Երեխայի կոկորդը ցավո՞ւմ է․ ինչ անել և ինչ չանել տանը

Երեխայի կոկորդի ցավը հաճախ ուղեկցում է մրսածությանը և այլ վիրուսային վարակներին։ Շատ դեպքերում այն հատուկ բուժում չի պահանջում և անցնում է մի քանի օրվա ընթացքում։ Սակայն ծնողի համար կարևոր է իմանալ՝ ինչպես թեթևացնել երեխայի անհարմարությունը և որ դեպքերում է անհրաժեշտ դիմել բժշկի։

Ինչ կարող եք անել տանը

Հեղուկներ՝ առաջին հերթին․ հաճախակի առաջարկեք երեխային հեղուկ՝ ջուր, գոլ ըմպելիք կամ արգանակ։ Բավարար հեղուկն օգնում է կանխել ջրազրկումը և կարող է թեթևացնել կոկորդի չորությունն ու գրգռվածությունը։

Մեղր՝ միայն 1 տարեկանից հետո

Եթե երեխան 1 տարեկանից մեծ է, փոքր քանակությամբ մեղրը կարող է օգնել մեղմել հազը և կոկորդի գրգռվածությունը։

Մինչև 1 տարեկան երեխաներին մեղր տալ չի կարելի, քանի որ այն կարող է առաջացնել մանկական բոտուլիզմ։

Եթե երեխան նախկինում մեղրից ալերգիկ ռեակցիա է ունեցել, այն, բնականաբար, պետք է բացառել։

Աղաջրով ողողում

Ավելի մեծ երեխաները, որոնք կարողանում են անվտանգ ողողել և լուծույթը կուլ չեն տալիս, կարող են ողողել գոլ աղաջրով։ Փոքր երեխային, որը դեռ չի կարողանում դա անել, ողողել ստիպել պետք չէ։

Ցավի կամ ջերմության դեպքում

Եթե կոկորդի ցավը կամ ջերմությունը երեխային անհանգստացնում է, կարելի է օգտագործել տարիքին և քաշին համապատասխան պարացետամոլ կամ իբուպրոֆեն՝ դեղի ցուցումների համաձայն կամ մանկաբույժի խորհրդով։

Ասպիրին երեխաներին չի տրվում։

Ինչը խորհուրդ չի տրվում

Կոկորդի ցավի դեպքում երեխայի պարանոցը հատուկ տաքացնելու, յոդով «ցանց» նկարելու կամ սպիրտային, սոդայով և այլ տնային կոմպրեսներ կիրառելու անհրաժեշտություն չկա։

Տաք գոլորշիով ինհալացիան նույնպես խորհուրդ չի տրվում։ Այն չի ապացուցվել որպես արդյունավետ միջոց մրսածության կամ կոկորդի ցավի բուժման համար, իսկ տաք ջրով կամ գոլորշիով երեխան կարող է լուրջ այրվածք ստանալ։

Կոկորդի ցավի դեպքում ինքնուրույն հակաբիոտիկ սկսել նույնպես չի կարելի։ Հակաբիոտիկները չեն օգնում վիրուսային վարակների դեպքում և օգտագործվում են որոշ բակտերիալ վարակների, օրինակ՝ հաստատված ստրեպտոկոկային վարակի ժամանակ՝ բժշկի նշանակմամբ։

Ե՞րբ դիմել բժշկի

Անհապաղ բժշկական օգնություն է անհրաժեշտ, եթե երեխան՝

  • դժվարությամբ է շնչում,
  • չի կարողանում կուլ տալ կամ շատ է թքահոսում,
  • չի կարողանում բավարար հեղուկ խմել,
  • ունի ջրազրկման նշաններ,
  • շատ թույլ կամ անսովոր քնկոտ է,
  • ունի արագ զարգացող կամ ծանրացող ախտանշաններ։

Բժշկի հետ խորհրդակցեք նաև, եթե կոկորդի ցավը ուժեղ է, չի լավանում մի քանի օրվա ընթացքում, կամ երեխայի վիճակը վատանում է։

Կարո՞ղ է պատճառը ստրեպտոկոկային վարակը լինել

Կոկորդի ցավը միշտ չէ, որ պարզապես մրսածության հետևանք է։ Եթե ցավը հանկարծակի է սկսվել, երեխան ունի ջերմություն, կուլ տալիս ցավ է զգում, նշագեղձերը կարմրած են կամ ունեն սպիտակ փառ, պարանոցի ավշային հանգույցները ցավոտ են, իսկ հազ և քթահոսություն չկան, բժիշկը կարող է կասկածել ստրեպտոկոկային վարակ։

Այս դեպքում կարող է անհրաժեշտ լինել արագ ստրեպտոկոկային թեստ կամ կոկորդի քսուք հանձնել։ Հակաբիոտիկ նշանակվում է բժշկական գնահատումից հետո։

 

Աղբյուրը՝ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոններ, Ամերիկյան մանկաբուժության ակադեմիա, Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայություն