Առաքելոց վանք

Առաքելոց վանքն ու գյուղատեղին գտնվում են ՀՀ Տավուշի մարզի Կիրանց (Գետաշեն) (նախկին Կունեն) գյուղից մոտավորապես 3 կմ դեպի արևմուտք, Կունեն գետի երկու կողմերում:

Առաքելոց գյուղատեղը եղել է շատ հին ավան, բայց աճել է 9-13-րդ դարերում` Բագրատունիների ու Զաքարյանների շրջանում, և ավերվել թուրք-պարսկական պատերազմների ժամանակ:

Առաքելոց վանքը տեղադրված է այս գյուղատեղի համարյա կենտրոնում` մի բարձունքի վրա; Այն բաղկացած է երկու եկեղեցուց, գավթից, բնակելի ու կոմունալ շենքերից, որոնք պատկանում են 12-14-րդ դարերին և մեծ մասամբ կանգուն վիճակում են գտնվում: Շենքերի ամբողջ խումբը շրջապատված է բարձր բրգավոր ու հաստ պարիսպներով: Դեպի վանքի բակը տանող գլխավոր դարպասը գտնվում է պարիսպների հարավ-արևելյան անկյան մոտ: Արևմտյան կողմից կա ևս մեկ, ավելի փոքր մուտք:

Առաքելոց վանքի առավել հետաքրքիր հուշարձաններն են գլխավոր եկեղեցին և սրա արևմտյան կողմից կառուցված ժամատունը:

Գլխավոր եկեղեցին տեղադրված է բարձունքի հյուսիսային եզրին ու նրա հյուսիսային պատը միևնույն ժամանակ պարսպի մի մասն է կազմում: Այն ուղղանկյուն հատակագծով գմբեթավոր սրահ է: Գմբեթը հանգչում է երկու երկայնական պատերին կից որմնամույթերն իրար միացնող չորս կամարների վրա: Միակ դուռը բացվում է արևմուտքից` ժամատնից: Եկեղեցին կառուցված է կանաչավուն քարերից: Դրսի պատերը սրբատաշ են, ներսինը` կոպտատաշ, քանի որ սվաղված են եղել կրաշաղախով: Վերջինիս վրա տեղ-տեղ պահպանվել են որմնանկարների մնացորդներ:

Ժամատունը կամ գավիթը Առաքելոց վանքի առավել կարևոր և միջնադարյան հայ ճարտարապետության ուշագրավ հուշարձաններից մեկն է: Դատելով գավթի դռան վրա եղած և 1245 թ. վերաբերող արձանագրությունից հուշարձանը վերաբերում է 13-րդ դարին: Քառանկյուն այս ժամատան ծածկը իրականացված է երկու զույգ փոխադարձաբար խաչաձևվող կամարների վրա: Մի ծայրում սրանց համար հենարան են ծառայում որմնապատերը, իսկ մյուս ծայրում` գեղեցիկ ձև ունեցող և խնամքով տաշված պատուհանները: Առավել հետաքրքիրը ծածկի այն մասն է, որ սկսվում է չորս կամարներն իրար հետ հատվելուց առաջացած քառակուսու վրա: Անցումը դեպի երդիկի բացվածքը իրականացված է միմյանց վրա շեղակի շարված քարե հեծանների օգնությամբ, ճիշտ այնպես, ինչպես կառուցված էր գլխատան «Հազարաշեն» կոչվող փայտագմբեթ ծածկը: Գավթի մյուս դուռը բացվում է դեպի հարավ: Այս կողմից եղել է մի զանգակատուն, որի պատերի ստորին մասն է միայն մնացել:

Գավթի դռան քարի վրա կա արձանագրություն, որում ասվում է. «1245 թվին Բարերար աստծո կամքով և ողորմածությամբ Աթաբեկ և ամիրսպասալար Խութլու Փուղի, ես Գրիգոր, թոռն Խաչենանց միաբանեցա սուրբ Առաքելոյս իմ հալալ արդյունքով…»:

Մյուս եկեղեցին գտնվում է բլրի հարավային մասում: Այն փոքր միանավ բազիլիկ է, թաղածածկ, երկթեք կտուրով:

Գլխավոր եկեղեցու հարավային պատի տակ կանգնեցված է Սբ. Կարապետ կոչվող խաչքարը: Այն կարմրավուն տուֆից է: Խաչքարն ուշագրավ է իր բարդ հորինվածքի զարդաքանդակներով ու բարձրաքանդակներով:

Պարիսպներով շրջապատված տարածության վրա կան վանքապատկան օժանդակ շինությունների մնացորդներ:

Գրականություն`
Էլլարյան Ի. Բ., Աղստևի հովտի բնությունը և պատմական հուշարձանները, Ե., «Հայաստան», 1968
http://www.armcamping.com