Ծնելիության բարձրացման նպատակով այսուհետ 15 տ. աղջիկները կանցնեն նաեւ վահանաձեւ գեղձի, հորմոնների հետազոտություններ

 Առողջապահական գործոնով պայմանավորված՝ ծնելիության բարելավման նպատակով մշակվել է 2020-2023 թթ. միջոցառումների ծրագիր, որը հավանության է արժանացել կառավարության այսօրվա նիստում:

ՀՀ առողջապահության նախրարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանրապետությունում ժողովրդավարական իրավիճակի բարելավման նպատակով առողջապահության նախարարության ֆինանսավորումը 2020 թվականին կավելանա 1,9 մլրդ դրամով: Իսկ ինչ միջոցառումներ են նախատեսվում.

  • Ընդլայնվել են դեռահասների առողջության բարելավմանն ուղղված քայլերի շրջանակները: Նախատեսվում է 15 տարեկան բոլոր աղջիկներին՝ այժմ իրականացվող մանկաբույժի զննությանը և որովայնի ու փոքր կոնքի օրգանների գերձայնային հետազոտությանն ավելացնել նաև վահանաձև գեղձի գերձայնային հետազոտություն, ըստ ցուցումների՝ նաև հորմոնների հետազոտություններ: Արդյունքում ակնկալվում է վերարտադրողական ֆունկցիայի իրականացման փուլում առաջնային անպտղության և վերարտադրողական կորուստների նվազեցում՝ առնվազն 5 տոկոսով, ինչը վերարտադրողական խանգարումներ ունեցած և բուժման ենթարկվածների շրջանում վերարտադրողական տարիքում կապահովի հղիություն և հղիության բարեհաջող ելք՝ տարեկան շուրջ 150 ծնվող երեխա:
  • Բարելավելով հղիների նախածննդյան հսկողությունը՝ ընդլայնվել են իրականացվող սքրինինգների շրջանակները: Ավելացվել են հղիության վարման ընթացքում իրականացվող հետազոտությունների տեսակները և ծավալները՝ ներառելով ինքնաբեր վիժումների, վաղաժամ ծննդաբերության, պտղի զարգացման արատների և մեռելածնության, ինչպես նաև հետծննդյան շրջանի բարդությունների, մայրական մահացության հաճախակի պատճառ հանդիսացող բնածին և ձեռք բերովի տրոմբոֆիլիաների ախտորոշումը, ինչպես նաև նշանակալի պերինատալ վարակների հետազոտումը: Ակնկալվում է ախտաբանական այն վիճակների վաղ հայտնաբերում և հղիության պատշաճ վարում, որոնց բուժման արդյունքում կնվազեն վերարտադրողական կորուստները, այդ թվում՝ ինքնաբեր վիժումները, ներարգանդային մահվան դեպքերը, մեռելածնությունը, չզարգացող հղիությունները, մայրական և պերինատալ մահացությունը, պտղի բնածին զարգացման արատները: Կապահովվի առնվազն 300 հղիության բարեհաջող ելք՝ երեխայի ծննդով:  
  • Ընդլայնվել է անպտուղ ամուսնության բուժման և հաղթահարման ծրագրի շրջանակները: Ներկայումս յուրաքանչյուր 6-րդ 7-րդ ամուսնական զույգը Հայաստանում տառապում է անպտղությամբ և կարիք ունի նպատակային միջամտության: 2019 թ. պետական բյուջեով անպտուղ զույգերի բուժման և հաղթահարման ծրագրի ֆինանսավորման ավելացմամբ շահառուների թիվը կեռապատկվի. ակնկալվող արդյունքը՝ առնվազն 350 նորածնի ծնունդ:
  • Երիտասարդների վերարտադրողական ներուժը բարելավելու նպատակով աշխարհի զարգացած շատ երկրներում ձևավորված է առողջապահական մշակույթ՝ զույգերի մինչամուսնական հետազոտման և նախաբեղմնավորման խնամքի ծառայությունների տրամադրման առումով: Նախատեսվում է ներմուծել առողջության հավաստագիր նոր ամուսնացող զույգերի համար, որը կարող է տրվել նրանց ամուսնանալու դիմում ներկայացնելիս Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) գործակալությունում: Հավաստագրով ամուսնացող զույգը կստանա առողջ վերարտադրության ապահովման, մինչ հղիությունն անհրաժեշտ խորհրդատվությունների ու հետազոտությունների փաթեթ: Ակնկալվում է վերարտադրողական ֆունկցիաների գնահատում, ախտաբանական շեղումների վաղ հայտնաբերում և բուժում, անպտղության նվազեցում, ինքնաբեր վիժումների, մեռելածնության, վաղաժամ ծննդաբերությունների քանակի նվազեցում՝ մինչև 10 տոկոս: Արդյունքում առնվազն 250 երեխայի ծնունդ կունենանք: