Վարակիչ որոշ հիվանդությունների, այդ թվում նաև կորոնավիրուսի կանխարգելման գործում մասնագետների գլխավոր հորդորն է հետևել հիգիենայի կանոններին: Մասնավորապես, խորհուրդ է տրվում օրվա ընթացքում հաճախակի լվանալ ձեռքերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, մասնագետները հիշեցնում են, որ ձեռքերը լվանալը վտանգավոր հիվանդությունների կանխարգելման ամենամատչելի տարբերակն է:
Կարևոր է համարվում ձեռքերը ճիշտ լվանալը, հատկապես անհրաժեշտ է մշտապես կիրառել օճառ, այն տրորել այնքան, մինչև փրփրի, ուղղահայց շարժումներով մաքրել մատների արանքում ընկած տարածությունը, օղակաձև շարժումներով՝ մատների ծայրերը: Այդ ամենը պետք է շարունակել նվազագաույնը 15 վայրկյան: Օճառից պետք է ազատվել հոսող ջրի օգնությամբ, իսկ ձեռքերը ցանկալի է չորացնել թղթե անձեռոցիկով:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, 50 տոկոսով հնարավոր է կանխարգելել ներհիվանդանոցային վարակները, եթե բժշկական անձնակազմը կարողանա պահպանել ձեռքերի հիգիենայի կանոնները, ձեռքերը լվանա միջազգային մոտեցումների համաձայն:
Առողջապահության նախարարությունը հորդորում է խուսափել գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից: Եթե հիվանդ եք, ապա մնացեք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը: Եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի զբաղվեք ինքնաբուժմամբ, մի օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար:



