Ինչպե՞ս ճիշտ սնվել կրծքով կերակրելիս, որպեսզի կաթնարտադրությունը մեծանա

Հետ ծննդյան շրջան

Կրծքով կերակրելու ընթացքում ճիշտ սնվելը շատ կարևոր է, քանի որ կնոջ ընդունած սնունդը ուղղակիորեն ազդում է ոչ միայն իր, այլև փոքրիկի օրգանիզմի վրա։

Ձեր օգտագործած որոշ սննդամթերքներ, հնարավոր է, փոքրիկի օրգանիզմը չնդունի։ Դրանք կարող են գազեր ու ալերգիկ երևույթներ առաջացնել երեխայի մոտ։

Իսկ թե ինչպես ճիշտ սնվել առատ կաթնարտադրություն ուենալու և փոքրիկի մոտ խնդիրների առաջացումից խուսափելու համար, կօգնի հասկանալ մանկաբույժ Էմմա Մելիքյանը։ 

«Նախ պետք է հիշեցնեմ բոլոր կերակրող մայրիկներին, որ առատ կաթնարտադրության  ամենաառաջին նախապայմանը երեխային  հաճախակի կերակրելն է։ Որքան արդյունավետ կուրծք ուտի Ձեր փոքրիկը, այնքան ավելի առատ կաթ կարտադրվի Ձեր օրգանիզմում։

Իսկ թե ինչ սնունդ ընտրել  կրծքով կերակրման շրջանում, գրականությունը երբեք չի գրում»։

 

  1. Հիմնական սնունդ

Ընդհանրապես կերակրող մայրը կարող է ամեն ինչ ուտել, բայց  չափավոր: Հիմնական սնունդը պետք է լինի սպիտակ ու խաշած: Կերակրող մայրիկներին խորհուրդ է տրվում օրվա ընթացքում ուտել 200 գրամ տավարի կամ  հավի կրծքամիս։  Միսը եփելիս պետք է առաջին ջուրը թափել, իսկ երկրորդով հանգիստ կարելի է ապուր պատրաստել։ Կերակրող մայրը կարող է օրական մինչև 150 գրամ կաթնաշոռ,  700-800 գրամ թարմ միրգ ու բանջարեղեն ուտել։ Այս շրջանում սննդակարգում կարելի է ներառել նաև տարբեր շիլաներ՝ հնդկաձավարի, վարսակի և այլն:

 Կերակրող մայրիկը կարող է ուտել նաև խորոված, տոլմա ու նմանատիպ այլ ճաշատեսակներ, բայց փոքր քանակով:

 

  1. Բավարար հեղուկ

Շատ կարևոր է նաև, որ մայրիկը օրվա ընթացքում իր օրգանիզմին անհրաժեշտ հեղուկի քանակն ապահովի:

Ամռանը կերակրող կինը պետք է խմի 3 լիտր, իսկ ձմռանը՝ 1.5-2 լիտր հեղուկ:

 

  1. Որոշ սահմանափակումներ

Հիմնական սննդամթերքը, որը երեխայի մոտ գազեր է առաջացնում, հատիկավորներն են՝  ոլոռ, ոսպ, լոբի և այլն։ Բայց դրանք էլ սննդից բացառելը ճիշտ չէ: Այդ մթերատեսակները  մեծ քանակությամբ սպիտակուցներ են պարունակում, որոնք անհրաժեշտ են մեր օրգանիզմին: Կարելի է ուտել դրանք, բայց շատ քիչ քանակությամբ, օրինակ՝՝ սուրճի ափսեի չափով:

Պետք է սահմանափակել նաև կծու, թթու ուտեստներն ու կոֆեին պարունակող սննդամթերքները։

Ըստ բժշկուհու՝ կաթնարտադրությունը մեծացնելու համար հատուկ որևէ բան անել պետք չէ: Անհրաժեշտ է ուղղակի առողջ ու չափավոր սնվել: Էմմա Մելիքյանը նաև բոլոր կանանց խորհուրդ է տալիս այս ընթացքում խուսափել զանազան դիետաներից, որոնք կարող են վնաս հասցնել օրգանիզմին։

Գովազդ