Ինչպե՞ս խնամել  կուրծքը, որպեսզի  կերակրման  ընթացքում խուսափենք խնդիրներից. խորհուրդներ մասնագետից. մաս 1

Հետ ծննդյան շրջան

Մայրիկներից հաճախ ենք լսում, որ չկա ավելի հաճելի բան, քան երեխային կրծքով կերակրելու գործընթացը։ Սակայն լինում են դեպքեր, երբ այդ նույն մայրիկներից կարելի է լսել, որ կրծքով կերակրման ընթացքն անտանելի տանջանք է, քանի որ կերակրելու հետևանքով կրծքերին առաջանում են վերքեր։

Ինչպես խուսափել նման տհաճ իրավիճակներից կամ ինչպես բուժել առաջացած վերքերը, այս և այլ հարցերի շուրջ «Իմ փոքրիկ»-ը զրուցել է «Սլավմեդ» ԲԿ-ի կրծքով սնուցման մասնագետ, սնուցման խորհրդատու, մանկաբույժ Հասմիկ Լալայանի հետ։

 

-Ինչպե՞ս պատրաստվել կրծքով կերակրմանը հղիության ընթացքում։

- Կրծքով կերակրումը բարեհաջող ապահովելու համար ցանկալի է, որ ապագա մայրիկը հղիության ընթացքում արդեն իսկ ծանոթանա կրծքով սնուցման առավելություններին, կաթնարտադրության մեխանիզմին, կերակրման հմտություններին: Կինը պետք է իմանա, որ հղիության վերջին շաբաթների ընթացքում կրծքագեղձում արտադրվում է կաթնախեժ՝ կաթի առաջնային ձևը, որն էլ դառնալու է նորածնի առաջին կերակուրը: Հետևաբար խորհուրդ չի տրվում այս ընթացքում կթել կուրծքը: Լայն տարածված է նաև այն թյուր կարծիքը, թե հղիության ընթացքում անհրաժեշտ է հաճախ լվանալ և կոշտ սրբիչով շփել կուրծքը՝ կրծքով կերակրման ընթացքում ճաքերից խուսափելու համար: Նման մոտեցումն ավելի խոցելի է դարձնում կուրծքը: Խնդիրն այն է, որ հարպտկային շրջանում  տեղակայված մոնտհոմերյան գեղձերը արտադրում են հատուկ ճարպ, որը, օծելով պտուկը և հարպտկային դաշտը, առաջացնում է պաշտպանիչ շերտ, իսկ օճառով հաճախակի լվացումները հեռացնում են այդ ճարպը, չորացնում այդ շրջանի մաշկը, հետևաբար նպաստում են հետագայում վնասվածքների առաջացմանը:

 

-Առաջին անգամ մայրացող կանանց մոտ տարածված խնդիրներից մեկը պտուկ «չունենալն» է։ Կա՞ն, արդյոք, մեթոդներ, որոնցով կարելի է շտկել իրավիճակը և հղիության կամ արդեն կերակրման ընթացքում  խուսափել խնդիրներից։

 

-Պտուկ «չունենալը» շատ հարաբերական հասկացություն է, որը շատ հազվադեպ է խանգարում կրծքով կերակրմանը: Չէ՞ որ կուրծքն արդյունավետ դատարկելու համար անհրաժեշտ է, որ բալիկը կուրծքը վերցնի խորը և իր բերանում պահի ոչ թե պտուկը, այլ նաև հարպտկային դաշտի հնարարավորինս լայն հատվածը, քանի որ կաթնածոցերը, որտեղ լցվում և դատարկվում է կաթը ծծման յուրաքանչյուր ակտի ընթացքում, տեղակայված են հենց այդ շրջանում: Այսպիսով՝ երեխան ծծում է ոչ թե պտուկը, այլ կուրծքը: Ավելացնեմ  նաև, որ կրծքին ճիշտ ամրակցման պարագայում մի քանի կերակրումներից հետո, որպես կանոն,  այսպես կոչված հարթ կամ ներընկած պտուկները լավ արտահայտվում են: Բոլոր դեպքերում խորհուրդ է տրվում յուրաքանչյուր կերակրումից առաջ նախօրոք մի փոքր խթանել կուրծքը, արտանկել պտուկը, ապա բալիկին մոտեցնել կրծքին՝ ամրակցումը հեշտացնելու նպատակով: Կարելի է օգտվել նաև պտուկի հատուկ արտանկիչից: Խիստ ներընկած պտուկների պարագայում, երբ պտուկի ձգանը չի թուլանում և նորածինը դժվարանում է կուրծքը բռնել, իրավիճակը ժամանակավորապես կարող է փրկել սիլիկոնե կրկնապտուկը՝ մինչև բալիկը ժամանակի ընթացքում կսովորի կուրծք բռնելը: Սակայն ուզում եմ զգուշացնել, որ կրկնապտուկի օգնությամբ ուտելու դեպքում կրծքի կաթը ամբողջությամբ չի դատարկվում և կրծքում խնդիրների առաջացման հավանականությունը մեծանում է:

Ավելացնեմ, որ հղիության ընթացքում ոչ մի մեթոդի դիմելու կարիք չկա:

 

- Որքանո՞վ են էֆեկտիվ պտուկների համար նախատեսված պաշտպանիչ և բուժիչ քսուքները: Մայրիկներից հաճախ ենք լսում «Լանսինո» քսուքի և դրա օգտագործման մասին: Անդրադառնանք սրան ևս։

-Նախևառաջ ասեմ, որ ճիշտ դիրքով կերակրելու դեպքում մայրիկները կխուսափեն պտուկի վնասվածքներից և ճաքերից: Սակայն երբեմն կերակրման հմտություններին չտիրապետող կամ անփորձ մայրիկների մոտ կարող են հանդիպել նման խնդիրներ, որոնց վերացման համար պետք է անհապաղ շտկել կերակրման դիրքը և ամրակցումը: Արդեն առաջացած վնասվածքների ու ճաքերի ամենալավ պաշտպանիչ և բուժիչ միջոցը մայրական կաթն է: Յուրաքանչյուր կերակրումից հետո խորհուրդ է տրվում տվյալ կրծքից կթել ճարպով հարուստ կաթից մի քանի կաթիլ, քսել այն պտուկին ու հարպտկային հատվածին, բաց թողնել մի քանի րոպե մինչև չորանալը: Այդ նպատակի համար կարելի է օգտագործել նաև զտված լանոլինի քսուք՝ առանց լրացուցիչ հավելումների, որը կերակրումից հետո  բարակ շերտով քսում են վնասված կրծքին: Կարելի է օգտագործել, օրինակ, «Լանսինո», «Պուրելան», «Լանոլինային բալզամ» և այլն:

-Պե՞տք է արդյոք լվանալ կուրծքը կերակրելուց առաջ, երբ բուժիչ կամ պաշտպանիչ քսուքներ ենք օգտագործում։

-Բուժիչ և պաշտպանիչ այնպիսի քսուքների օգտագործումից հետո, որոնք պարունակում են միայն զտված լանոլին, կերակրումից առաջ կուրծքը լվանալու կարիք չկա, այն անվնաս է բալիկի համար: Եթե օգտագործած քսուքը պարունակում է լրացուցիչ հավելումներ, այլ բաղադրիչներ կամ խոտաբույսեր, ապա, այո, անհրաժեշտ է կերակրելուց առաջ կուրծքը լվանալ :

 

-Իսկ եթե քսուքներ  չեն օգտագործում, անհրաժեշտություն կա՞ ամեն կերակրումից առաջ կուրծքը լվանալու, քանի որ մայրիկների մեծ մասը հենց այդպես էլ անում է։ Որքանո՞վ է ճիշտ նման մոտեցումը։

 

-Կերակրող մայրիկներից շատերը կարծում են, որ հաճախակի, մասնավորապես՝ ամեն կերակրումից առաջ կուրծքը անհրաժեշտ է լվանալ՝ ելնելով հիգիենիկ նկատառումներից: Ասեմ, որ դրա կարիքը չկա, բավարար է միայն օրական մեկ անգամ ցնցուղից օգտվել, եթե, իհարկե, գերքրտարտադրության խնդիր չկա: Ինչպես նշեցինք վերևում, հարպտկային շրջանում  տեղակայված մոնտհոմերյան գեղձերը արտադրում են հատուկ ճարպ, որն օծում է պտուկը և հարպտկային դաշտը՝ առաջացնելով պաշտպանիչ շերտ: Օճառով հաճախակի լվացումները կմաքրեն այդ ճարպը և նախօրոք կրծքին քսած մայրական ճարպոտ կաթը՝ բարձրացնելով մաշկի չորացմանը և վնասվածքների առաջացման հավանականության մեծացմանը:

 

այրանալուց հետո ինչպե՞ս պետք է խնամել կուրծքը՝ խնդիրներից  խուսափելու համար:

-Բալիկի ծնվելուց հետո բավարար է օրական միայն մեկ անգամ լոգանք ընդունելու ընթացքում կուրծքը օճառով լվանալ, իսկ յուրաքանչյուր կերակրումից հետո տվյալ կրծքից կթել ճարպով հարուստ մի քանի կաթիլ կաթ, քսել այն պտուկին ու հարպտկային հատվածին,  բաց թողնել մի քանի րոպե մինչև չորանալը, և վերջ: Կարևոր է կուրծքը պահել չոր, հագնել մաքուր  և հարմար՝ կուրծքը չճնշող ներքնազգեստ: Սա ցանկացած վնասվածքի դեպքում կկանխի ինֆեկցիայի ներթափանցումը կրծքագեղձ:

 

Շարունակելի

 

Հեղինակ՝ Լուսինե Պապյան

Գովազդ