Մարտի 9-ից դասերը կվերսկսվեն. Ա. Հարությունյան

Այսօր կառավարության հերթական նիստին՝ մինչ օրակարգին անցնելը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց՝ ինչ իրավիճակ ունենք կորոնավիրուսի դեմ տարվող պայքարում:

Արսեն Թորոսյանն ասաց, որ բոլոր միջոցառումները շարունակում է իրականացվել: «Ունենք մեկ հաստատված դեպք, որը գտնվում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում և 31 քաղաքացիներ, որոնք հատուկ մեկուսացված պայմաններում գտնվում են Ծաղկաձորում: Բոլորի ինքնազգացողությունը և առողջությունը լավ է, որևէ գանգատ չունի որևէ մեկը այդ թվում հաստատված պացիենտը: Երեկ հետազոտել ենք նրա կնոջը, որի մոտ հերքվել է  հիվանդության առկայությունը: Այսինքն՝ ինքը համարվելով վարակիչ հիվանդանոց, մեր սեփական փորձով տեսնում ենք, որ շատ վարակիչ չէ»,-ասաց նա և նշեց, որ 162 նմուշ է մինչ օրս կատարվել, միայն մեկն է հաստատվել, ամեն օր կատարվում է նմուշառուներ, ամեն ինչ վերահսկելի է և հանրապետությունը կարող է իր բնականոն կյանքով ապրել:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն էլ ասաց, որ ամենօրյա կապի մեջ են ՀՀ առողջապահության նախարարության հետ: Նա նշեց, որ հատուկ ցուցումներ չունենք դասերը չշարունակելու համար, եթե այսպես շարունակվի, երկուշաբթի օրվանից դասերն արդեն կսկսեն: