Ի՞նչ պետք է ուտի և չուտի կրծքով կերակրող մայրը․ ներկայացնում է նորածնային բաժանմունքի ղեկավարը

Հետ ծննդյան շրջան

Ի՞նչ սննդակարգ պետք է ունենա կրծքով կերակրող մայրը՝ հարց, որը հուզում է նոր ծննդաբերած բոլոր կանանց։

Նորաթուխ մայրիկներին ծանոթ է իրավիճակը, երբ ծնվում է երեխան, ու շրջապատի մարդիկ՝ ընկերներ, տատիկներ, հարևաններ, սկսում են կիսվել սեփական փորձով ու խորհուրդներով՝ ինչպե՞ս սնվել, ի՞նչն ընդգրկել ու ի՞նչը բացառել սննդակարգից, ի՞նչ չափաբաժնով սնվել և այլն: Եվ շատ հաճախ այդ տարատեսակ ու որոշ դեպքերում միմյանց հակասող ինֆորմացիոն հոսքի մեջ մայրիկներն ուղղակի շփոթվում են՝ չիմանալով ինչպես վարվել:

Այս և այլ հարցերի պատասխաններ մենք փորձել ենք պարզել «Գրիգոր Նարեկացի» ԲԿ նորածնային բաժանմունքի վարիչ, նեոնատոլոգ-մանկաբույժ, բ․գ․թ․ Մարի Դարակչյանի հետ։

 

-Տիկին Դարակչյան, ի՞նչ պետք է ուտի կրծքով կերակրող մայրիկը ծննդաբերությունից հետո, որպեսզի փոքրիկի համար իր առաջին սնունդը դյուրամարս լինի: Կա՞ որևէ սահմանափակում։

-Այդ հարցը շատ է հետաքրքրում մայրիկներին, քանի որ կա այնպիսի միֆ, որ եթե մայրն ուտում է ամեն ինչ, երեխայի մոտ գազեր են առաջանում։  Պետք է կրկնեմ, որ սա միֆ է: Մայրիկները հիմնականում կարող են ուտել ամեն ինչ, չկա որևէ սահմանափակում: Նրանք պետք է սնվեն առողջ՝ իրենց սննդակարգ ներառելով բազմազան սնունդ, որպեսզի կարողանան լրացնել կալորիաների, վիտամինների  ու մակրո-միկրո էլեմենտների պահանջը, որոնց կարիքը ունի թե՛ նոր ծննդաբերած մոր օրգանիզմը և թե՛ երեխայի օրգանիզմը: Այս դեպքում սահմանափակումը միայն քանակի մեջ է։ 

 -Իսկ ճի՞շտ է, արդյոք, որ կրծքով կերակրող մոր օրգանիզմն ավելի շատ կալորիաների կարիք ունի։

-Կարևոր է, որ մայրերը կերակրելու ընթացքում ընդունեն փոքր-ինչ ավելի շատ կալորիաներ, քան որ ընդունում էին, երբ չէին կերակրում կրծքով։ Խոսքն օրական 450-500 կիլոկալորիաների ավելցուկի մասին։ Այսինքն՝ եթե համեմատենք կրծքով կերակրող կանանց օրական սննդային պահանջները կրծքով չկերակրող կանանց օրական սննդային պահանջների հետ, ապա դրանք միջինում միմիանցից տարբերվում են 450-500 կիլոկալորիաներով։ Իհարկե, այդ կալորիաների քանակը նաև կախված է կերակրող մոր տարիքից, նրա մարմնի զանգվածի ինդեքսից, ինչպես նաև ակտիվության մակարդակից ու կրծքով կերակրման երկարատևությունից: Պետք է ասել, որ մայրերը, որոնք բացառապես կրծքով են կերակրում, ավելի հաճախ են կորցնում կալորիաները, ինչն օգնում է նրանց շատ ավելի շուտ վերադառնալ նախկին կազմվածքին, քան այն մայրերը, որոնք խառը տիպի սնուցում են իրականացնում կամ ընդհանրապես կրծքով չեն կերակրում:             

-Կարծրատիպ կա, որ լոբազգիները, ընդեղենը, ընկուզեղենը և որոշ մրգեր պետք է բացառել սննդակարգից, եթե կերակրում ես կրծքով։ Ի՞նչ կասեք սրա վերաբերյալ։

-Դա սխալ մոտեցում է։ Մայրիկը պետք է օրական մոտ 250 գրամի չափով տարբեր սննդատեսակներից օգտվի, որոնք պարունակում են սպիտակուցներ։ Իսկ սպիտակուցների մեծ պաշար կա մսի, լոբազգիների, ձվի, ընկույզի, պնդուկի  և նմանատիպ այլ մթերքների մեջ։ Նման կարծրատիպերի շարքից են նաև կաթնամթերքը, սակայն այն ևս կարևոր տեղ է զբաղեցնում կերակրող մոր սննդակարգում։ Նա օրական պետք է ընդունի մոտ 3 բաժակի չափով կաթնամթերք՝ կաթ, յոգուրտ, մածուն, պանրի տարբեր տեսակներ և այլն։         

-Իսկ ի՞նչ սննդատեսակ պետք է անպայման ընդգրկված լինի կրծքով կերակրող մայրիկի սննդակարգում։

- Կերակրող մոր սննդակարգում ամեն օր պետք է ընդգրկված լինի միջինում երկու բաժակ կտրատված միրգ, երեք բաժակ կտրատված բանջարեղեն: Դրանք կարող են լինել ինչպես եփված, այնպես էլ հում վիճակով:  Կրծքով կերակրող մոր սննդակարգում պետք է լինի նաև ձավարեղեն՝ մոտ 250 գրամի չափով, հաց, կես բաժակի չափով մակարոնեղեն, բրինձ և այլն:

Յոդ

Խոսելով կրծքի կաթի առանձին տարրերի մասին՝ պետք է առանձնացնել յոդի պարունակությունը, որը հանդիսանում է անհրաժեշտ բաղադրիչ վահանաձև գեղձի հորմոնների սինթեզման համար։ Եթե մոր մոտ վահանաձև գեղձի հորմոնները ցածր են, ապա դա ազդում է ինչպես պտղի ընդհանուր, այնպես էլ  նյարդաբանական զարգացման վրա՝ թե՛ հղիության ընթացքում, թե՛ ծննդաբերությունից հետո։ Երեխան պետք է մոր կաթի միջոցով ստանա իր համար բավարար յոդի պաշարը, հակառակ դեպքում յոդի անբավարարության հետևանքով երեխան կարող է հայտնվել կոգնիտիվ և պսիխոմոտոր զարգացման հապաղման ռիսկային խմբում։ Կրծքով կերակրման ժամանակ կնոջն օրական անհրաժեշտ է 290 նանոգրամ յոդ։ Եվ քանի որ վստահ չենք, որ մոր օրգանիզմում յոդի պաշարը բավարար կլինի, «Մանկաբույժների ամերիկյան ասոցացիան» խորհուրդ է տալիս, որ բոլոր հղի և կրծքով կերակրող կանայք հավելումների միջոցով հավելյալ յոդ ստանան։ Կան կանայք, որոնք ի սկզբանե ունեն յոդի պակաս: Նրանք հիմնականում այն կանայք են, որոնք ամեն օր չեն օգտագործում կաթնամթերք, յոդացված աղ, ծխում են կամ օգտագործում են որոշ մթերքներ, որոնք ունեն խպիպածին ազդեցություն։ Դրանցից են՝ բրոկոլին, կաղամբը և այլն։ Նման դեպքերում ևս կինը պետք է ստանա հավելումներ և այդ դեպքում անպայման ստուգի, թե այդ հավելումների միջոցով բավարար քանակությամբ յոդ ստանում է, թե ոչ։ 

Երկաթ

Մյուս կարևոր տարրը երկաթն է, որն անհրաժեշտ է, որպեսզի օրգանիզմում սինթեզվի հեմոգլոբինը, ինչը  պատասխանատու է արյան բջիջների՝ էրիտրոցիտների կողմից թթվածնի նորմալ տեղափոխման համար։  Երկաթը նաև պատասխանատու է երեխայի նյարդաբանական ճիշտ զարգացման համար։ Երեխաները, որոնք գտնվում են կրծքով սնուցման փուլում, առաջին 4 ամիսների ընթացքում ունեն երկաթի բավարար պաշար։ Պետք է հիշել, որ կրծքի կաթը պարունակում է բավականին քիչ երկաթ, այդ իսկ պատճառով «Մանկաբույժների ամերիկյան ասոցացիան»  խորհուրդ է տալիս՝ այն երեխաները, որոնք բացառապես կրծքով են սնվում, 4 ամսականից հետո  պետք է ստանան հավելյալ երկաթ կամ 6 ամսականից հետո ուտեն կարմիր միս, որը պարունակում է երկաթի բավարար քանակություն, ինչպես նաև շիլաներ, որոնք հարստացված են երկաթով։ Եթե երեխան սնվում է միայն կաթնախառնուրդով, ապա այս դեպքում երեխային հավելյալ երկաթ տալու կարիք չկա, քանի որ կաթնախառնուրդի մեջ կա բավարար քանակությամբ երկաթ:

Օմեգա 3

Ձկնեղենը կամ ծովամթերքը ևս խորհուրդ է տրվում  ներառել կերակրող կնոջ սննդակարգում, քանի որ դրանք հանդիսանում են «Օմեգա 3» ճարպաթթուների լավագույն աղբյուր, իսկ դա շատ կարևոր է երեխայի զարգացման համար։ Սակայն պետք է հիշել, որ անհրաժեշտ է ընտրել այնպիսի ձկնեղեն կամ ծովամթերք, որը պարունակում է «Օմեգա 3» և որում քիչ է սնդիկի պարունակությունը։ Ցանկալի է շաբաթվա ընթացքում օգտագործել 320-450 գր ձուկ։ Հայաստանի գետի ձկները լավագույն ընտրություն են այս հարցում, քանի որ օվկիանոսի մեծ ձկների մեջ հիմնականում մեծ է սնդիկի քանակությունը:

 

Շարունակելի

Հեղինակ՝ Լուսինե Պապյան

Գովազդ