Կառավարությունն այսօր հաստատեց չաշխատող կանանց՝ մայրության նպաստ ստանալու կարգը, համաձայն որի՝ հղիության և ծննդաբերության դեպքում անաշխատունակության թերթիկում, անկախ դրա տրման օրվանից, որպես ժամանակավոր անաշխատունակության սկիզբ, նշվում է հղիության 210-րդ օրը:
«Եթե քաղաքացին անաշխատունակության թերթիկ ստանալու համար դիմում է հղիության արձակուրդի իրավունք ձեռք բերելուց հետո, ապա քաղաքացուն հատկացվող անաշխատունակության թերթիկում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի սկիզբը մնում է անփոփոխ»,-ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նախարարն ընդգծեց, որ չեն համապատասխանում իրականությանը այն խոսակցությունները, թե մարտից են վճարելու նպաստները: Որոշումը ուժի մեջ կմտնի հունվարի մեկից:
Աղբյուրը՝ tert.am



