Պլանային ստուգման ժամանակ 31-ամյա կինը հայտնաբերել էր, որ ունի կրծքագեղձի քաղցկեղ: Նա, անցնելով երկարատև վիրահատական ու բուժման կուրս, կարողանում է հաղթահարել հիվանդությունը:
Դժվարին շրջանն անցնելուց հետո ամուսնու հետ որոշում է գնալ ռիսկի և բալիկ ունենալ։ Դիմելով «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ֊գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանին՝ զույգը որոշում է կայացնում արտամարմնային բեղմնավորմամբ բալիկ ունենալ «Մարդու վերարտադրողական առողջության կենտրոնի» գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Մարգարիտա Գրիգորյանի օգնությամբ: Գրիգորյանի խոսքով՝ կնոջ՝ արտամարմնային բեղմնավորմամբ հղիանալու հավանականությունը 7% էր ու լի ռիսկերով, բայց, այնուամենայնիվ, ցանկացել են փորձել: Շատ կարևոր հանգամանք է այն, որ կնոջը հակացուցված են եղել հորմոնալ խթանիչները: Տվյալ փաստը հաշվի առնելով՝ արտամարմնային բեղմնավորումը կատարվել է բնական ցիկլով: ԱՄԲ առաջին փորձից գրանցվել է երկար սպասված հղիությունը: Հղիության ողջ ընթացքում կինը գտնվել է Շուշանիկ Բախշյանի հսկողության ներքո: Հղիության հասուն փուլում իրականացվել է կեսարյան հատում, ծնվել է Ելենան: