Հղիության միջին տևողությունը հաշվվում է 40 շաբաթ կամ 280 օր՝ վերջին դաշտանի առաջին օրվանից։ Այդ ամսաթվին կարելի է ավելացնել 280 օր՝ ստանալու ծննդաբերության մոտավոր՝ հաշվարկային ամսաթիվը։
Օրինակ՝ եթե վերջին դաշտանի առաջին օրը փետրվարի 20-ն է, հաշվարկային ծննդաբերության օրը կլինի մոտավորապես նոյեմբերի 27-ը։
Կա նաև ավելի պարզ հաշվարկ՝ վերջին դաշտանի առաջին օրվանից երեք ամիս հետ գնալ և ավելացնել 7 օր։ Սակայն այս մեթոդը լավագույնս համապատասխանում է կանոնավոր՝ մոտ 28-օրյա ցիկլին։
Կարևոր է հիշել, որ սա մոտավոր ամսաթիվ է, ոչ թե ծննդաբերության հստակ օրը։ Նորմալ հղիությունը կարող է տևել մոտավորապես 37–42 շաբաթ՝ հաշված վերջին դաշտանի առաջին օրվանից։
Իսկ ե՞րբ է տեղի ունենում բեղմնավորումը
40 շաբաթվա հաշվարկը կարող է սկզբում շփոթեցնել․ չէ՞ որ բեղմնավորումը տեղի է ունենում ավելի ուշ։
Պատճառն այն է, որ հղիության գեստացիոն տարիքը հաշվվում է վերջին դաշտանի առաջին օրվանից, այսինքն՝ մոտավորապես երկու շաբաթ ավելի վաղ, քան սովորաբար տեղի է ունենում բեղմնավորումը։ Այդ պատճառով, երբ բժիշկն ասում է, որ հղիությունը 10 շաբաթական է, դա չի նշանակում, որ բեղմնավորումը տեղի է ունեցել ուղիղ 10 շաբաթ առաջ։ Միջին հաշվով այն տեղի է ունենում մոտ երկու շաբաթ առաջ։
Սակայն պարտադիր չէ՝ օվուլյացիան տեղի ունենա ցիկլի 14-րդ օրը։ Դրա ժամկետը կարող է տարբեր լինել՝ կախված կնոջ ցիկլի տևողությունից և օրգանիզմի առանձնահատկություններից։ Այդ պատճառով բեղմնավորման օրը չպետք է պայմանավորել բացառապես դաշտանի ամսաթվով։
Իսկ որքանո՞վ է ճշգրիտ հաշվարկը
Վերջին դաշտանի առաջին օրվա հիման վրա հաշվարկն օգտակար մեկնարկային կետ է, սակայն այն պետք է հաստատել ուլտրաձայնային հետազոտությամբ։ Եթե դաշտանի առաջին օրը հստակ հայտնի չէ, ցիկլը անկանոն է կամ ուլտրաձայնային տվյալները զգալիորեն չեն համապատասխանում հաշվարկին, բժիշկը կարող է որոշել հղիության ավելի հավաստի ժամկետը՝ հաշվի առնելով հետազոտության արդյունքները։
Հղիության ժամկետները
Հղիության ժամկետը սովորաբար նշվում է շաբաթներով և օրերով։ Օրինակ՝ «10 շաբաթ և 3 օր» նշանակում է, որ հաշվարկային գեստացիոն տարիքը 10 շաբաթ և 3 օր է։
Հղիությունը նաև բաժանվում է երեք եռամսյակի.
- Առաջին եռամսյակ՝ մինչև 13 շաբաթ և 6 օր
- Երկրորդ եռամսյակ՝ 14 շաբաթից մինչև 27 շաբաթ և 6 օր
- Երրորդ եռամսյակ՝ 28 շաբաթից մինչև ծննդաբերություն։
Այս բաժանումը բժիշկներին օգնում է հետևել պտղի աճին և զարգացմանը, ինչպես նաև ճիշտ ժամանակին կազմակերպել հղիության ընթացքում անհրաժեշտ հետազոտությունները։
Կարևոր է․ հաշվարկային ծննդաբերության օրը միայն կողմնորոշիչ ամսաթիվ է։ Այդ օրը չծննդաբերելն ինքնին չի նշանակում, որ ինչ-որ բան սխալ է։ Եթե ցանկանում եք առավել ճշգրիտ որոշել հղիության ժամկետը, այն պետք է գնահատի ձեր մանկաբարձ-գինեկոլոգը՝ հաշվի առնելով վերջին դաշտանի ամսաթիվը և ուլտրաձայնային հետազոտության արդյունքները։
Աղբյուրը՝ Ամերիկյան մանկաբարձների և գինեկոլոգների քոլեջ, Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայություն



