2014թ. սեպտեմբերի 22-ին ԱՄՆ ՄԶԳ-ն, Հայկական ակնաբուժության նախագիծը և Առողջապահության նախարարությունը բացեցին 13-րդ միջազգային ակնաբուժական համաժողովը: Երկօրյա համաժողովը մեկ հարկի տակ հավաքեց Հայաստանի, Միացյալ Նահանգների, Եվրոպայի և նախկին Խորհրդային Միության երկրների ակնաբուժության տարբեր ոլորտների անվանի փորձագետների՝ խթանելու ակնաբուժությանը վերաբերող տարբեր բնագավառներում տեղեկատվության և փորձի ակտիվ փոխանակմանը:
Համաժողովի առաջին օրը նշանավորվեց «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնի» (ՄԿԿԳԿ) պաշտոնական բացմամբ, որը ԱՄՆ ՄԶԳ-ի և ՀԱՆ-ի «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն» ծրագրի հիմնական բաղադրիչն է: ՄԿԿԳԿ-ի նպատակն է հիմնել և զարգացնել ակնաբուժական մասնագիտացված ներուժ՝ օժանդակելու Հայաստանում և տարածաշրջանում մանկական կուրության կանխարգելմանը:
Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի նորակառույց շենքում տեղակայված կենտրոնը երեխաներին սպառնացող կուրության հիվանդությունների ակնային վիրահատություններ իրականացնելու բնագավառի առաջամարտիկ է տարածաշրջանում: Բարձրորակ վերապատրաստում անցած հայ վիրաբույժների և ԱՄՆ բժիշկների շարունակական համագործակցության շնորհիվ կենտրոնը միտված է Հայաստանում և տարածաշրջանում կուրության կանխարգելման նպատակով բուժման և ծառայությունների մատուցման գերազանցության ապահովմանը:
Համաժողովի երկրորդ օրը նվիրված էր ՀԱՆ-ի գործունեությանը և հայ և ամերիկացի բժիշկների, հեղինակավոր մասնագետների և դոնորների բեղմնավոր համագործակցության շնորհիվ ակնաբուժության ոլորտում գրանցած հաջողություններին: Բանախոսները կարևորեցին ՀԱՆ-ի բժշկական կրթական ծրագրերը, ՀԱՆ-ի Աչքի շարժական հիվանդանոցի գործունեությունը, Երևանի ակնաբուժական հոսպիտալներում գործող մասնագիտացված կլինիկաները և այլ ձեռքբերումներ: Համաժողովի շրջանակներում ՀԱՆ-ն ներկայացրեց Orange Հիմնադրամի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի հետ համագործակցությամբ ստեղծված ակնաբուժության և նորածնային բժշկության օնլայն կրթական ռեսուրսները։
Համաժողովի շրջանակներոմ օտարերկրյա ակնաբույժներն այցելեցին կենտրոն, ծանոթացան Աչքի շարժական հիվանդանոցի աշխատանքին և այցելեցին Հայաստանում ակնաբուժական առաջատար կենտրոններից մեկը՝ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն: