Տաթևի վանք

Տաթևի վանքը, որը մատենագրական աղբյուրներում հանդիպում է նաև Ս. Եվստաթեոս առաքյալի ուխտ անունով, գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Տաթև գյուղի հարավում, Որոտան գետի վտակի անդնդախոր ձորի աջափնյա եզերքին:

Ավանդության համաձայն՝ վանքը կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունով: Ըստ Ստեփանոս Օրբելյանի, Տաթևի վանքի առաջին եկեղեցին կառուցվել է IV դ., ունեցել անշուք տեսք, սակավաթիվ ճգնավոր միաբաններ: VIII դ. վերջին եղել է Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը: Այստեղ են բերել Քրիստոսի խաչափայտի մասունքով արծաթե հսկա (մարդաչափ) «Բաբկենյան խաչը» (պատրաստել էր Բաբիկ իշխանի որդի Վասակը), Բյուզանդիայից` «Աստվածամուխ սուրբ Նշանը», ս. Հովհաննեսի, ս. Ստեփանոս Նախավկայի, տասնմեկ առաքյալների, ս. Գրիգոր Ա Լուսավորչի, սուրբ Հռիփսիմեի մասունքները, Աստվածածնի մազերը:

 

Տաթևի վանքի տարածքը IX դ. արդեն չի բավարարել Սյունյաց աթոռի պահանջները: 839-ին Դավիթ եպիսկոպոսը Սյունյաց Փիլիպե իշխանից գնել է վանքի շրջակայքի Արծիվ կոչված տարածքը: 844-ին նա նույն իշխանից նվեր է ընդունել Տաթև գյուղը, որտեղ և հիմնադրել է հետագայում մեծ հռչակ ստացած վանքը: 848-ին իշխան Փիլիպեն կառուցել է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Սյունյաց Աշոտ իշխանի պատվերով Հովհաննես եպիսկոպոսը ձեռնարկել է հայկական ամենախոշոր եկեղեցիներից մեկի` Ս. Պողոս-Պետրոս տաճարի կառուցումը, ինչին օժանդակել են Սյունյաց իշխանները, հատկապես տիկին Շուշանը իր ամուսնու՝ գահերեց իշխան Աշոտի հետ: Տաճարի հիմքը դրվել է 895-ին, շինարարությունն ավարտվել է 906-ին: Սրբատաշ բազալտից կառուցված տաճարի գմբեթը հենվում է երկու խոշոր մույթերի և արևմտյան ավանդատների անկյունների վրա: Մույթերը խորհրդանշում են Պողոս և Պետրոս առաքյալներին, որոնց մասունքները դրվել են մույթերի հիմքերում և անկյուններում: Տաճարի օծմանը ներկա են եղել Հայոց Սմբատ Ա Բագրատունի թագավորը, Գագիկ Արծրունի իշխանը (հետագայում` Վասպուրականի Գագիկ Ա թագավոր), Հայոց կաթողիկոս Հավհաննես Ե Դրասխանակերտցին, Աղվանից Սիմոն Բ կաթողիկոսը, Սյունիքի աշխարհի բոլոր իշխաններն ու եպիսկոպոսները: Օծման առթիվ ներկա գտնվողները Տաթևի վանքին գյուղեր ու կալվածքներ են նվիրել Բաղք, Ծղուկ, Հաբանդ, Գեղարքունիք, Արևիք գավառներում: Հովհաննես եպիսկոպոսը Ս. Պողոս-Պետրոս տաճարի կառուցումը նշանավորել է նրա հարավային մուտքի դիմաց Ս. Երրորդությանը նվիրված հուշասյուն կանգնեցնելով (կոչվել է «Գավազան»), որը շարնիրային սկզբունքով իրականացված հիմքի շնորհիվ ճոճվել է: Տաթևի վանքը պարսպապաստվել է, թեք տեղանքը՝ բարձր հենապատերի միջոցով հարթվել, կառուցվել են թաքստոցներ, նկուղներ, դեպի բակը գնացող խցեր, սեղանատուն, արհեստանոցներ, մթերանոցներ, գրատուն, տաճարի առջև` գավիթ (որպես աղոթատեղի) և Սյունյաց իշխանների տապանատուն: IX դ. Տաթևի վանքը Հայաստանի ամենախոշոր ու ամենանշանավոր վանքն էր. ունեցել է շուրջ 500 միաբան, վարդապետարան: Վանքում աշխատել, ստեղծագործել են փիլիսոփաներ, երաժիշտներ, մանրանկարիչներ, գրիչներ:

918-ին Հովհաննես եպիսկոպոսը վախճանվել է (թաղվել է Տաթևի վանքի բակում), և Հովհաննես Ե Դրասխանակերտցին Սյունյաց եպիսկոպոս է նշանակել Հակոբ Դվինեցուն, որը շարունակել է Տաթևի վանքի կալվածքների ընդլայնման գործը: Հակոբ եպիսկոպոսը 932-ին գնել է Վարարակ գետի ջուրը, կառուցել երկար ջրանցք` մինչև վանքի մոտ գտնվող Ցաքուտ ամայի վայրը, և այն մատչելի դարձրել:

Տնտեսապես հզորանալով` Տաթևի եպիսկոպոսությունը 940-950-ին փորձել է անկախանալ Հայոց հայրապետական աթոռից: Ի պատասխան Հակոբ եպիսկոպոսի անջատողական գործողությունների` Հայոց կաթողիկոս Անանիա Ա Մոկացին բանադրել է նրան: Օգտվելով դրանից ` Գեղարքունիքի, Երնջակի, Գողթնի հոգևոր առաջնորդները հրաժարվել են ճանաչել Տաթևի վանքի գերագահությունը և հիմնել են առանձին եպիսկոպոսություններ, իսկ աշխարհիկ իշխանները տիրացել են վանքի կալվածքների մեծ մասին: 958-ին եպիսկոպոս ընտրված Վահան Սյունեցուն (968-969-ին` Հայոց կաթողիկոս Վահան Ա Սյունեցի) հաջողվել է մասամբ վերականգնել Տաթևի վանքի կալվածքներն ու իրավունքները: 1006-ին կաթողիկոս Սարգիս Ա Սևանցու շրջաբերականով Տաթևի եպիսկոպոսությանն են վերադարձվել նրա նախկին բոլոր վիճակները: 1043-ին Հովհաննես եպիսկոպոսը կառուցել է Ս. Պողոս-Պետրոս տաճարին հարավից կից սրահը: 1044-ին հարևան ամիրայությունների հրոսակները հարձակվել են Տաթևի վանքի վրա, սպանել միաբաններին, կողոպտել վանքը, հրկիզել ու ավերել են Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, բնակելի շենքերը, արհեստանոցները, որոնք շուտով վերականգնվել են: 1046-ին Հովհաննես եպիսկոպոսը Սյունյաց Սմբատ Բ թագավորի օժանդակությամբ վերակառուցել է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին` որմնասյան վերևում ագուցելով Գրիգոր Լուսավորչի մասունքը: Նրա հաջորդը` Գրիգոր եպիսկոպոսը, 1087-ին կառուցել է գավիթներ, հովանոցներ, վանքի դարպասը` վրան կենտրոնագմբեթ Ս. Աստվածածին եկեղեցին: 1138-ի երկրաշարժից ընկել է Ս. Պողոս-Պետրոս տաճարի գմբեթը, ավերվել Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: 1170-ին Բաղաբերդը գրաված սելջուկյան թուրքերը կողոպտել են Տաթևի եպիսկոպոսարանի գանձերը, այրել ձեռագրերը (մոտ 10 հազար), երկիրն ավերակ ու անմարդաբնակ դարձրել: Ամայացել է նաև Տաթևի վանքը: Նրա առաջնորդները տեղափոխվել են Վայոց ձորի Նորավանքը: 1216-ին այնտեղ եպիսկոպոսություն է հիմնվել և Սյունյաց աթոռը տրոհվել է երկու մասի: 1261-ին Սմբատ և Տարսայիճ Օրբելյանները նորոգել ու բարեկարգել են Տաթևի վանքը:

Տաթևի վանքը վերստին հզորացել է, երբ 1286-ին Կիլիկիայում Կոստանդին Բ Կատուկեցի կաթողիկոսը Ստեփանոս արքեպիսկոպոս Օրբելյանին օծել է Սյունյաց աթոռի մետրոպոլիտ և հայոց պրոտոֆրոնտես (նախաթոռ եպիսկոպոս): Նա միավորել է Սյունյաց անջատված եպիսկոպոսարանները, մեկնել Մոնղոլիա` Արղուն խանի մոտ և հաստատել Տաթևի վանքի գերագահությունը Սյունիքի բոլոր թեմերի նկատմամբ:

1295-ին Ստեփանոս արքեպիսկոպոս Օրբելյանը հիմնովին վերակառուցել է երկրաշարժից ավերված Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և Տաթևի վանքին նվիրել սեփական Արիտ գյուղը, 1297-ին վանքում ավարտել է «Պատմություն նահանգին Սիսական» աշխատությունը: XIII դ. վերջին վանքը դարձել է ունիթորության դեմ մղվող պայքարի կենտրոն: XIV դ. Տաթևի վանքը գիտամշակութային վերելք է ապրել: Այստեղ են հավաքվել ժամանակի աչքի ընկնող աստվածաբաններ, փիլիսոփաներ, աստղագետներ, տրամաբաններ, երաժիշտներ, նկարիչներ: Կրոնավորների թիվը գնալով մեծացել է (հասնելով մոտ 1000-ի): Վերակառուցվել է վանական կրթարանը,  895-ին հիմնված վարդապետարանը դարձել է համահայկական մշակութային կետրոն, հիմք է դրվել նոր, բարձր տիպի դպրոցի` Տաթևի համալսարանի:

Վանքին կից X դ. գործել է Տաթևի մատենադարանը, որը համալսարանի գոյության տարիներին հարստացել է և գոյատևել մինչև 1911-1912-ը, իսկ ավերից ու ավարառություններից փրկված 140 ձեռագիր մատյաններ տեղափոխվել են Էջմիածին, ապա՝ Երևանի Մատենադարան: Համալսարանին կից գործել է մանրանկարչության դպրոց: Մեզ են հասել սակավաթիվ, բայց բարձրարժեք արվեստի գործեր:

XIII-XIV դդ. Տաթևի վանքի եպիսկոպոսությունն ուներ 677 հարկատու գյուղեր` իր թեմում գտնվող 14 գավառներում (Ծղուկ, Եվայլախ, Վայոց ձոր, Գեղարքունի, Սոթք, Աղահեճ, Հաբանդ, Բաղք, Քաշունիք, Կովսական, Արևիք, Ձորք, Երնջակ, Ճահուկ), բազմաթիվ վանքեր:  XIV դ. Հովհան Որոտնեցին Տաթևի վանքի գավթի վրա կառուցել է կամարակապ երկհարկանի զանգակատուն: 1381-1387-ին Լենկթեմուրի՝ Սյունիք կատարած արշավանքի ժամանակ վանքը կողոպտվել է, հրկիզվել, կորցրել կալվածքների մեծ մասը: 1434-ի թեմուրյան գահակալ Շահռուխի ասպատակությունից հետո Շմավոն եպիսկոպոսը միաբաների հետ տեղափոխվել է Սանահինի վանք: Տաթևի վանքը վերստին բարգավաճել է XVII-XVIII դդ: Առաքել եպիսկոպոսը կառուցել է վանքի հարավային կողմի գավիթը, Գրիգոր Տաթևացու հիշատակին խաչքար կերտել,Սիմեոն Անգեղակոթցին Պարսից շահից հետ է ստացել Տաթևի վանքից խլած կալվածքները, Հովհաննես Շինաթաղցին բազմիցս մեկնել է Սպահան` Պարսից Հուսեին շահի մոտ և վերահաստատել Տաթևի վանքի իրավունքները կալվածքների նկատմամբ, կառուցել արևելյան դահլիճը, սրբատաշ քարից սենյակներ: Ներսես եպիսկոպոսը բարեկարգել է վանքը, 1646-ին կառուցել արևմտյան խցերը և Տաթև գյուղի Ս. Ներսես եկեղեցին: Զաքարիա եպիսկոպոսը կառուցել է առաջնորդարանի շենքը, իսկ 1671-ին` բնակելի սենյակներ: Կիրակոս Աղուերձեցին նորոգել է Ս. Պողոս-Պետրոս տաճարի գմբեթը և վանքի պարիսպը: 1705-ին  Խոջա Անտոնի միջոցներով Տեր Միքայելը նորոգել է տաճարը: XVIII դ. Հովհաննես Ղալամյանցը նորոգել է վանքի շենքերը, եկեղեցիների տանիքները, կառուցել տնտեսական շինություններ և  1745-ին` Տաթև գյուղի աղբյուրը: Մինաս Շինաթաղցին նորոգել է վանքի պարիսպը, կառուցել սեղանատուն, խոհանոց, հացատուն: Աբրահամ Աստապատեցին XVIII դ. 2-րդ քառորդին Տաթևի վանքում դպրոց է բացել (գործել է մինչև XX դարը), համալիրի հյուսիս-արևելյան կողմում կառուցել 16 դասասենյակով դպրոցի շենք, որն արժեքավոր է որպես Հայաստանի ուշ միջնադարի` կրթական կառույցի մեզ հասած միակ օրինակ: Հովակիմ արքեպիսկոպոսը 1787-ին տաճարի հարավային մուտքի առջև կառուցել է Գրիգոր Տաթևացու դամբարանը, հյուսիսային պարսպի բուրգերը, բնակելի սենյակներ, ձիթհանքի շենք և այլն: 1796-ին և 1826-ին վանքն ասպատակել են պարսկական զորքերը և կողոպտել:

Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո (1828), Տաթևի վանքի վանահայր Մարտիրոս եպիսկոպոսը ռուսական իշխանությունների միջոցով վերադարձրել է վանքից խլված կալվածքները, հիմնովին նորոգել Տաթևի վանքի համալիրը, Տաթևի գյուղի ճանապարհը, Կաքավասարից ջուր անցկացրել, տնտեսական նոր շենքեր կառուցել:

1837-ին Տաթևի վանքի մետրոպոլիտությունը վերացել է, և Սյունիքը կազմել է Երևանի թեմի մի մասը: 1858-ին Տաթևի վանքը ունեցել է  70 հարկատու գյուղեր, 1898-ին` 15 գյուղ և 5 միաբան: 1862-ին Ս. Պողոս-Պետրոս տաճարի արևելյան կողմը նորոգել է Հովհաննես արքեպիսկոպոս Ասլանյանը, 1865-ին վանքի հյուսիսային կողմի շենքերը` վանահայր Սարգիս Գասպարյանցը: XIX դ. վերջին քանդել են վանքի գավիթն ու զանգակատունը և  XX դ. սկզբին, տաճարի արևմտյան ճակատին կից, կառուցել բարձր, եռահարկ, շքեղ, քանդակազարդ զանգակատուն: 1931-ին Տաթևի վանքը երկրաշարժից ավերվել է, քանդվել են Ս. Գրիգոր Լուսավորիչ և Ս. Աստվածածին եկեղեցիները, տաճարի գմբեթը, զանգակատունը, սյունասրահը: 1974-1998-ին վերակառուցվել են եկեղեցիները, տաճարի գմբեթը, նորոգվել բնակելի և տնտեսական շենքերը, պարիսպը, զանգակատան առաջին հարկը:

Տաթևի վանքի Ս. Պողոս-Պետրոս տաճարում պահպանվել է X դ. որմնանկարչական ամբողջական հարդարանքը, որը պատկերացում է տալիս վաղմիջնադարյան հայ եկեղեցիների նկարազարդման համակարգի մասին: Պատկերներն արվել են ֆրեսկո տեխնիկայով, հայկական որմնանկարչությանը հատուկ 3-4 մմ հաստությոն սվաղի վրա` տեղական բնական հանքաներկերով, մասնավորապես` լաջվարդով: Խորանի կոնքում պատկերված է եղել «Քրիստոսը փառքի մեջ» տեսարանը: Կոր պատի վրա երեք նախշերիզված շարքերով կամարների ներքո ներկայացված են մարգարեները, առաքյալները և Հայ եկեղեցու հայրերը` սրածայր խույրերը գլխներին: Առաքյալների շարքում կենտրոնական պատուհանի հյուսիս և հարավ կողմերից նկարված են, համապատասխանաբար, Հովհաննես Մկրտիչը և Աստվածամայրը` Քրիստոսի հետ կազմելով «Դեիսուսի» պատկերագրությունը: Այս հիերարխիկ հորինվածքն արտահայտում է Երկնային և Երկրային եկեղեցիների, Հին և Նոր կտակարանների հաջորդությունը խորհրդանշող գաղափարները և համընկնում վաղմիջնադարյան որմնանկարչական պատկերագրությանը: Խորանի հանդիսավոր հորինվածքին հակադրված է արևմտյան պատի «Ահեղ դատաստանի» խիստ դինամիկ տեսարանը, որից պահպանվել են կենտրոնական և ստորին հատվածները. որոշ դրվագներ վերականգնել են 1950-ական թթ Լ. Դուրնովոյի արած վավերագրական պատճեններով և սխեմատիկ վերակազմությամբ (պահվում են ՀԱՊ-ում): Տեսարանն ամբողջական մեծ հորինվածքում ներառում է «Ահեղ Դատաստանը» և «Փրկչի երկրորդ գալուստը»` ըստ Մատթեոսի ավետարանի (24.30-31) ու Հովհաննեսի Հայտնության գրքի: Վերևում պատկերված է եղել «Երկնային դատաստանը»: Քրիստոս-Դատավորին երկու կողմից շրջապատել են առաքյալները. Պողոսը` Քրիստոսի աջ կողմից, և Պետրոսը` ձախ, առանձնացած: Գահի տակ երկու բացված գրքեր են, որոնցով, ըստ Հովհաննեսի Հայտնության, պետք է դատվեին մեռյալները (20.12): Հորինվածքի միջնամասը զբաղեցնում են երկու մեծ հրեշտակներ` տեքստերով գալարակները ձեռքներին, աջ գալարակի վրա Հայտնության գրքի խոսքերն են` «Եկաւ... մեռելների ժամանակը, որ դատվեն» (11.18): Աջ կողմում դրախտի Կենաց ծառն է, ձախ կողմում` դժոխքի հրե գետը, որն այստեղ մասամբ կապույտ է, ինչպես հայտնության գրքի «կենդանի ջուրը» (22.1): Հորինվածքի ամենաուշագրավ մասը ստորին հատվածն է` ծածկված մեռելների հարության տեսարանով: Դեն նետելով դագաղների կափարիչները` Փրկչի Երկրորդ գալստյան դատին են ելնում, կանգնում մեռելները. նրանց կետրոնում են Ադամն ու Եվան: Հյուսիսային պատին պատկերված «Ծննդյան» հորինվածքից պահպանվել են պատուհանների մեջտեղի երկու հատվածները` «Մանկան լոգանքը» և «Հովիվների ավետումը»: Տաթևի տաճարի որմնանկարների պատկերագրությունը, առավել մոտ լինելով հետկարոլինգյան X-XI դդ. մանրանկարներին, ներկայանում է նաև բազմաթիվ արխաիկ գծերով, որոնք ունեն վաղքրիստոնեական ծագում և հանդիպում են Իտալիայում ու քրիստոնյա Արևելքում:

Որմնանկարների ոճն ընդգծված արտահայտչականությամբ դրսևորվում է կերպարների ձգվածությամբ, բարդ կեցվածքով ու դիրքերով, տարամասշտաբայնությամբ, ժեստերի ընդգծվածությամբ, գծային կառուցվածքների քմահաճ խաղով: Գունային գամման արտասովոր է սպիտակի առկայությամբ, տոնային նուրբ բազմերանգները հարաբերակցում են բաց փիրուզագույն և կապույտ հիմնագույներին: Գեղարվեստական այս ոճը, ինքնատիպ պատկերավորությունը, կերպարների դասականացված շունչը եզակի են հայ արվեստում և մերձենում են IX-XI դդ. իտալական այն որմնանկարներին ու խճանկարներին, որոնք իրենց մեջ կրում են կարոլինգյան և վաղքրիստոնեական ավանդույթները:

Տաթևի վանքի որմնանկարները, շնորհիվ գեղարվեստական բարձր արժանիքների և ինքնատիպության, բացառիկ նշանակություն ունեն միջնադարյան արվեստի պատմության համար, մանավանդ, որ X դ. եվրոպական որմնանկարներ գրեթե չեն պահպանվել:

http://www.arshavakanner.am