Եթե կա առողջությունը պահպանելու հեշտ միջոց, ապա դա հեռուստացույցն անջատելն է, գրում է The Daily Express-ը։
Պարբերականը հիմնվում է բազմաթիվ հետազոտությունների վրա, համաձայն որոնց՝ հեռուստացույցի հասցրած վնասը կարելի է համեմատել ծխելու կամ ճարպակալման վնասի հետ, գրում է Газета-ն։
Մասնավորապես՝ Գլազգոյի համալսարանի (Շոտլանդիա) տվյալներով, այն երեխաները, ովքեր հեռուստացույց են դիտում օրական ավելի քան 2 ժամ, ավելի հակված են ասթմային, քան նրանց այլ հասակակիցներ։ Ինչպես բացատրում են փորձագետները,
«Եթե նույնիսկ երեխաներն ամեն օր զբաղվում են ֆիզիկական վարժություններով, ապա հեռուստացույցի, համակարգչային խաղերի առաջ երկար ժամեր անցկացնելը մեծացնում է մեծ տարիքում քաղցկեղի առաջացումը»,- պարբերականը մեջբերում է World Cancer Research Fund-ի զգուշացումը։
Ինչ վերաբերվում է մեծահասակներին, ապա շատերն իրենց քնի գրաֆիկը հարմարեցնում են հեռուստատեսային հաղորդումների հետ, ոչ թե այլ կենսաբանական գործոնների։ Այդ մասին հայտնում են Փենսիլվանիայի (ԱՄՆ) համալսարանի գիտնականները։
Արդյունքում շատ ակտիվ հեռուստադիտողներն ուշ են պառկում քնելու և քիչ են քնում, քան անհրաժեշտ է օրգանիզմին։ Փորձագետները հիշեցնում են, որ եթե քունը 7-8 ժամից քիչ է, ապա մարդու մոտ զարգանում է ճարպակալում և մեծանում է հիվանդությունների թիվը։
Եվ վերջապես, պարբերականը մեջբերում է Ամերիկյան բժշկական ասոցիացիայի ամսագրում հրապարակված հետազոտությունը, համաձայն որի՝ հեռուստացույցի առաջ օրական 2-3 ժամից ավելի նստելը սպառնում է սրտային հիվանդությունների, շաքարախտի առաջացմանը և կարող է հանգեցնել վաղաժամ մահվան։



