Հղիությունն ու ծննդաբերությունը կնոջ կյանքի կարևորագույն փուլերից են։ Բայց ոչ միշտ են դրանք անցնում առանց խնդիրների ու բարդությունների։
Հաճախ ծննդաբերությունից հետո կանայք բախվում են մի շարք անցանկալի երևույթների։
Մանկաբարձ-գինեկոլոգ Տարոն Ղազարյանի հետ կփորձենք հասկանալ՝ ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ կանաց մոտ ծննդաբերությունից հետո և ինչպե՞ս կարելի է դրանք վերացնել։
-Ծննդաբերությունից հետո հիմնականում ինչպիսի՞ խնդիրների են բախվում կանայք։
Ծննդաբերությունից հետո կանաց շրջանում ամենից հաճախ առաջանում են ավելորդ քաշի, հղիությունից մնացած մարմնի զոլերի, կախ ընկած որովայնի ու երակների վարիկոզ լայնացման հետ կապված խնդիրներ։
- Ավելորդ քաշ հղիությունից հետո․ ինչպե՞ս պայքարել սրա դեմ։
Հղիությանը հաջորդող առաջին ամիսներին կանայք շատ դեպքերում ոչ թե նիհարում են, այլ շարունակում են գիրանալ։ Սա պայմանավորված է մեծ քանակությամբ սնունդ ընդունելու հանգամանքով։ Իհարկե, հնարավոր է՝ հորմոնային խանգարումներ էլ լինեն, որոնք կնպաստեն քաշի ավելացմանը, բայց իր մեծ դերը ունի մեծ քանակությամբ սնունդը։
Կերակրող մայրերը պետք է փորձեն կարգավորել իրենց սննդակարգը։ Այն պետք է լինի հագեցած վիտամիններով ու օգտակար սննդանյութերով։ Օրվա ընթացքում կարելի է ուտել մի քանի անգամ՝ փոքր քանակությամբ։ Իհարկե, շատ ավելի ցանկալի կլինի, եթե կանայք սննդակարգի որոշակի ռեժիմ մշակեն ու սնվեն նույն ժամերին։ Պետք է օրվա ընթացքում մեծ քանակությամբ հեղուկ օգտագործել, այն ոչ միայն լավացնում է նյութափոխանակությունը, օրգանիզմը մաքրում է թունավոր նյութերից, այլև մեղմում է քաղցի զգացողությունը։ Պետք է սահմանափակել նաև քաղցրի օգտագործումը։ Շատ գովելի կլինի, եթե կոնֆետն ու խմորեղենը փոխարինեք թարմ մրգերով ու հատապտուղներով։
Քանի որ ծննդաբերությանը հաջորդող սկզբնական շրջանում ֆիզիկական վարժությունները նախընտրելի չեն, փորձեք խուսափել դրանցից։
Փոխարենը օրվա ընթացքում ավելի շատ քայլեք:
-Կախ ընկած որովայն։ Ո՞րն է այս երևույթի պատճառը ու ինչպե՞ս պայքարել դրա դեմ։
Հղիությունից հետո կանանց մեծամասնության մոտ կախվում է որովայնը։ Սրա պատճառն այն է, որ հղիության ընթացքում կնոջ որովայնի առաջնային պատը խիստ ձգվում է, իսկ ծննդաբերությունից հետո այն կախ է ընկնում: Որպեսզի խուսափեք այս երևույթից, կարող եք հղիության ընթացքում որոշակի վարժություններ անել։
Իսկ եթե չեք արել, կարելի է ծննդաբերությունից որոշ ժամանակ անց փորի մկանների ձգման հատուկ վարժությունների միջոցով վերականգնել նախնական տեսքը: Ձգող քսուքներն ու լոսյոնները ևս կարող են օգնել։
-Ծննդաբերությունից հետո մարմնի վրա առաջացած զոլերը կանանցից շատերին է անհանգստացնում․ ինչպե՞ս ազատվել դրանցից։
Զոլեր առաջանում են գրեթե բոլոր կանանց մոտ։ Դրանք հիմնականում լինում են որովայնի, ազդրերի ու թևերի շրջանում: Եթե մաշկի գույնը բաց է, ու զոլերը շատ նկատելի չեն, ապա կարող եք А, Е վիտամիններ ու կոլագեն պարունակող քսուքների օգտագործման միջոցով ազատվել դրանցից։ Իսկ եթե դրանք շատ արտահայտիչ են, քսուքները կմեղմեն դրանց տեսքը։ Ժամանակակից խնամքի կենտրոններում կարելի է դրանցից ազատվել նաև նորագույն սարքավորումների միջամտությամբ։
-Երակների վարիկոզային լայնացում․ ինչպե՞ս պայքարել դրա դեմ։
Հղիության ընթացքում պետք է կատարել որոշակի վարժություններ՝ վարիկոզի առաջացումը կանխելու համար: Անպայման պետք է հետևել բժշկի ցուցումներին։ Իսկ ծննդաբերությունից հետո վարիկոզի հետքերը վերացնելու համար կես տարի կարող եք հատուկ գուլպաներ հագնել կամ հակավարիկոզային քսուքներ օգտագործել, դրանք դրական ազդեցություն կունենան։ Սակայն դեղորայքային միջոցները օգտագործեք միայն բժշկի նշանակմամբ։
Երբեմն կիրառվում է նաև վիրահատական միջամտություն։ Սակայն սա կախված է արդեն լայնացած երակների չափսից։ Վիրահատական միջամտության կարելի է դիմել միայն ծննդաբերությունից 3 ամիս հետո։
Հեղինակ՝ Արփի Մուրադյան



