Բանաստեղծությունների առաջին մասը՝ այստեղ։
ՄԱՅՐԻԿԻ ՕՐՈՐԸ
Քնել են ծառերը,
Մայրիկը արթուն է:
Քնել են դաշտերը,
Մայրիկը արթուն է:
Քնել է թռչնակը,
Մայրիկը արթուն է:
Քնել է գետակը,
Մայրիկը արթուն է:
Քնել են բոլորը,
Մեղմ ձայն է լսվում.
Մայրիկը աշխարհին
Օրոր է ասում…
ԼՈՒՅՍԸ, ՄԱՅՐԻԿԸ ԵՎ ԵՍ
Լույսը հենց վառվի,
Իմ մայրիկը խեղճ
Հոլիկ է դառնում,
Պտտվում անվերջ:
Լվացք է անում,
Պատրաստում է ճաշ,
Իր խոսքով ասած՝
Լինում հալումաշ:
Լույսի պատճառով
Այնքա՜ն է հոգնում,
Ամբողջ գիշերը
Նա գործ է անում:
Երբ լույս չի լինում,
Ուրախ եմ անչափ,
Մայրս չի հոգնում,
Վառում է մի լամպ:
Պառկում է ինձ մոտ,
Լամպի լույսի տակ,
Նոր հեքիաթներ է
Պատմում շարունակ
Այնպե՜ս եմ ուզում,
Որ լույս չլինի,
Որ իմ մայրիկը
Երբեք չհոգնի:
Ո՞Վ ԱՐԹՆԱՑՐԵՑ
Երգ էր ասում մեկն ականջիս,
Այնպե՜ս անուշ, քաղցրիկ էր,
Այդ ո՞վ երգեց, ո՞վ օրորեց,
Հովի՞կն էր, թե՞ մայրիկը:
Քնած էի խաղաղ, մուշ-մուշ,
Դեմքիս՝ լուսնի մահիկը,
Այն ո՞վ ժպտաց ինձ երազում,
Լուսի՞նն էր, թե՞ մայրիկը:
Առավոտյան իմ այտերին
Մեղմիկ խաղաց շողիկը.
֊Ո՞վ համբուրեց, ո՞վ արթնացրեց,
Արև՞ն էր, թե՞ մայրիկը:
ՄԱՅՐԻԿՆ ԱՅՍՕՐ ՈՒՇԱՑԵԼ Է
Մայրիկն այսօր ուշացել է,
Չի հասել տուն,
Խառնվել ենք ես, հայրիկը,
Նույնիսկ կատուն:
Մայրիկն այսօր ուշացել է,
Չունենք ճաշ, հաց,
Քույրիկս էլ հարևանի
Տանը մնաց:
Մայրիկն այսօր ուշացել է,
Վա՜յ, կաթ չկա,
Մլավում է սոված կատուն
Թախտի վրա:
Ափսեները՝ ծորակի տակ,
Չենք լվացել,
Իսկ փոստարկղը, տե՛ս, լցվել է,
Դեռ չենք բացել:
Բայց ամենից կարևորը՝
ժպիտ չկա տանն այդ օրը:
Գլուխն ասես կորցրել է
Իմ հայրիկը.
-Շա՜տ ուշացավ, շա՜տ ուշացավ
Մեր մայրիկը:
Հեղինակ՝ Սուրեն Մուրադյան



