Գեստացիոն դիաբետ․ պարզաբանում է էնդոկրինոլոգը

Գեստացիոն դիաբետը առաջին անգամ հղիության ընթացքում հայտնաբերված գլյուկոզի մակարդակի բարձրացումն է։ Գեստացիոն դիաբետը զարգանում է հղիությանը բնորոշ հորմոնալ փոփոխությունների հետևանքով և պահանջում է ինչպես ապագա մայրիկի, այնպես էլ մասնագետների ուշադրությունն ու վերահսկումը։ Ինչո՞ւ է գեստացիոն դիաբետը զարգանում հենց հղիության ընթացքում և ինչպե՞ս ճիշտ վերահսկել հղիությունը պատմում է «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի էնդոկրինոլոգիական ծառայության պատասխանատու Լուսինե Քալանթարյանը։

Բժիշկ Քալանթարյան, պատմեք, խնդրեմ, ինչո՞վ է առանձնահատուկ գեստացիոն դիաբետը։

- Գեստացիոն դիաբետը գլյուկոզի փոխանակության խանգարում է, որն ի հայտ է գալիս հենց հղիության ընթացքում։ Պատճառը հղիությանը բնորոշ հորմոնալ փոփոխություններն են, որոնք նվազեցնում են հյուսվածքների զգայունությունը ինսուլինի նկատմամբ։

Որքա՞ն տարածված է այս խանգարումը:

- Գեստացիոն դիաբետն այսօր համարվում է բավականին հաճախ հանդիպող խանգարում՝ միջինում հղիությունների 10%-ը ընթանում է գեստացիոն դիաբետով։ Խանգարման տարածվածության աճը պայմանավորված է ներկայումս հղի կանանց ավելի մեծ տարիքով, ավելորդ քաշի և ճարպակալման տարածվածության մեծացմամբ, ինչպես նաև ավելի լավ ախտորոշման մեթոդների կիրառմամբ։

Ինչո՞ւ են հղիների գլյուկոզի նորմերը ավելի ցածր։

- Պատճառն այն է, որ գլյուկոզան հեշտությամբ անցնում է ընկերքի միջով, և նրա մակարդակի նույնիսկ փոքր բարձրացումը մոր արյան մեջ կարող է անցանկալի ազդեցություն ունենալ հղիության ընթացքի և պտղի վրա։ Այդ պատճառով միջազգային ուղեցույցները խորհուրդ են տալիս հղիների մոտ կիրառել ավելի խիստ նորմեր և վերահսկել գլյուկոզի մակարդակը։

Ինչպե՞ս է կատարվում գեստացիոն դիաբետի ախտորոշումը։

- 2024թ-ից Հայաստանում պարտադիր է բոլոր հղիների համար կատարել օրալ գլյուկոզտոլերանտային թեստ (ՕԳՏԹ)՝ հղիության 24–28-րդ շաբաթում՝ անկախ ռիսկի գործոնների առկայությունից։ Սա հեշտ և ճշգրիտ մեթոդ է․ հղին խմում է հատուկ խտության գլյուկոզի լուծույթ և 2 անգամ երակային արյուն հանձնում։

Որո՞նք են գեստացիոն դիաբետի հիմնական ռիսկերը մոր և պտղի համար։

- Պտղի համար՝

 • չափից արագ աճ, մեծ քաշ (մակրոսոմիա),

 • ծննդաբերության բարդությունների բարձր ռիսկ,

• ծնվելուց հետո հիպոգլիկեմիա (գյլուկոզի ցածր ցուցանիշ)։

- Մոր համար՝

 • հղիության բարդություններ (պրեէկլամպսիա, գերջրություն),

 • ծննդաբերության դժվար ընթացք,

 • հետագայում՝ 2-րդ տիպի դիաբետի զարգացման ավելի բարձր ռիսկ․․․

Ժամանակին ախտորոշման դեպքում այս բոլոր ռիսկերը հնարավոր է կանխել։

Արդյո՞ք բոլոր հղիներին է անհրաժեշտ ինսուլին։

- Ո՛չ։ Գեստացիոն դիաբետով կանանց մեծ մասի մոտ (մոտ 70–80%) ճիշտ սննդակարգը, ֆիզիկական ակտիվությունը և գլյուկոզի հսկողությունը լիովին բավարար են։ Ինսուլինը նշանակվում է միայն այն դեպքում, երբ գլյուկոզի մակարդակը չի կարգավորվում։ Այն ժամանակավոր է և անվտանգ պտղի համար։

Գլյուկոզի մակարդակը ծննդաբերությունից հետո վերադառնու՞մ է նորմայի։

 - Շատ հաճախ՝ այո։ Սակայն գեստացիոն դիաբետ ունեցած կանայք հետագայում ունեն 2-րդ տիպի դիաբետի բարձր ռիսկ, ուստի մենք խորհուրդ ենք տալիս հետծննդյան մոնիթորինգ և տարեկան պարտադիր ստուգումներ։

Հղիների մոտ ինչպիսի՞ էնդոկրին խնդիրներ եք առավել հաճախ հանդիպում։

- Բացի գեստացիոն դիաբետից, կարող եմ առանձնացնել 1 և 2 տիպի շաքարային դիաբետը և վահանագեղձի ֆունկցիայի տարատեսակ խանգարումները։ «Ուիգմոր»-ում հղիության վարումը կատարվում է էնդոկրինոլոգի և գինեկոլոգի համատեղ աշխատանքի շնորհիվ, ինչը ապահովում է առավել անվտանգ և մուլտիդիսցիպլինար հսկողություն։

Ձեր գլխավոր խորհուրդը ապագա մայրիկներին։

- Գեստացիոն դիաբետն այն ախտորոշումը չէ, որի պատճառով պետք է վախենալ, կամ, առավել ևս, խուսափել բժշկի այցերից։ Պետք է հիշել, որ գեստացիոն դիաբետն ամբողջությամբ վերահսկելի է։ Կարևոր է միայն հետևել բժշկի խորհուրդներին, ապահովել մշտադիտարկումը և վստահել մասնագետներին։ Ժամանակին և ճիշտ վերահսկումը ապահովում են անվտանգ հղիություն և առողջ երեխա։

 

Աղբյուրը՝ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»