Հայաստանը կորոնավիրուսն ախտորոշող թեստեր ձեռք կբերի

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հայտնել է, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջգերատեսչական հանձնաժողովն առաջին նիստն է անցկացրել:

«Քննարկվել է Չինաստանի քաղաքացիների մուտքի սահմանափակման հարցը, ինչի վերաբերյալ առաջիկա երկու օրվա ընթացքում որոշում կկայացվի: Սա ենթադրում է նաեւ միջազգային պարտավորությունների շրջանակում փոփոխություններ, ինչի վերաբերյալ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ հանդես կգա»,- ասել է Արսեն Թորոսյանը:

Նախարարը շեշտել է, որ հիվանդության ախտորոշիչ թեստերի հետ կապված խնդիր ունեն բոլոր երկրները, այդ թվում՝ Հայաստանը.

«Քանի որ հիվանդությունը նոր է, այդ թեստերը նոր են մշակվում: Առավոտյան պայմանավորվածություն ենք ձեռք բերել չինական արտադրողի հետ՝ թեստեր ձեռք բերելու համար, որոնք Չինաստանում ՀՀ դեսպանատունը կուղարկի Հայաստան»:

Արսեն Թորոսյանի խոսքով՝ այդ թեստերը կիրառվում են միայն կլինիկական ախտանիշների ի հայտ գալու դեպքում:

«Մինչ օրս Չինաստանից Հայաստան եկած՝ ջերմություն, փռշտոց, հազ ունեցող թե՛ մեր քաղաքացիների, թե՛ Չինաստանի քաղաքացիների մոտ կորոնավիրուսին բնորոշ կլինիկական ախտանիշներ չի եղել: Հետեւաբար, 99,9% հավանականությամբ կարող ենք ասել, որ այս պահին որեւէ դեպք չունենք Հայաստանում»,- հավելել է նախարարը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի տարածումը հռչակել է համաշխարհային առողջապահական արտակարգ իրավիճակ, քանի որ այն մարդուց մարդ սկսել է փոխանցվել նաեւ Չինաստանից դուրս: