Մանկապարտեզում երեխաների առցանց հերթագրումը mankapartez.yerevan.am կայքի նոր հնարավորությունն է, որը թույլ է տալիս ծնողներին տանից, աշխատավայրից կամ ցանկացած այլ վայրից առցանց հերթագրել երեխային Երևանի քաղաքապետարանի ցանկացած մանկապարտեզում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Ունենալով ցանկացած սարք, որով կարելի է մուտք գործել համացանց` հեռախոս, պլանշետ, թե համակարգիչ, մեր քաղաքացին ունենում է հնարավորություն գրանցելու երեխային մանկապարտեզում: Գործընթացը ձեզնից կարող է խլել 3-4 րոպե: Քաղաքային իշխանությունը սրանով ևս մեկ քայլ է անում՝ հեշտացնելու մեր քաղաքացիների առօրյան»,- ասել է քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:
Մանկապարտեզում հերթագրման առցանց դիմում ուղարկելու համար անհրաժեշտ է նախ գրանցվել կայքում` ներկայացնելով էլեկտրոնային հասցե և բջջային հեռախոս, որին ուղարկվելու է գրանցումը հաստատող կարճ հաղորդագրություն: Օգտագործելով Ձեր գաղտնաբառը՝ կարող եք արդեն որպես օգտատեր սկսել հերթագրումը:
«Առցանց հերթագրման համար անհրաժեշտ է մուտքագրել երեք տվյալ՝ երեխայի ծննդյան վկայականի հերթական համարն ու սերիան, տրման ամսաթիվը, նաև երեխայի ծննդյան ամիս-ամսաթիվը: Կատարվում է ստուգում, որից հետո անհրաժեշտ է ընտրել մանկապարտեզն ու կցել ծնողի անձնագրի, երեխայի ծննդյան վկայականի պատճենները և հաշվառումը վկայող փաստաթղթի պատճենները, որոնք կարելի է լուսանկարել հեռախոսով»,-ասել է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ ծրագրի ղեկավար Սոնա Մանուկյանը:
Երեխայի հերթի մասին տեղեկատվությունը կստանաք զանգի, էլեկտրոնային փոստի կամ ծրագրում ներառված մյուս գործիքների միջոցով:
Կայքում առցանց հերթագրման կարգը ներկայացված է տեսանյութում:



