Ուսումնական հաստատություններում այս տարի ավարտական և փոխադրող քննություններ տեղի չեն ունենա, իսկ դիմորդները կհանձնեն ընդամենը մեկ քննություն․ Արայիկ Հարությունյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի ուղիղ եթերում հայտնեց, որ այս տարի դպրոցներում փոխադրման և ավարտական քննություններ չեն անցկացվի:

«Որոշում է կայացվել դպրոցներում չանցկացնել 4-րդ և 9-րդ դասարանների փոխադրման քննությունները, ինչպես նաև 12-րդ դասարանի ավարտական քննությունները: Բոլոր առարկաների տարեվերջյան գնահատականները կամփոփվեն առաջին կիսամյակի ամփոփիչ և երկրորդ կիսամյակի էլեկտրոնային գնահատականների հիման վրա»,-նշեց նա:

Նախարարի խոսքով՝ հաշվի առնելով, որ 12-րդ դասարանի որոշ աշակերտներ ավարտական քննությունները հանձնել են անցյալ տարեվերջին, նրանց հնարավորություն է տրվում պահպանել քննական արդյունքը կամ ընտրել տարեվերջի գնահատականը՝ որպես քննական գնահատական ատեստատում։

Նախարար Հարությունյանը նաև հայտնեց, որ դիմորդները կհանձնեն ընդամենը մեկ քննություն։