ծննդյան գիշեր
Արթուն աչքերով,
Մի աշխարհ լույսեր
Այրվող գույներով:
Փակվում-բացվում են
Դռներն հեքիաթի,
Խինդից լացում են
Աստղերն արծաթի:
Վառվող մոմերի
Ցոլանքը դեմքին,
Զնգում են, ասես,
Երկնի ճամփեքին:
Ղողանջն աստղերի
Հեքիաթն է կանչում,
Հրաշքով վերի`
Ճամփեքը չափում:
Ծննդյան գիշեր,
Լույս Աստվածածին,
Տերն է մեզ հիշել`
Որդուն` Միածին:
***
Փաթիլ-փաթիլ
Ձյուն է գալիս,
Կաթիլ-կաթիլ
Անձայն լալիս:
Օրը տաք է
Ձմռան համար,
Ճերմակ ամպ է
Երկնակամար:
Օդն առել է
Ձյունը վարար,
Փաթիլները
Բռնել են պար:
Ամպը ճերմակ
Մանվեց-հանվեց,
Մուշտակ-գլխարկ՝
Գետնին սահեց:
Ճերմակ հագավ
Ողջ աշխարհը,
Ու մոռացավ
Վաղ ձնհալը:
ՁՅՈՒՆ
Ճերմակ սավան ու վերմակ,
Դաշտերին ու ձորերին,
Ճերմակ զգեստ ու գլխարկ`
Ծառերին ու տներին:
Երկար նայել չի լինում,
Ադամանդե փայլ ունի,
Աչքից արցունք է բերում,
Ծակող լույսը շողերի:
Փխրուն է, հեշտ ու թեթև,
Հալվում է, երբ օրն է տաք,
Գույն չի մնում, ոչ էլ`ձև,
Էլ ինչ վերմակ ու գլխարկ:
Ջուր է դառնում-վարարում,
Քչքչում է ամենուր,
Ով է այսպես հեռանում,
Ձյունը ճերմակ ու մաքուր:
***
Ձմեռ է, ցուրտ ձմեռ է,
Դուռ - կտուրը ձնել է,
Ձյունե հաստ վերմակի տակ
Գարունն հանգիստ քնել է:
Արևը չի համբերի,
Շողերով խուտուտ կտա,
Ձմեռ ու ձյուն կհալվի,
Արթնության պահը կգա:
Կմայրանա աշխարհը,
Ծոցը լի շող ու շաղիկ,
Ձմռան վերջին ձնհալը
Կնվիրի ձնծաղիկ:
Հեղինակ` Հասմիկ Աջամյան