Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի են ունենում մի շարք փոփոխություններ. փոխվում են նրա սովորությունները, ապրելակերպը, վարքագիծն ու սննդակարգը:
Բայց ապագա մայրիկներն իրենց սննդակարգին պետք է հետևեն ամենայն լրջությամբ: Հորմոնային համակարգում տեղի ունեցած փոփոխություններով պայմանավորված՝ հաճախ փոխվում են նաև կնոջ նախասիրությունները սննդի վերաբերյալ: Այս շրջանում է, որ ապագա մայրիկների մի ստվար զանգվածի մոտ մեծ հետաքրքրություն է առաջանում, օրինակ, կծու սննդամթերքների նկատմամբ:
Սովորաբար ապագա մայրիկները հղիության ընթացքում ընդունում են այն սնունդը, որը ցանկանում են: Եվ դա մեծամասնության մոտ լուրջ խնդիրներ չի առաջացնում: Բայց պետք է հիշել, որ մարդկանց օրգանիզմը նույնը չէ: Իսկ հատկապես կծու սնունդը տարբեր կերպ կարող է ազդել հղիների օրգանիզմի վրա:
Այս շրջանում մարսողական համակարգում կարող են ի հայտ գալ որոշակի խնդիրներ, իսկ կծու սննդամթերքը էլ ավելի կսրի դրանք:
Մասնագետների մի մասի կարծիքով՝ հղիության առաջին շրջանում կծու սննդի չափավոր օգտագործումը կարող է դրական ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա: Այն կլավացնի ախորժակը, կօգնի խուսափել մրսածությունից:
Բայց ապագա մայրիկները պետք է հաշվի առնեն, որ կծու մթերքները նաև կարող են բացասաբար ազդել օրգանիզմի վրա: Դրանք ստամոքսում առաջացնում են ուժեղ այրոց, իսկ ապագա մայրիկների մոտ հղիության ընթացքում այս խնդիրը առանց այն էլ առկա է: Բացի այդ, կծուն ուժեղ ծարավ է առաջացնում, իսկ հեղուկի չափից ավելի օգտագործումը կնպաստի փքվածությանը: Հնարավոր է, որ սրտխառնոց ու փորլուծություն էլ ունենաք:
Իսկ եթե աղեստամոքսային համակարգում ունեք որոշակի խնդիրներ, ապա կծու սնունդը հակացուցված է:
Աղբյուրը՝ club-mam.com



