Ինչպե՞ս դադարեցնել կրծքով կերակրումը. անհրաժեշտ քայլերն ու խնդիրները - մաս 1

Հետ ծննդյան շրջան

«Իմ փոքրիկ»-ը զրուցել է կրծքով կերակրման խորհրդատու, մասնագետ Անուշ Սաքանյանի հետ:

Մայրիկը որքա՞ն ժամանակ պետք է փոքրիկին կրծքով կերակրի:

Փոքրիկի կյանքի առաջին երկու տարիները համարվում են նրա «առողջության շենքի» հիմնաքարերը: Եթե հիմքն ամուր չլինի, ապա շենքի փլուզման հավանականությունը մեծ է: Տվյալ պարագայում՝ առողջական խնդիրներ ունենալու: Բազմաթիվ առողջապահական կազմակերպություններ խորհուրդ են տալիս կրծքով կերակրել առնվազն երկու տարի, իսկ հետո՝ ըստ մայրիկի և բալիկի ցանկության: Կրծքի կաթը փոքրիկի համար պարզապես անփոխարինելի է: Մինչև վեց ամսականը մայրիկը պետք է կերակրի երեխային բացառապես կրծքի կաթով, այնուհետ սկսի հավելյալ սննդի ներմուծումը: Չնայած նրան, որ կրծքի կաթով որոշակի կերակրումներ փոխարինվում են այլ սննդով, այնուամենայնիվ վեց ամսականից հետո դեռևս մի քանի ամիս կրծքի կաթը շարունակում է լինել երեխայի հիմնական սնունդը:  

 

Իսկ ինչպե՞ս դադարեցնել կրծքով կերակրումը:

Ավելի ուշ, երբ երեխան սկսում է օգտվել մեծերի սեղանից, կրծքով կերակրումների քանակն ինքնաբերաբար կրճատվում է: Ստացվում է, որ վեց ամսականից հետո մեկնարկում է կրծքով կերակրելու գործընթացի դադարեցման դանդաղ փուլը: Դադարեցումը պետք է կատարվի աստիճանաբար: Սկսում ենք ցերեկային կերակրումների քանակը նվազեցնելուց: Դադարեցման առավել ակտիվ պրոցեսը կախված է այնպիսի գործոններից, ինչպիսիք են՝ երեխայի ֆիզիկական ու հոգեկան վիճակը:

Ֆիզիկական կողմը  հիմնականում կապվում է փոքրիկի ատամների դուրս գալու հետ: Ատամների ակտիվ աճի շրջանում բալիկները, հատկապես գիշերները, շատ անհանգիստ են լինում: Ընթացքը ցավոտ է, երեխաները ցավից արթնանում են ու կծելու միջոցով հանգստացնում ցավերը: Կուրծքը ծծելն ու հենց կրծքի կաթը ամենից էական և օգնող գործոններն են երեխայի համար: Կրծքի կաթը պարունակում է իմունոգլոբիններ: Բարձրացնում է փոքրիկի իմունիտետն այն դեպքում, երբ ատամ հանելիս իմունիտետն ընկնում է:

Շատ ծնողներ, ցավոք, հենց ատամ հանելու ակտիվ շրջանում են դադարեցնում կրծքով կերակրումը: Նրանք մտածում են, թե երեխան կքնի, ձայն չի հանի, իրենք էլ կհանգստանան: Մինչդեռ այդ շրջանում կրծքով կերակրումը դադարեցնելուց հետո ավելի մեծ խնդիրների առաջ են կանգնում: Միևնույն է՝ ատամն աճում է, ցավը լինելու է, ուղղակի այդ ցավը փարատելու միջոց արդեն չկա փոքրիկի համար: Ցանկալի է, որ մայրիկն ըմբռնումով մոտենա երեխայի ատամ հանելու  դժվար վիճակին և գոնե այդ ժամանակահատվածում չզրկի բալիկին դրանից:

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան

Գովազդ