Արժի՞, որ հղի կանայք պատվաստվեն կորոնավիրուսի դեմ. News.am

ԱՄՆ-ում արդեն մոտ 160 000, իսկ Մեծ Բրիտանիայում արդեն մոտ 100 000 հղի կին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, եւ որեւէ վտանգ կամ բացասական ազդեցություն նրանց մոտ չի գրանցվել:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայկական վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ, Առողջապահության ազգային ինստիտուտի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ Էդուարդ Համբարձումյանը: 

Այդ կանայք պատվաստվել էին հղիության տարբեր ժամկետներում, նրանցից շատերն արդեն ծննդաբերեն են, իսկ վատ ելքերի մասին ինֆորմացիա չկա: Այդ իսկ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս կանանց պատվաստվել նույնիսկ հղիության ժամանակ՝ COVID-19-ի պատճառով առաջացող բարդություններից խուսափելու համար:

«Մենք հորդորում ենք, որ Հայաստանում էլ բոլոր հղի կանայք փորձեն պատվաստվել, որովհետեւ դրանով կփրկեն իրենց կյանքերը եւ առողջությունը եւ իրենց բալիկների առողջությունը», - ասաց մասնագետը:

Երեւանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Վարդանյանի խոսքով՝ նրա մոտ հաշվառված հղիներից միայն մեկն է այս պահի դրությամբ պատվաստված: Նա պատվաստվել է հղիության 22-23 շաբաթից հետո, երբ պտղի ներքին օրգանների զարգացումն արդեն ավարտված էր:

Մասնագետի խոսքով՝ գնահատելով բոլոր հնարավոր ռիսկերն ու օգուտները՝ հղիներին, այնուամենայնիվ, խորհուրդ է տրվում պատվաստվել:

Ինչպես իր հերթին նշեց ՀՀ առողջապահության նախարարության մանկաբարձության և գինեկելոգիայի գծով խորհրդատու Վրույր Գրիգորյանը, պատվաստումը վարակից պաշտպանում է թե՛ հղի կնոջը, թե՛ նրա երեխային, որին եւս փոխանցվում են պաշտպանիչ հակամարմինները: Եթե նախկինում միայն քրոնիկ հիվանդություններ ունեցող հղի կանանց էր խորհուրդ տրվում պատվաստվել, ապա հիմա՝ բոլորին:

 

Աղբյուրը՝ news.am