«Իմ փոքրիկի» հարցերին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը:
Անուն՝ Թամարա
Հարց՝ Բարև Ձեզ, ինձ մոտ դաշտանային ցիկլը սովորաբար լինում է 33 օր ինտերվալով, այս անգամ ուշացավ 10 օր: 8-րդ օրը թեստ արեցի, ոչինչ ցույց չտվեց, հիմա արյունային արտադրություն ունեմ, սակայն արյունը դաշտանային ցիկլի արյունից տարբեր է, անհոտ է, սովորական արյան մուգ տեսակն է: Կասե՞ք՝ ինչ է դա:
Պատասխան՝ Այս անգամ հետեւեք ցիկլի ընթացքին. եթե կրկնվեն նշված երեւույթները, ապա դիմեք մասնագետի։
Անուն՝ Մարիամ
Հարց՝ Բարև Ձեզ, ամուսնացած եմ, չեմ հղիանում, ես խնդիրներ չունեմ, համենայնդեպս այդպես են ասել բժիշկները, նշեմ որ արգանդափողերս չեն ստուգել, ամուսնուս մոտ խնդիր կա՝ սերմնահեղուկը 2 տոկոս է և ունի որոշակի հորմոնալ խախտումներ, իսկ ձվարաններից մեկը չափսերով փոքր է և երակների խնդիր ունի:
Հարցս հետևյալն է՝ արդյոք նման դեպքում հնարավոր է բուժում և հղիություն բնական ճանապարհով:
Պատասխան՝ Միանշանակ ասել չեմ կարող։
Սերմի որակի բարելավման դեպքում հնարավոր է, կամ ինսեմինացիայի կամ արտամարմնային բեղմնավորման պայմաններում։
Անուն՝ Լիլիթ
Հարց՝ Բարև Ձեզ: Քույրս ընկերոջ հետ շփման ընթացքում շատ հաճախ պետտինգ է ունենում, ըստ իր նկարագրածի՝ միայն արտաքինից սեռական օրգանների հպում է տեղի ունենում, սեռական օրգանները իրար հպվում են մերկ վիճակում, շփման ընթացքում այդ հատվածը խոնավացել է, ընկերը հասել է օրգազմի, բայց սերմնահեղուկը չի թափվել աղջկա սեռական օրգանին, քույրս այդ դեպքից հետո ներքին վախ ունի, որ հնարավոր է այդ իրավիճակը դառնա կույս աղջկա հղիության պատճառ:
Պատասխան՝ Սերմնահեղուկի ներհոսքի բացակայության դեպքում հղիություն չի կարող լինել։ Սերմնահեղուկը պետք է հայտնվի հեշտոցում, այնուհետեւ արգանդի խոռոչում, այդ ամենը պետք է համընկնի ձվազատման հետ, որպեսզի արգանդափողում տեղի ունենա բեղմնավորում։
Անուն՝ Սոնա
Հարց՝ Ծննդաբերել եմ հոկտեմբերի 27-ին, դաշտան եմ ունեցել եմ դեկտեմբերի 20-ին, իսկ դրանից հետո արյուն եմ նկատել հունվարին: Բայց դրանից հետո դաշտան չեմ տեսել, կերակրող մայր եմ, հնարավո՞ր է այս դեպքում հղիություն:
Պատասխան՝ Ծննդաբերությունից հետո, եթե մայրիկը գտնվում է ԿԿ-ի փուլում, դաշտանի կարգավորումը կարող է տեւել մինչեւ 1 տարի։
Այս ընթացքում անկանոն դաշտանը չի նշանակում, որ հղիություն հնարավոր չէ։



