Երեխայի իմունային համակարգի զարգացմանն առաջին հերթին նպաստում է բազմազան ու հավասարակշռված սննդակարգը, ոչ թե որևէ «հրաշք» մթերք։
Միրգը, բանջարեղենը, հացահատիկը, լոբազգիները, ձուն, միսը, ձուկը և կաթնամթերքը երեխային ապահովում են աճի և զարգացման համար անհրաժեշտ սննդանյութերով։
Ի՞նչ ներառել երեխայի սննդակարգում
Միրգ և բանջարեղեն
Փորձեք ամեն օր առաջարկել տարբեր գույնի և տեսակի միրգ ու բանջարեղեն։ Դրանք վիտամինների, հանքանյութերի և բջջանյութի կարևոր աղբյուր են։ Ավելի լավ է երեխային տալ ամբողջական միրգ, ոչ թե քամած հյութը։
Հացահատիկ և լոբազգիներ
Վարսակը, հնդկաձավարը, ամբողջական հացահատիկը, ոսպը, լոբին և սիսեռն ապահովում են էներգիա, բջջանյութ և մի շարք կարևոր սննդանյութեր։
Սպիտակուցով հարուստ մթերք
Ձուն, միսը, ձուկը, թռչնամիսը, լոբազգիներն ու այլ սպիտակուցային մթերքներ կարևոր են երեխայի աճի և զարգացման համար։ Բազմազան սննդակարգը նաև օգնում է ստանալ անհրաժեշտ երկաթ, ցինկ և այլ միկրոտարրեր։
Կաթ և կաթնամթերք
Կաթը, մածունը և կաթնամթերքի մյուս տեսակները երեխայի սննդակարգի կարևոր բաղկացուցիչ են։ Ապահովում են սպիտակուց ու կալցիում։ Կարևոր է ընտրել երեխայի տարիքին համապատասխան տարբերակներ և խուսափել ավելացված շաքարով արտադրանքից։
Իսկ վիտամիննե՞րը
Եթե երեխան բազմազան է սնվում և առողջ է, սովորաբար լրացուցիչ վիտամինների կամ հանքանյութերի կարիք չունի։ Հավելումները կարող են անհրաժեշտ լինել, եթե սննդակարգը շատ սահմանափակ է, որևէ սննդանյութ պակասում է կամ երեխայի առողջական վիճակը բավարար չէ։ Ուստի վիտամինային հավելումները պարզապես «իմունիտետը բարձրացնելու» նպատակով երեխային տալ խորհուրդ չի տրվում։ Որոշ վիտամինների չափից մեծ քանակը կարող է նույնիսկ վնասակար լինել։
Միայն սնունդը չէ, որ կարևոր է
Երեխայի առողջ իմունային համակարգին նպաստում են ոչ միայն սննդակարգը, այլև բավարար քունը, ֆիզիկական ակտիվությունը և պատվաստումները։
Առողջ սնունդն ու քունը օգնում են օրգանիզմին բնականոն գործել, իսկ պատվաստումները իմունային համակարգին սովորեցնում են ճանաչել և պայքարել կոնկրետ վարակների դեմ։
Կարևոր է․ չկա որևէ մթերք, որը կարող է երաշխավորել, որ երեխան չի հիվանդանա։ Պարզապես երեխային պետք է ապահովել բազմազան և լիարժեք սննդով, որպեսզի օրգանիզմը ստանա անհրաժեշտ սննդանյութերը և կարողանա բնականոն գործել։
Աղբյուրներ` Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոններ



