Սևանա լիճը վաղուց ի վեր համարվում է հայ ժողովրդի գլխավոր խորհրդանիշներից ու ուխտավայրերից մեկը:
Սևանը Հայաստանի միակ լիճն է, որը դասվում է խոշոր լճերի շարքը: Սևանա լիճը Հայկական լեռնաշխարհի մեծությամբ երրորդ, աշխարհի քաղցրահամ, բարձրադիր, նավարկելի մեծ լճերից է, այն նախկինում կոչվել է Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով: Մակերեսը` 1260 կմ2, ջրի ծավալը` 32,92 մլրդ մ3: Լճին առանձնակի հմայք են տալիս շուրջպար բռնած Արեգունու, Սևանի, Վարդենիսի, Գեղամա լեռները: Սևանա լճի ծագումնաբանական վարկածներից մեկի համաձայն այն առաջացել է հրաբխային գործունեության հետևանքով` միջլեռնային տեկտոնական իջվածքում սառցադաշտային և ձնհալոցքային ջրեր լցվելու արդյունքում: Սևանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի` Մեծ Սևանի և Փոքր Սևանի:
Լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետակներ` Արգիճի, Մասրիկ, Գավառագետ, Կարճաղբյուր, Բարդենիս, Ձկնագետ, սակայն սկիզբ է առնում միայն մեկը` Հրազդանը:
Լիճը էական ազդեցություն ունի ողջ մարզի ոչ միայն բնապահպանական հավասարակշռության, այլ նաև տնտեսության վրա: Լճի ջրային պաշարներն օգտագործվում են հողերը ոռոգելու, Հրազդանի ջրէկները աշխատացնելու և ամբողջ երկրին էլեկտրաէներգիա մատակարարելու համար: Կենսաբանական բազմազանության պահպանությունն ուղղված է Սևանա լճի ավազանի բնական պաշարների երկարաժամկետ օգտագործման կարգավորմանը, որը կնպաստի ոչ միայն ավազանի, այլև ողջ հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը:
Սևանա լիճը բնության կողմից պարգև տրված անփոխարինելի առողջարան է , որտեղ առայժմ զարգացում է ապրել ամառային տուիզմը: Սակայն լիճը իր ջրահավաք ավազանով ունի նաև ձմեռային տուրիզմի կազմակերպման գերազանց հնարավորություններ ու հեռանկարներ:



