Ուսումնական նոր տարին սկսված է: Ժամեր առաջ ղողանջեցին դպրոցական զանգերը՝ ազդարարելով նախակրթարանների սաների մուտքը՝ նոր կյանք:
Այսօր մոտ 40 000 երեխա հրաժեշտ է տվել մանկությանն ու ոտք դրել դպրոց: Նրանք 12 տարի անցկացնելու են աշակերտական նստարանին ու իրենց ձեռք բերած գիտելիքով փորձելու են նոր երկիր կառուցել:
Այսօրվա առաջին դասարանցիներից մեկը վաղը դառնալու է նախագահ, մյուսը՝ վարչապես, մեկ ուրիշը՝ կրթության ոլորտի պատասխանատու, չորրորդն էլ՝ առողջապահության կամ պաշտպանության նախարար: Իսկ դա նշանակում է, որ այսօրվա նախակրթարանի ու դպրոցի ուսուցիչը հենց այն մարդն է, ով պատրաստում է վաղվա երկիրը ղեկավարողին, բնակիչներին կրթողին, պաշտպանողին ու առողջ պահողին: Եվ եթե այսօրվա մանկավարժը լինի այդ կրթության երաշխավորը, վաղը կունենանք այն երկիրը, որի մասին երազում են ծնողները՝ արտագաղթողի ճամպրուկը ուսերին՝ մտովի ու երբեմն էլ իրապես հատելով երկրի սահմանները:
Սիրելի աշակերտներ, մայրիկներ ու հայրիկներ, ուսուցիչներ ու դպրոցների տնօրեններ, եկեք միասին դատարկենք արտագաղթի ճամպրուկները՝ այն լցնելով ժրաջան աշխատանքով, անմնացորդ ազնվությամբ, անկեղծ հայրենասիրությամբ, չսպառվող հավատով, անդուլ պայքարով, մեծ պատասխանատվությամբ, ազատ մտածողությամբ, լայն երեւակայությամբ, բարձր ճաշակով, հիմնավորված համարձակությամբ ու որ այսօր տեղին է ամենից շատ հիշատակել՝ ընդգրկուն գիտելիքով:
Շնորհավոր սեպտեմբերի 1...
Մանկական հավատարմությամբ՝ ԻՄ ՓՈՔՐԻԿ



