Ո՞րն է առատ կաթնարտադրության գլխավոր նախապայմանը

Հետ ծննդյան շրջան

Նորածնի համար  մայրական կաթը լիարժեք սնունդ է:

Այն պարունակում է փոքրիկին  անհրաժեշտ բոլոր սննդանյութերը: Հետազոտությունները պարզել են, որ մոր կաթն իր  որակական ու քանակական կազմով համապատասխանում է երեխայի բոլոր սննդային պահանջներին:

Բժիշկները խորհուրդ են տալիս մինչև  6 ամսական երեխաներին կերակրել բացառապես կրծքի կաթով։

Մայրիկներին հաճախ է   մտահոգում այն հարցը, թե  ինչպես  կարող են նպաստել կաթնարտադրությանը։ Այս հարցի շուրջ զրուցել ենք Սեբաստիա բժշկական կենտրոնի մանկաբույժ Գոհար Դավթյանի հետ։

-Ինչպե՞ս է առաջանում մայրական կաթը։

Մայրական կաթը արտադրվում է ալվեոլներում, որոնք բաղկացած են կաթ արտադրող բջիջներից։ Ալվեոլը շրջապատված է մկանային թելիկներով, որոնք կծկվում են ու արտամղում կաթը։ Այնուհետև ալվեոլից այդ կաթը դուրս է գալիս ծորանների միջոցով։ Մինչև պտուկին հասնելը ծորանները լայնանում են ու առաջացնում կաթնախորշեր, որտեղ կուտակվում է կաթը։ Պտուկի մոտ հասնելիս ծորանները դարձյալ նեղանում են։  Երբ երեխան ծծում է կուրծքը, գրգռում է պտուկի նյարդային  վերջույթները։ Նյարդաթելերի միջոցով այդ գրգիռը հասնում է հիպոֆիզին, որտեղ էլ տեղի է ունենում  կաթի ու  կաթնամղումը խթանող հորմոնների՝ պրոլակտինի և օքսիտոցինի արտադրումը։

-Կրծքի չափսը կապ ունի՞  արտադրվող կաթի քանակի հետ։

Ո՛չ, արտադրվող կաթի քանակը կապ չունի կրծքագեղձի չափսի հետ: Կաթը բազմաբաղադրիչ գեղձազատուկ է, իսկ  տարբեր չափսի կրծքագեղձերում առկա գեղձային հյուսվածքների քանակը գրեթե նույնն է։ Իսկ կնոջ կրծքագեղձի ձևն ու չափսը որոշվում է գենետիկորեն։  Դրանք հիմնականում պայմանավորված են շարակցական և ճարպային հյուսվածքների քանակով։

-Ինչպիսի՞ սնունդ  պետք է օգտագործի մայրը՝ առատ կաթ ունենալու համար։

  Որևէ հատուկ սննդակարգ չկա, որին պարտադիր պետք է հետևել։ Մայրը պետք է  հանգիստ վիճակում լինի, հեռու սթրեսային իրավիճակներից։ Օրվա ընթացքում պետք է  մեծ քանակությամբ հեղուկ օգտագործի՝ մոտ երկու լիտր: Մայրը պետք է սնվի ռեժիմով։ Շատ կարևոր է, որ կերակրող մոր սննդակարգում լինեն սննդային հարուստ մանրաթելեր։ Դրա համար պետք է ամեն օր օգտագործել թարմ կամ ջերմային մշակում անցած բանջարեղեն, միրգ ու հատապտուղ։

Ամենակարևորը՝  պետք է հիշել, որ  առատ կաթ ունենալու առաջին ու ամենակարևոր նախապայմանը երեխային կրծքով երկար կերակրելն է։ Կաթնարտադրությունը նաև վերահսկվում է կրծքագեղձերում: Ու եթե կուրծքը չի դատարկվում, կաթի արտադրությունը դադարում է։ Դրա պատճառը կաթում առկա   ինհիբիտորներն են: Երբ կրծքերում շատ կաթ է կուտակվում, ինհիբիտորն արգելակում է գեղձային բջիջներից կաթի հետագա արտադրությունը։  Դա կրծքագեդձերը պաշտպանում է չափից շատ լցվելուց: Եթե կաթը դուրս է մղվում կրծքագեղձից,  արտամղվում է նաև  ինհիբիտորը,  ու կրծքագեղձը շարունակում է շատ կաթ արտադրել:

 

Հարցազրույցը՝  Արփինե Մուրադյանի

Գովազդ