Sidebar

Դեղին մատիտ առա, նկարեցի աշուն՝ տերևներով առատ, տերևներով նախշուն. աշնան մասին բանաստեղծություններ    

Աշնան նկար

Դեղին մատիտ առա,
Նկարեցի աշուն՝
Տերևներով առատ,
Տերևներով նախշուն:

Կարմիր մատիտ առա,
Նկարեցի աշուն՝
Խնձորներով առատ,
Ու դեղձերով նախշուն:

Կանաչ մատիտ առա,
Նկարեցի ծիլեր՝
Ու ծիլերի վրա
Ամպի ճերմակ թելեր:

Աշուն


Կոմիտաս

 

Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
      Աշուն սնավ։

 

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով՝
      Աշուն քնավ։

 

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
      Աշուն ծնավ։​

 

Աշուն


Հովհաննես Թումանյան

Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։

Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։


Տխուր հանդերից
Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։

Աշուն


Համո Սահյան

 

Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եւ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:

Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թեւի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…

Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թեւը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ: