«Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին:
Անուն: Հայարփի
Հարց: Բարև Ձեզ, բալիկս 1.9 տարեկան է, շատ քիչ բառեր է ասում (մոտ 10 բառ), հրամանները լավ չի հասկանում, օրինակ` երբ ասում եմ ` գնդակը բեր,
զարմացած չորսբոլորն է նայում: Կամ հարցնում եմ՝ պապան որտե՞ղ է, զգում եմ, որ լավ չի ընկալում հարցս, ոչ մի ձև չեմ կարողանում սովորեցնել, թե որտեղ է քիթիկը, բերանիկը, աչիկը: Նկարազարդ գրքերով չի սովորում, որ սա ելակ է, սա տնակ է: Ընդհանրապես շատ քիչ հետաքրքրություններ ունի: Նշեմ, որ ծնված օրից քնում է շատ քիչ, օրական մոտ 4-10 ժամ, ուտել շատ չի սիրում, բայց հանգիստ երեխա է, նյարդային չէ, շատ մարդամոտ է, ժպտերես: Ու այս ամենով հանդերձ երբեմն անում է բաներ, որ շատ ենք զարմանում: Բալիկս ծնվել է 35 շաբաթական, բայց բժիշկները խնդիրներ չեն տեսել: Ասացին, որ առողջ բալիկ է: Սա որևէ կապ ունի՞ նշածս խնդիրների հետ: Ինչո՞վ են պայմանավորված նշածս խնդիրները և ի՞նչ պետք է անեմ ես: Շնորհակալ եմ:
Պատասխան։ Բարև Ձեզ, հարգելի Հայարփի, նախ ասեմ, որ երեխաների զարգացումը պայմանական բաժանված է մի քանի խմբի՝ մոտոր-սենսոր վարքագիծ, ադապտիվ վարքագիծ, անձնային և սոցիալական վարքագիծ և այլն։ Տարբեր երեխաների մոտ տարբեր զարգացման տեմպեր է գրանցվում նշված ոլորտներում, ընդ որում դրանց նորմայի սահմանները բավականին լայն տիրույթ ունեն։ Ոմանք ավելի շուտ են սկսում խոսել, ոմանց մոտ ավելի արագ է զարգանում մանր մոտորիկան, ոմանք ավելի շուտ են սկսում քայլել։ Մանկաբուժությունն ունի հատուկ ճյուղ, որը զբաղվում է բացառապես երեխաների զարգացմամբ և նրա շեղումներով։ Քանի որ ես ինքս զարգացման մանկաբուժ չեմ, խորհուրդ կտամ Ձեզ դիմել համապատասխան մասնագետի Արաբկիր բժշկական համալիրում։
Անուն:Աստղիկ
Հարց: Բարև Ձեզ: Փոքրիկս 3 ամսական է, մի քանի օր է՝ նկատել եմ, որ ձեռքերն անընդհատ բարձրացնում է վերև և տանում գլխի հետև, կարծես լարված լինի, եկար պահում է այդ դիրքով: Կուրծք ուտելիս էլ այդպես է ուտում: Պե՞տք է, արդյոք, անհանգստանալ, թե՞ ընթացքում կկարգավորվի: Շնորհակալություն:
Պատասխան։ Բարև Ձեզ, հարգելի Աստղիկ: Եթե Ձեր երեխան ծնվել է առողջ և առանց որևէ խնդրի, ապա կարծում եմ` մտահոգվելու լուրջ պատճառ չունեք, սակայն խորհուրդ կտամ դիմել մանկական նյարդաբանի և պարզաբանել խնդիրը նրա հետ։
Անուն:Հասմիկ
Հարց: Հարգելի մասնագետ, իմ տղան մեկ ամսից կլինի 2 տարեկան: Նա իր տարիքին համապատասխան բոլոր գործողությունները կատարում է շատ սահուն, սակայն շատ քիչ բառեր է ասում, միանշանակ հասկանում և լավ լսում է: Նշեմ, որ երեխանների հետ շփումը շատ սահմանափակ է: Խնդրում եմ, ասացեք` ինչպե՞ս վարվեմ: Կանխավ շնորհակալություն:
Պատասխան։ Հարգելի Հասմիկ, երեխաների խոսքի զարգացման մեջ շատ կարևոր է, որպեսզի ընտանիքում և շրջապատում խոսեն մեկ լեզվով։ Իսկ սոցիալական զարգացման մեջ շատ կարևոր է նաև հասակակիցների հետ շփումը, օրինակ` մանկապարտեզը։ Մանկապարտեզ հաճախող երեխաները շատ ավելի սոցիալականացված են ու ավելի հեշտ են ինտեգրվում հասարակության մեջ։
Անուն: Անուշ
Հարց: Խնդրում եմ ասեք, թե երեխային քանի ամսականից կարելի է գազարի կամ խնձորի հյութեր տալ ու ինչ քանակությամբ: Կանխավ շնորհակալ եմ:
Պատասխան։ Հարգելի Անուշ, հյութեր կարող եք տալ երեխային սկսած 4-6 ամսականից։ Սկսեք օրական 1-2 թեյի գդալից` 3 անգամ և ավելացրեք մինչև 250 մգ։ Հավելյալ սնունդը պետք է տալ կրծքով կերակրումից հետո։
Անուն:Սեդա
Հարց: Փոքրիկս 1 տարեկան 20 օրական է: Ունի թեթևակի արտադրություն և հեշտոցը կարմրած է: Օրվա ընթացքում մի քանի րոպե ոտքերը ձգված պահում է ուղղահայաց դիրքով: Ի՞նչ խորհուրդ կտաք:
Պատասխան։ Հարգելի Սեդա, աղջիկ երեխաների սեռական հիգիենան շատ կարևոր է, քանի որ նրանց միզասեռական համակարգն ավելի զգայուն է կապված անատոմիական առանձնահատկությունների հետ։ Խնդիրը լուծելու համար խորհուրդ կտամ ձեզ դիմել մանկական գինեկոլոգի։
Անուն: Հասմիկ
Հարց: Տղաս 1 տարեկան է, շատ աշխույժ է, կարողանում է քայլել, վազել քայլասայլակով, սակայն դեռ չի կարողանում ինքնուրույն կանգնել և քայլել: Արդյո՞ք անհանգստանալու կարիք կա:
Պատասխան։ Հարգելի Հասմիկ, անհանգստանալու պատճառ չունեք, պարզապես խորհուրդ կտամ Ձեզ խրախուսել նրա քայլքն առանց քայլասայլակի և ամեն ինչ կընկնի իր տեղը։
Անուն: Նունե
Հարց: Բարև Ձեզ: Փոքրիկս արդեն 1 տարեկան 8 ամսական է, շատ խելացի, ուշադիր, շփվող երեխա է: Ինձ անհանգստացնում է այն փաստը, որ լեզուն շատ է դուրս հանում, ու ես շատ վատ եմ ինձ զգում: Ինչի՞ հետ կարող է կապված լինել նման վարքագիծը: Նախապես շնորհակալություն:
Պատասխան։ Բարև Ձեզ, հարգելի Նունե: Կարծում եմ` անհանգստանալու պատճառ չունեք, եթե, իհարկե, երեխան չունի ինֆեկցիոն խնդիր բերանում։ Դիմեք ձեր մանկաբույժին՝ խնդիրը լուծելու համար։



