Պատվաստումներից հրաժարվելն առաջին անգամ ընդգրկվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած մարդկության համար տասը գլոբալ սպառնալիքների ամենամյա ցանկում:
ԱՀԿ-ն պարզաբանել է, որ իրավիճակի այսպիսի շարունակությունը կարող է չեզոքացնել համաճարակների դեմ երկարաժամկետ պայքարի արդյունքում գրանցած հաջողությունները:
Մասնավորապես արդեն նկատվում է կարմրուկի դեպքերի աճ, ինչը մեծապես պայմանավորված է պատվաստումների մերժմամբ:
Ըստ ԱՀԿ տվյալների՝ պատվաստումները տարեկան կարող են կանխել 2-3 միլիոն վաղաժամ մահեր:
Նշենք, որ մարդկության համար այլ գլոբալ սպառնալիքների ցանկում տեղ են գտել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են օդի աղտոտվածությունը, գրիպի նոր համաճարակը, նոր հակաբիոտիկների նկատմամբ դիմացկուն վիրուսների առաջացումը, զարգացող երկրներում թույլ բժշկական օգնությունը:



