Ուրեապլազմոզ. ախտանշանները և բուժումը

Ուրեապլազմոզն ինֆեկցիա է, որը փոխանցվում է սեռական ճանապարհով, այն առաջացնում են ուրեոպլազմա անվամբ հայտնի միկրոօրգանիզմները:

Ուրեապլազմաները մանրէներ են, որոնք ապրում են մարդու սեռական օրգանների և միզուղիների լորձաթաղանթում: Կարող են մի շարք հիվանդությունների պատճառ դառնալ, բայց այն երբեմն հայտնաբերվում է նաև առողջ մարդկանց մոտ:

Վարակման եղանակները

Ուրեապլազմայով վարակվել հնարավոր է մորից`ծննդաբերության ժամանակ: Մանրէները հայտնաբերվում են նորածինների սեռական օրգանների վրա և քթըմպանում: 

Մեծահասակները վարակվում են սեռական հարաբերությունների միջոցով: Կենցաղի միջոցով վարակի փոխանցումը քիչ հավանական է:

Ինչպես է դրսևորվում

Ուրեապլազման կարող է հետևյալ հիվանդությունների պատճառ դառնա.

  • Ուրետրիտ
  • Արգանդի և փողերի բորբոքային հիվանդություն
  • Միզաքարային հիվանդություն
  • Վիժումներ և վաղաժամ ծննդաբերություն:

Հիվանդության ինկուբացիոն շրջանը 4 օրից մինչև մեկ ամիս է: Այս ընթացքում հիվանդությունը որևէ կերպ զգացնել չի տալիս, բայց մարդն արդեն իսկ ինֆեկցիայի կրող է և կարող է այն փոխանցել ուրիշներին:  Ինկուբացիայի ավարտից հետո հիվանդի մոտ առաջանում են ուրետիտի նշաններ՝ այրոց և ցավ միզուղիներում միզարձակման ժամանակ, ինչպես նաև լորձային արտադրություն, առավել հաճախ`առավոտյան: Դեպքերի մեծամասնության պարագայում, հատկապես կանանց մոտ,  ուրեապլազմոզը զարգանում է թույլ արտահայտված ախտանշաններով, ինչը անհանգստության տեղիք չի տալիս, և հիվանդությունն աննկատ է մնում:  Եթե հիվանդը չի բուժվում, մի քանի օր անց ուրետրիտի նշաններն անցնում են, սակայն հիվանդությունը մնում է, այն բույն է դնում միզուղիներում, կանանց դեպքում նաև հեշտոցում ու արգանդում`սպասելով հարմար պահի: Իսկ հարմար պահը կարող է լինել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, սթրեսը, թույլ մրսածությունը և այլն:

Ուրեապլազմոզը երկար ժամանակ առանց բուժման թողնելը տղամարդկանց մոտ երկրորդային անպտղության պատճառ է դառնում, իսկ կանանց մոտ առաջացնում է հեշտոցի, արգանդի պատերի բորբոքում, ցիստիտ ու անգամ պիելոնեֆրիտ:  Այս պարագայում հիվանդությունն առավել դժվար է բուժվում, քանի որ ամուր բույն է դրել օրգանիզմում:

Ուրեոպլազման թուլացնում է օրգանիզմի պաշտպանությունը`այն առավել ընկալունակ դարձնելով զանազան այլ սեռական հիվանդություններ նկատմամբ:

Ուրեապլազմոզը և հղիությունը

Հաճախ պատահում է, որ կինը հղիության ժամանակ է միայն պարզում, որ ուրեապլազմոզով է վարակված: Ժամանակակից բժշկությունը կարող է պահպանել հղիությունը և բուժել կնոջը:

Իսկ եթե հիվանդությունը չբուժվի, երեխան կարող է վարակվել ծննդաբերության ժամանակ, իսկ կնոջ մոտ էլ հիվանդությունը կթևակոխի նոր`ավելի բարդացված փուլ:

Բուժումը

Բուժումը սկսում են միայն մանրակրկիտ հետազոտություններից հետո: Բուժման հիմնական բաղադրիչը հակաբիոտիկային թերապիան է: Բուժումը սովորաբար տևում է միջինում 2-3 շաբաթ: Բուժման արդյունքում կամ բոլոր մանրէները վերանում են, կամ որոշ մանրէներ դիմանում են, տվյալ հակաբիոտիկի նկատմամբ կայունություն ձեռք բերում, ու ավելի է դժվարանում դրանք բուժելը: Ուստի շատ կարևոր է, որ միանգամից ճիշտ բուժում նշանակվի, այլապես մի քանի սխալ բուժումներից հետո հիվանդությունը բուժելը չափազանց դժվարանում է:

Ի դեպ, պետք է բուժվեն զուգընկերները միասին, այլապես բուժումից հետո սեռական հարաբերություն ունենալու պարագայում նորից վարակում տեղի կունենա:

 

Նյութը պատրաստվել է՝ ըստ medportal.ru  և  venerolog.com կայքերի