ՀայՄեդիա.AM-ը շարունակում է անդրադառնալ երեխաների հոգեբանության առանձնահատկություններին հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանի հետ:
Այս անգամ զրուցել ենք ավագ, միջնեկ, փոքր և ընտանիքի միակ երեխաների հոգեբանական առանձնահատկությունների ու նրանց միջև եղած փոխհարաբերությունների մասին:
-Ինչպե՞ս է ազդում երեխայի հոգեբանական կերտվածքի վրա նրա առաջնեկ, միջնեկ կամ կրտսեր լինելու հանգամանքը:
-Այս թեմայի վերաբերյալ շատ հետազոտություններ են արվել սկսած Ալֆրեդ Ադլերից։ Պարզվում է, որ երեխաների հերթականությունն իսկապես որոշակի ազդեցություն ունի բնավորության ձևավորման գործընթացում: Իհարկե, շատ գործոններ են մարդու բնավորության, դիրքորոշումների, մտածելակերպի վրա ազդում, բայց նաև երեխաների ծննդյան հաջորդականությունն է իր դերը խաղում:
Առաջնեկները սովորաբար ավելի պատասխանատու են լինում, նրանք կարծես մի տեսակ ավելի ինքնավստահ են զգում իրենց: Հետազոտությունները ցույց են տվել, որ առաջնեկները սովորաբար ավելի ինտելեկտուալ են լինում: Միևնույն ժամանակ նրանք արդարության զգացում ունեն շատ բարձր: Ի դեպ՝ առաջնեկներն ու միակ երեխաները բնավորությամբ սովորաբար նման են լինում:
-Ինչո՞վ է դա պայմանավորված:
- Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ընտանիքում նրանք որոշակի դերով են հանդես գալիս: Օրինակ՝ առաջնեկը ծնողների համար մի յուրահատուկ հրաշք է, ծնողների ինքնահաստատման դրսևորումն է, նրանք հպարտանում են նրանով, ուշադրությունը միայն նրա վրա է կենտրոնացած, որովհետև ուրիշ երեխաներ չկան, և այս հանգամանքը նրանց մեջ դիրքորոշում է առաջ բերում, որ իրենք ունիկալ են, ծնողների հույսն են, նրանք պարտավորված են զգում ծնողների առաջ: Դրա համար էլ ծնողները ծերության շրջանում հաճախ հենց առաջնեկի մոտ են մնում:
Ի դեպ շատ հետաքրքիր հետազոտություն կա արված առաջներկների վերաբերյալ: Երկրների նախագահների մեջ առաջնեկների թիվը կրկնակի շատ է: Նրանք կարծես միշտ փորձում են արդարացնել ծնողների՝ իրենց վրա դրված հույսերը, ձգտում են առաջ գնալ, հաջողությունների հասնել:
-Ի՞նչ է կատարվում երկրորդ երեխայի ծնունդից հետո:
-Երբ ծնվում է երկրորդ երեխան, իրավիճակը փոխվում է, առաջնեկը կարծես գահընկեց է արվում: Շատ հաճախ խանդ է առաջանում, քանի որ ուշադրությունը կիսվում է երեխաների միջև կամ ուղղվում փոքրին, թշնամանք է առաջանում նոր ծնված երեխայի նկատմամբ: Ճիշտ դաստիարակության դեպքում, երբ երեխային նախապատրաստում են, ասում են, որ դու փոքրիկ եղբայր կամ քույրիկ ես ունենալու, նրա վրա պատասխանատվություն են դնում, որ նա պիտի իր ապերկի կամ քույրիկի մասին հոգ տանի ու տեր կանգնի նրան, հաճախ իրավիճակը մեղմում է, և երեխաները մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում իրենց փոքր եղբայր-քույրերին, շատ են սիրում նրանց, խաղում են նրանց հետ, զբաղեցնում:
Բոլոր դեպքերում, երկրորդ երեխայի հայտնվելուց հետո իրավիճակը փոխվում է: Նոր երեխայի ծնունդից հետո, ծնողները հաճախ առաջնեկի մեջ փոքրի հանդեպ պատասխանատվության զգացում են ներշնչում, իսկ փոքրն իր հերթին ավագին ընկալում է որպես իր ղեկավար, որին նա պետք է լսի, ենթարկվի, առաջնեկն էլ իր հերթին ընդունում է այդ դերը, ու սա էլ է դեր խաղում, որպեսզի առաջնեկը ձգտի իշխող դիրքի, պատասխանատվություն դրսևորի:
Միջնեկները կարծես միջանկյալ դիրք են գրավում:
Ի դեպ՝ միջնեկների մեջ շատ են հանդիպում գործարար մարդիկ: Նրանք փոքրի համար մեծ են ու այստեղ որոշակի պատասխանատվության կա, իսկ մեծի համար փոքր են՝ ենթարկվում են ինչ-որ տեղ:
-Խոսենք ընտանիքի ամենափոքր երեխայի մասին: Բազմաթիվ ընտանիքներում փոքրին վերաբերվում են որպես արտոնյալ երեխայի:
-Փոքրերի մեջ պատասխանատվության զգացումը սովորաբար ավելի ցածր է լինում, բայց միևնույն ժամանակ նրանք կարողանում են մանիպուլյացիայի ենթարկել ծնողներին:
Մանիպուլյացիա ասելով պետք չէ հասկանալ, որ նրանք ինչ-որ վատ արարքներ են անում, չնայած դա էլ է հնարավոր: Ծնողների սիրուն, ուշադրությանը, վստահությանն արժանանալու համար նրանք աշխատող հնարներ են բանեցնում, սովորում են հարմարվել կյանքի տարբեր իրավիճակներին, այնպես անել, որպեսզի իրենց վրա չբարկանան, որ արժանանան գովեստների, իրենց վրա կենտրոնացնեն ուշադրությունը, հաջողությամբ լուծեն իրենց հարցերը:
Սովորաբար ծնողները նրանց ավելի շատ են երես տալիս։
Սովորաբար այս երեխաները բավական օպտիմիստ են, կենսախինդ, որքան էլ տարօրինակ թվա ինքնուրույն են, չնայած պատասխանատվությունից խուսափում են: Սիրում են ուրիշի հաշվին ապրել, բայց նաև ռիսկի դիմել, իմպուլսիվ են, բավականին շփվող են, պրակտիկ են: Մրցակցային հոգին բավական բարձր է:
-Ինչպիսի՞ն են լինում միակ երեխաները:
-Որոշակի խնդիրներ կան միակ երեխայի պարագայում: Ընտանիքում նա և’ առաջնեկն է, և’ վերջինն է։ Նրանց ամենաբնորոշ հատկանիշներն են էգոցենտրիզմը՝ եսակենտրոնությունը և էգոիզմը: Հետազոտությունները ցույց են տվել, որ նրանք արդարության բավական բարձր զգացողություն ունեն, չարի ու բարու համար պայքարողների մեջ միակ երեխաները հաճախ են հանդիպում:
Միակները հաջողությունների հասնելու բարձր մոտիվացիա ունեն:
Նրանք կարողանում են շրջապատի մարդկանց լավ հասկանալ, արժանապատվությունն է բարձր, բայց նաև մենակյաց են: Եթե երեխայի շրջապատում այլ երեխաներ չեն լինում, նրանք սովորում են մենակյացությանը:
Թերևս այդ է պատճառը, որ առաջնեկների ու միակ երեխաների մեջ ինտելեկտը հաճախ բարձր է լինում՝ մենակ մնալու պարագայում մարդն ավելի հաճախ է մտավոր ակտիվություն դրսևորում: Նրանք դժվարությամբ են նոր ծանոթություններ հաստատում, միջավայրում կաշկանդված են լինում:
Հայկանուշ Ալոյան
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում