Հղիության բնականոն ընթացքի ժամանակ կնոջ համար ֆիզիկական չափավոր ծանրաբեռնվածությունը պարզապես անհրաժեշտություն է։
Մարմնամարզությունն ու շնչառական վարժանքները դրականորեն են ազդում ոչ միայն հղիության ընթացքի, այլև ծննդաբերության վրա։ Թույլատրելի ու բժշկի կողմից Ձեզ ցուցված վարժանքները կօգնեն ամրացնել մկանները, լավացնել օրգանիզմում արյան շրջանառությունը։
Կանայք, ովքեր հղիության շրջանում մարմնամարզությամբ են զբավում, սովորաբար ծննդաբերում են ավելի հեշտ, առանց բարդությունների ու ավելի կարճ ժամանակամիջոցում։
Մանկաբարձ-գինեկոլոգ Տարոն Ղազարյանը հորդորում է հղիության ընթացքում խուսափել պրոֆեսիոնալ սպորտով զբաղվելուց, փոխարենը խորհուրդ է տալիս գինեկոլոգի խորհրդով կատարել որոշակի վարժանքներ։
«Ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը հանգեցնում է արյան շրջանառության վատացման, ինչն էլ դառնում է պտղի վատ զարգացման պատճառ: Սա կարող է հանգեցնել վիժման։ Այդ իսկ պատճառով ֆիզիկական ակտիվությունը ևս պետք է չափավորել»,- ասում է բժիշկը։
Տարոն Ղազարանի խոսքով՝ հղիության ընթացքում կնոջ ֆիզիկական ակտիվության չափը կախված է մի քանի հանգամանքից՝ քանի՞ ամսական է պտուղը, հղիության ընթացքից ու ապագա մայրիկի անհատական տվյալներից:
Բժիշկը խորհուրդ է տալիս առավել զգույշ լինել հղիության առաջին եռամսյակում։
«Այս շրջանում փորձեք խուսափել ֆիզիկական վարժություններից, քանի որ հղիության հենց առաջին եռամսյակում են ձևավորվում պտղի ներքին օրգաններն ու ընկերքը։ Այս ժամանակահատվածը շատ ռիսկային է ու վտանգավոր», -ասում է Տարոն Ղազարյանը։
Ըստ բժիշկ Ղազարյանի՝ եթե հղիության ընթացքում մոր մոտ չկան բարդություններ (վիժման վտանգ, զարկերակային անկայուն ճնշում, արյունահոսություն, բորբոքային պրոցեսներ և այլն), ապա նա կարող է ֆիզիկական որոշակի վարժություններ կատարել։
Սակայն այդ վարժությունները չպետք է ենթադրեն ակտիվ շարժումներ (վազք, ցատկ, ձիավարություն, հեծանվասպորտ, ծանրության բարձրացում և այլն)։
Փոխարենը բժիշկը խորհուրդ է տալիս զբաղվել լողով ու օրվա ընթացքում մի քանի րոպե քայլել մաքուր օդում։
«Լողն ու ամենօրյա զբոսանքը լավացնում են արյան շրջանառությունը, կարգավորում են սրտանոթային համակարգի բնականոն աշխատանքը, կանխում են շնչառական հիվանդությունների առաջացումն ու ավելորդ կիլոգրամների կուտակումը։ Միևնույն ժամանակ լողն ու հաճելի զբոսանքը հրաշալի կերպով կհանգստացնեն ապագա մոր նյարդերը, կմեղմեն սթրեսային ու լարված իրավիճակները»։
Անդրադառնալով այսօր արդեն մեծ տարածում ունեցող յոգային ու հատուկ հղի կանանց համար նախատեսված մարմնամարզությանը՝ բժիշկը խորհուրդ տվեց նախ խորհրդակցել գինեկոլոգի հետ, ապա ուշադրություն դարձնել մարզչի որակավորմանն ու փորձին։
Հեղինակ՝ Արփի Մուրադյան



