Հղի կնոջ աշխատանքային իրավունքները. որքա՞ն ժամանակահատվածում և ո՞ր դեպքում չի կարող լուծարվել հղիի աշխատանքային պայմանագիրը

Հարցերին պատասխանում են «Legal Advice» իրավաբանական, փաստաբանական ծառայության մասնագետները:

 

Կարո՞ղ է, արդյոք, գործատուն աշխատանքի ընդունել հղի կնոջը:

 

ՀՀ օրենսդրությամբ չկա որևէ նորմ, որն արգելում է հղի կնոջ հետ աշխատանքային պայմանագրի կնքումը։

Ըստ օրենքի` որքա՞ն ժամանակահատվածում և ո՞ր դեպքում չի կարող լուծարվել հղիի աշխատանքային պայմանագիրը:

 

ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 114 հոդվածով սահմանված են գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու արգելքները։ Մասնավորապես, աշխատանքային պայմանագրի լուծումը վերջինիս նախաձեռնությամբ արգելվում է հղի կանանց հետ` հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը։

 

Ո՞ր դեպքում կարող է լուծարվել հղիի կամ մինչև 3 տարի ֆիզարձակուրդում գտնվող կնոջ պայմանագիրը:

 

ՀՀ Աշխատանքային օրենսգրքի հոդված 114-ը սահմանում է գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու արգելքները: Մասնավորապես, համաձայն նշված հոդվածի 1-ին կետի 2.1 ենթակետի՝ պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է հղի կանանց հետ` հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը:

Միևնույն ժամանակ նույն հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման) հետևանքով աշխատանքային պայմանագիրը լուծելիս չեն կիրառվում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումները:

 

Ի՞նչ կարող է անել հղին, եթե խախտվել են աշխատանքային իրավունքները:

 

 

Հղի կանայք և առհասարակ աշխատողներն աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում համապատասխան անհատական իրավական ակտը ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, իրավունք ունեն՝ դիմելու դատարան: Հարկ է նաև նշել, որ աշխատողները, աշխատանքից ազատվելու կապակցությամբ դիմելով դատարան, ազատվում են պետական տուրք վճարելու պարտականությունից: