«Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Ռաֆայել Թադևոսյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 26-րդ խմբաքանակին:
Անուն: Անժելա
Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ: Սոնոգրաֆիայի արդյունքով պարզել եմ, որ ինձ մոտ դոմինանտ ֆոլեկուլ առաջանում է 14մմ. չափով, սակայն ձվազատում այդպես էլ չի կատարվում: Տեղյակ եմ, որ կարելի է դեղորայքի միջոցով օվուլյացիա առաջացնել: Ի՞նչ դեղորայք խորհուրդ կտաք, և դաշտանային ցիկլի ո՞ր օրը պետք է սկսել ընդունել: Նախապես շնորհակալ եմ:
Պատասխան: Հարգելի Անժելա, դեղորայքի միջոցով հնարավոր է, սակայն անհրաժեշտ է տվյալ ցիկլում հետևել ֆոլեկուլի զարգացմանը և որոշել համապատասխան դեղորայքը և դեղորայքի չափաբաժինը՝ օվուլյացիա ստանալու նպատակով:
Անուն: Անուշ
Հարց: Հարգելի «Իմ փոքրիկ», ե՞րբ է հղի կնոջը տրվում փոխանակման քարտը: 37 շաբաթականում ուշ չէ՞: Նախապես շնորհակալ եմ:
Պատասխան: Հարգելի Անուշ, փոխանակման քարտը տրամադրվում է 30 շաբաթականից սկսած: Ուշ չէ, կարող եք Ձեր փոխանակման քարտը ստանալ նաեւ այդ ժամկետում:
Անուն: Էլեն
Հարց: Զույգ պտղով հղիությունս ընդհատվեց 21-22 շաբաթականում վաղաժամ ծննդաբերությամբ: Բժշկական միջամտություն բացարձակ չի եղել, կարծես սովորական ծննդաբերություն լիներ, բայց փոքրիկները կենսունակ չէին: Որքա՞ն ժամանակ անց ես կարող եմ նորից հղիանալ:
Պատասխան: Հարգարժան Էլեն, խորհուրդ կտամ հետազոտվել, գտնել պատճառը և համապատասխան բուժում ստանալ, որից հետո նորից հղիանալ:
Անուն: Ժաննա
Հարց: Ես 22 տարեկան եմ, 2 տարի է՝ ամուսնացած եմ, 1-ին տարին, կարելի է ասել, կանոնավոր կերպով խուսափել ենք սերմնահեղուկի ներթափանցումից, իսկ հիմա ցանկանում եմ հղիանալ, բայց չի ստացվում: Նկատում եմ, որ սերմնահեղուկը դուրս է գալիս: Ի՞նչ խորհուրդ կտաք:
Պատասխան: Հարգարժան Ժաննա, ցանկալի է դիմել համապատասխան մասնագետի և հետազոտվել Ձեր ամուսնու հետ միասին:
Անուն: Զառա
Հարց: Բարև Ձեզ: Ասեք, խնդրեմ, ինչպե՞ս է առաջանում վիրուսը: Եթե վարակը փոխանցվում է սեռական ճանապարհով, նշանակում է, որ վիրուսը կա ոչ միայն տվյալ զույգի, այլև նախկին զուգընկերների մոտ եւ կարող է փոխանցվել ապագա զուգընկերներին: Ինչքանո՞վ է վտանգավոր այդ հիվանդությունը: Կանխավ շնորհակալ եմ:
Պատասխան: Հարգարժան Զառա, նախ՝ Դուք չեք նշել, թե ինչ վարակի մասին է խոսքը: Խնդրում եմ հստակեցնել հարցը, որին հետագայում կտրվի լիարժեք պատասխան:
Անուն: Անժելա
Հարց: Բարև Ձեզ: Կարո՞ղ է, արդյոք, պրոգեստերոնի ցածր մակարդակն օվուլյացիայի բացակայության պատճառ համարվել: Ինչպե՞ս բարձրացնել այդ հորմոնի մակարդակը:
Պատասխան: Հարգարժան Անժելա, օվուլյացիայի բացակայությունն է բերում պրոգեստերոնի ցածր մակարդակի: Իսկ պրոգեստերոնի մակարդակը կարգավորելու համար անհրաժեշտ է նպաստել օվուլյացիայի առաջացմանը:
Անուն: Հասմիկ
Հարց: Բարև Ձեզ, ես ծննդաբերել եմ 15 օր առաջ, որից հետո պարզվեց, որ ես հեշտոցի վարիկոզ ունեմ: Իմ գինեկոլոգը պնդում է, որ բուժման կարիք չկա, որ դա ինձ կարող է խանգարել միայն ծննդաբերության ժամանակ: Ուզում եմ նաև Ձեր կարծիքն իմանալ:
Պատասխան: Հարգարժան Հասմիկ, Ձեր գինեկոլոգն իրավացի է, կարիք չկա բուժման, քանի որ հեշտոցի վարիկոզը վտանգավոր է միայն ծննդաբերության ժամանակ մեծ ծավալով արյունահոսությամբ պատռվածքների դեպքում: Անհրաժեշտ է այդ խնդրի նկատմամբ առավել ուշադիր լինել հետագա ծննդաբերությունների ժամանակ:
Անուն: Մերի
Հարց: Փոքրիկս 8 ամսական է, 3 ամսականից ես ունեմ մազաթափություն, շատ եմ անհանգստանում: Ի՞նչ խորհուրդ կտաք: Նախապես շնորհակալ եմ:
Պատասխան: Հարգարժան Մերի, կարող եք դիմել մաշկաբանի կամ էնդոկրինոլոգի խորհրդատվությանը, որպեսզի ավելի հստակ լինի, թե ինչից է առաջանում մազաթափությունը: Թեև, որպես կանոն, հետծննդաբերական այդ փուլում մազաթափություն նկատվում է գրեթե բոլոր կանանց մոտ:
Անուն: Ռոմ
Հարց: Բարև ձեզ, խնդրում եմ՝ պատասխանեք իմ հետևյալ հարցին. եթե հղիության ժամանակ հեշտոցում հաճախակի տեղի է ունենում սերմնաժայթքում, դա ինչ-որ կերպ կազդի՞ հղիության կամ պտղի վրա: Եվ իրենից ի՞նչ է ներկայացնում երկրորդ տիպի հերպես HSV2-ը: Առկայության դեպքում որքանո՞վ է վտանգավոր կրողի և պտղի համար: Նախապես շնորհակալություն
Պատասխան: Հարգարժան Ռոմ, HSV2 /հերպես երկուսը/ հանդիսանում է վիրուսային սեռավարակ, որը վտանգավոր է պտղի ներարգանդային զարգացման համար: Խորհուրդ է տրվում նախքան հղիությունը հետազոտվել և հայտնաբերել մինչ հղիությունը: Իսկ սերմնաժայթքումը որեւէ կերպ չի կարող ազդել պտղի վրա: Եթե հարցը վերաբերում է նաեւ սեռական հարաբերությանը, ապա այն թույլատրվում է, եթե չկան հատուկ հակացուցումներ կամ վիժման վտանգ:
Անուն: Անահիտ
Հարց: Բարև ձեզ, հարգելի բժիշկ: Խնդրում եմ՝ կասե՞ք, թե ինչից է առաջանում ուրեոպլազմա ինֆեկցիան: Նախապես շնորհակալություն:
Պատասխան: Հարգարժան Անահիտ, ուրեոպլազմա ինֆեկցիան չի առաջանում, այլ փոխանցվում է հիմնականում սեռական ճանապարհով:
Անուն: Թագուհի
Հարց: Բարև Ձեզ: Ընկերուհիս 4 շաբաթական հղի է, և ուլտրաձայնային հետազոտությունը ցույց է տվել, որ ձախ ձվարանի վրա կիստա կա: Խնդրում եմ, ասացեք՝ դա վտանգավո՞ր է և ի՞նչ միջոցներ կարելի է ձեռնարկել, որպեսզի և բալիկը, և մայրիկը առողջ և անվնաս լինեն: Նախապես շնորհակալ եմ:
Պատասխան: Հարգելի Թագուհի, նախ՝ պետք է ճշտել կիստայի տեսակը և նրա չափսերի փոփոխությունը դինամիկայում: Այնուհետև պարզ կլինի դրա վտանգի մակարդակը և բուժման միջոցը:
Անուն: Ռուզաննա
Հարց: Բարև ձեզ, հարգելի բժիշկ: Ես 22 տարեկան եմ, ամուսնանալուց հետո անմիջապես հղիացել եմ, սակայն 2 ամսականում ընդհատեցին. չէր զարգանում: Հետազոտությամբ պարզվեց ցիտոմեգալովիրուսի և ուրեոպլազմայի առկայություն: Բուժվել եմ 2 փուլով, 1. 10-օրյա պրոցեդուրա, մոմիկ և դեղահաբեր, 2. դեղահաբեր և մոմիկ: Ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր Է հետագայում խնդիրներ առաջանան, ու ե՞րբ է պետք նորից հետազոտվել:
Պատասխան: Հարգարժան Ռուզաննա, բուժում ստանալուց հետո հարկավոր է մեկ անգամ ևս ստուգվել՝ ինֆեկցիաների առկայությունը ժխտելու կամ հաստատելու համար, ու ևս մեկ անգամ՝ հղիության պատրաստվելուց առաջ:
Անուն: Ագապի
Հարց: Հարգելի բժիշկ, ինձ մոտ 23 շաբաթական հղիություն է, սա իմ երկրորդ հղիությունն է: Առաջին բալիկս 1.5 տարեկան է: Ունեմ որովայնի շատ սուր ցավեր հատկապես պոչուկային հատվածում: Ի՞նչը կարող է սուր ցավերի պատճառ լինել: Շնորհակալություն:
Պատասխան: Հարգելի Ագապի, ցավերի դեպքում պետք է հետազոտվել, խորհուրդ կտամ այցելել Ձեր գինեկոլոգին:
Անուն: Ժենյա
Հարց: Բարև ձեզ, ինձ մոտ հղիության 31-րդ շաբաթն է: Նախկինում էլ ունեի արտադրություն, բայց հիմա շատ է շատացել, գույնը մի օր շագանակագույն է, մի օր՝ դեղնավուն: Սա բնակա՞ն է հղիության ընթացքում, թե՞ ինչ-որ խնդիր կա:
Պատասխան: Հարգարժան Ժենյա, անհրաժեշտ է կատարել սեռական ուղիներից վերցված քսուքի հետազոտություն, որից հետո կտրվի լիարժեք պատասխան:
Անուն: Աննա
Հարց: Որքանով տեղեկացված եմ, ալկոհոլի ազդեցության ընթացքում արգելվում է հղիություն պլանավորել, իսկ քանի՞ օր հետո է կարելի սեռական հարաբերություն ունենալ, որպեսզի սերմնաբջիջներն առողջ լինեն: Նախապես ներողություն եմ խնդրում ոչ գրագետ միտքս ձևակերպելու համար:
Պատասխան: Հարգարժան Աննա, կախված է, թե ինչ չափաբաժնով է ալկոհոլ օգտագործվել և որքան ժամանակ: Ամեն դեպքում հղիություն պլանավորելիս մոտ մեկ շաբաթ չպետք է ալկոհոլ օգտագործել, իսկ առհասարակ հղիություն պլանավորելուց մոտ մի քանի ամիս առաջ պետք է մաքրել օրգանիզմը:
Անուն: Հասմիկ
Հարց: Հարգելի բժիշկ, 4 ամիս առաջ ծննդաբերել եմ կեսարյան հատումով, առողջական խնդիրներ չեմ ունեցել, սակայն արդեն մի քանի օր է, ինչ հեշտոցում սուր ցավ եմ զգում: Խնդրում եմ՝ ասեք, թե ինչի հետ կարող է կապված լինել և ինչ բարդություններ կարող է առաջացնել: Շնորհակալություն:
Պատասխան: Հարգարժան Հասմիկ, անհրաժեշտ է դիմել գինեկոլոգին, զննումից հետո կտրվի լիարժեք պատասխան, թե ցավերը ինչի հետևանքով են լինում:
Անուն: Աննա
Հարց: Հարգելի բժիշկ, ես ունեմ ողնաշարի գրիժա: Ստանալով բուժում՝ այժմ ինձ լավ եմ զգում, ցանկանում ենք երկրորդ բալիկն ունենալ: Ունենալով նման խնդիր՝ կարո՞ղ է հղիության ընթացքում հիվանդությունը նորից գլուխ բարձրացնել: Կարելի՞ է, արդյոք, հղիանալ: Կանխավ շնորհակալություն :
Պատասխան: Հարգարժան Աննա, հնարավոր է, քանի որ հղիության ընթացքում պտղի մեծացմանը զուգընթաց ողնաշարը ծանրաբեռնվում է: Ուստի պետք է հետազոտվեք, խորհրդակցեք Ձեր գինեկոլոգի հետ և հղիանալուց հետո էլ գտնվեք հսկողության տակ, որպեսզի ծննդաբերությունից հետո ավելի լուրջ խնդիրների առջև չհայտվեք:
Անուն: Նունե
Հարց: Խնդրում եմ՝ ասեք, ամուսնուս մոտ նկատել եմ սեռական օրգաններից առատ արտահոսք և երբեմն բողոքում է միզուղիներում այրոցից: Ասեք՝ դա ինչի՞ հետևանքով կարող է լինել և ի՞նչ է դա:
Պատասխան: Հարգարժան Նունե, հարկավոր է դիմել ուրոլոգի խորհդատվության:
Անուն: Տոմա
Հարց: Բարև Ձեզ, հունիս ամսին ինձ մոտ հայտնաբերվեց պտղի պաթոլոգիա, 21 շաբաթականում ընդհատվեց հղիությունը: Նշեմ, որ դա իմ երկրորդ հղիությունն էր, բոլոր անալիզները ցույց տվեցին, որ ինձ մոտ ոչ մի ինֆեկցիա չկա, միայն արյան մուտացիայի անալիզը ցույց տվեց, որ ինձ մոտ հայտնաբերվել է 675 5 ջի 4 ջի և ԱԼԱ222 վալ: Ասացեք՝ սրանք կարո՞ղ են վտանգ ներկայացնել, եթե ես նորից ուզում եմ հղիանալ: Եթե այո, ի՞նչ կարելի է անել: Շնորհակալություն:
Պատասխան: Հարգելի Տոմա, հարկավոր է Ձեզ մանրակրկիտ հետազոտել, նաև հարկավոր է իմանալ, թե ինչ պաթոլոգիա է եղել պտղի մոտ, որպեսզի հստակեցվի, թե ինչ բուժում է հարկավոր:
Անուն: Սիրանուշ
Հարց: Բարև Ձեզ, ես ուզում եմ իմանալ՝ ինչ անեմ, որ այս ամիս հղիանամ: Ասեմ, որ ես ձվազատման հետ խնդիրներ ունեմ, իսկ այս ամիս այն շատ լավ է կատարվել, և պետք է այս ամիսը չկորցնեմ: Խնդրում եմ՝ օգնեք ինձ, որպեսզի այս ամիս անպայման հղիանամ..դա ինձ համար շատ կարևոր է: Շնորհակալություն:
Պատասխան: Հարգելի Սիրանուշ, հղիության հավանականությունը մեծացնելու համար անհրաժեշտ է ձվազատման հավանական օրերին ունենալ սեռական հարաբերություն 2 օրը մեկ անգամ:
Անուն: Զարուհի
Հարց: Բարև ձեզ: Խնդրում եմ՝ պատասխանեք. կեսարյանից հետո հնարավո՞ր է կրծքով կերակրել չկարողանամ: Հնարավո՞ր է կաթ չարտադրվի:
Պատասխան: Հարգելի Զարուհի, կրծքով կերակրելու համար անհրաժեշտ կաթի քանակը կախված չէ ծննդալուծման տարբերակից, այն հորմոնալ կարգավորման ներքո է: Մտահոգվելու տեղիք չկա:
Անուն: Լիլի
Հարց: Բարև Ձեզ: Ճի՞շտ է, արդյոք, որ սոնոգրաֆիկ հետազոտությունը վնասում է պտղին: Մեկ անգամ հարկ եղել է, որպեսզի դիմեմ լրացուցիչ հետազոտության ու հարկ կա ևս մեկ անգամ: Կարո՞ղ եմ հանգիստ սրտով գնալ հետազոտման, թե՞ անհանգստանալու կարիք կա, որ պտուղը կարող է վնասվել ճառագայթումից: Եթե պտղի չափսը (շաբաթականը) նշանակություն ունի, ասեմ, որ 30 շաբաթական է:
Պատասխան: Հարգելի Լիլի, սոնոգրաֆիկ հետազոտությունը զուրկ է ճառագայթումից, այնպես որ, եթե սոնոգրաֆիայի անհրաժեշտություն կա, մի խուսափեք:
Անուն: Լենա
Հարց: Բարև ձեզ, հարգելի բժիշկ, խնդրում եմ՝ պատասխանեք իմ հարցին: Ինձ մոտ պրոլակտին հորմոնը 20.7 է այն դեպքում, երբ նորման պիտի լինի 8.39-20.15: Պե՞տք է, արդյոք, այդ արդյունքը մտահոգի ինձ, ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ հղիանալու հետ կապված: Ի դեպ, նշեմ, որ ինձ նշանակել են 2 կոճակ: Կանխավ շնորհակալություն:
Պատասխան: Հարգարժան Լենա, հարկ եմ համարում նշել, որ պրոլակտին հորմոնի մակարդակը, կախված ցիկլի օրից, կարող է փոխվել, հետևաբար այն պետք է որոշել նույն ցիկլի ընթացքում մի քանի անգամ, որից հետո որոշել՝ անհրաժեշտ է բուժում նշանակել, թե ոչ:
Անուն: Սիրուշ
Հարց: Բարև ձեզ, ես հարաբերություն եմ ունեցել հենց ձվազատման օրը, և այդ օրվանից անցել է 9 օր: Ես արդեն 3 օր է, ինչ մեջքի ցավեր եմ ունենում, և օր օրի այդ ցավերը շատանում են, որի հետ մեկտեղ նաև հաճախակի միզարձակման ցանկություն է առաջանում: Խնդրում եմ, ասեք՝ ինչի՞ հետևանք կարող են լինել այդ ցավերը և միզարձակությունը: Հնարավո՞ր է՝ դրանք հղիության նշաններ լինեն, և թեստը ցույց կտա՞ հնարավոր հղիությունը:
Պատասխան: Հարգարժան Սիրուշ, սպասեք Ձեր հաջորդ դաշտանի հավանական օրվան: Դաշտանի չսկսվելու դեպքում` 3 օր հետո, կատարեք հղիության թեստ, որը կտա Ձեր հարցի պատասխանը:
Անուն: Նարինե
Հարց: Բարև ձեզ, ինձ ծննդաբերության ընթացքում կատարել են շեքահատում, ունեցել եմ արտաքին երեք կար, հիվանդանոցից դուրս գրվելուց ընդամենը օրեր անց այլևս ցավեր չեմ ունեցել, արտադրություն էլ հազվադեպ ու շատ քիչ: Սեռական հարաբերություն եմ ունեցել ծննդաբերությունից 25 օր անց: Հնարավո՞ր են բարդություններ կամ որևէ վտանգ:
Պատասխան: Հարգարժան Նարինե, եթե Ձեր վերքը լավացել է և այլևս գանգատներ չունեք, նշանակում է, որ ամեն բան Ձեզ մոտ կարգին է, և որևէ բարդություն չի առաջանա: