Հայոց մայրաքաղաքներից Արտաշատը հիմնել է Արտաշես Առաջին թագավորը` մոտ 2190 տարի առաջ:
Այն գտնվում էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան գավառում` Երասխ և Մեծամոր գետերի նախկին հուների միախառնման վայրում` 9 բլուրների վրա: Այժմ տարածքը գտնվում է ՀՀ Արարատի մարզում` ժամանակակից Արտաշատ քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք: Տարածքում այժմ երևում են հին քաղաքի հետքերը, պարիսպները:
Արտաշատը առաջին հայկական քաղաքն էր, որ ուներ հատակագիծ: Հռոմեացիներն այն կոչում էին «Հայկական Կարթագեն»:
Արտաշատը եղել է Հայաստանի մշակութային և քաղաքական կյանքի կենտրոններից մեկը մոտ 700 տարի: Արտաշատը մեծ ու գեղեցիկ քաղաք էր` հայտնի ողջ տարածաշրջանում: Այստեղ զարգացած էին արհեստները, այն նաև միջազգային առևտրի գլխավոր կենտրոններից էր:
Արտաշատը հայտնի է եղել իր ճարտարապետական կառույցներով: Այն ունեցել է պաշտպանական պարիսպներ և միջնաբերդ` արքունական պալատով և անառիկ է եղել թշնամիների համար: Այստեղ է կառուցվել նաև առաջին հայկական թատրոնը: Քաղաքն ունեցել է նաև մի քանի կամուրջներ, որոնցից ամենահայտնին «Աշտարակի կամուրջն» էր Երասխի վրա:
5-րդ դարից հետո Արտաշատը վերածվում է գյուղաքաղաքի: Պատճառը Մեծամոր գետի հունի փոփոխությունն էր, ինչի պատճառով քաղաքի շրջակայքում ճահիճներ են գոյանում:



