Ձեր օրգանիզմը պատրաստվում է մեծ փոփոխությունների․ այն սկսում է հարմարվել նոր կյանքի զարգացմանը։
Կարող են ի հայտ գալ սրտխառնոց, հոգնածություն կամ այլ ախտանշաններ, իսկ որոշ կանայք, հակառակը, կարող են էներգիայի ավելացում զգալ։ Լսեք ձեր օրգանիզմին և անհրաժեշտության դեպքում փոխեք ձեր առօրյան։ Յուրաքանչյուր կին տարբեր է, և յուրաքանչյուր հղիություն նույնպես տարբեր ընթացք ունի։
Հղիության վաղ նշաններն ու ախտանշանները
Կանոնավոր դաշտանային ցիկլ ունեցող կանանց դեպքում հղիության ամենավաղ նշաններից մեկը դաշտանի ուշացումն է։
Երբեմն կարող է լինել նաև իմպլանտացիոն արյունահոսություն՝ թեթև դաշտանի կամ արյունային արտադրության նման։ Թեև այն կարող է լինել բնական երևույթ, հղիության ընթացքում ցանկացած արյունահոսության դեպքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ։
Հղիության առաջին շաբաթներին կարող են ի հայտ գալ նաև հոգնածություն, սրտխառնոց կամ հաճախամիզություն։
Հղիության վաղ շրջանի տարածված ախտանշանները
Հղիության առաջին շաբաթներին հորմոնալ փոփոխություններն ազդում են ամբողջ օրգանիզմի վրա։ Թեև հղիությունները տարբեր են լինում, այդուհանդերձ, առաջին եռամսյակում կարող են հանդիպել հետևյալ ախտանշանները․
- կրծքագեղձերի զգայունություն,
- տրամադրության կտրուկ փոփոխություն,
- սրտխառնոց կամ փսխում
- հաճախամիզություն,
- քաշի ավելացում կամ նվազում,
- արտահայտված հոգնածություն,
- գլխացավ,
- այրոց,
- ոտքերի մկանային կծկումներ,
- մեջքի ստորին հատվածի և կոնքի ցավ,
- որոշ սննդատեսակների նկատմամբ ուժեղ ցանկություն,
- նախկինում սիրելի սննդատեսակների նկատմամբ հակակրանք,
- փորկապություն։
Ինքնախնամքը հղիության առաջին եռամսյակում
Հղիության վաղ շրջանի ախտանշանները երբեմն կարող են շատ տհաճություն պատճառել։ Դրանք մեղմելու համար կարելի է բժշկի հետ նախապես խորհրդակցելուց հետո փորձել հետևյալ տարբերակները։
Հիշեք՝ ցանկացած ընտրություն պետք է կատարել՝ հաշվի առնելով ձեր ինքնազգացողությունը, նախընտրությունները և բժշկի խորհուրդները։
- Սրտխառնոցի կամ փսխման դեպքում կարող են օգտակար լինել կոճապղպեղը, երիցուկը, վիտամին B6-ը։
- Ոտքերի մկանային կծկումների դեպքում բժիշկը կարող է առաջարկել մագնեզիում կամ կալցիում։
- Փորկապության դեպքում, եթե բժշկի առաջարկած սննդակարգային փոփոխությունները բավարար չեն, երբեմն կարող են կիրառվել ցորենի թեփ կամ այլ մանրաթելային հավելումներ։
Առողջ սնունդը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարևոր են հղիության ամբողջ ընթացքում։
Շարունակեք ձեր սովորական ֆիզիկական ակտիվությունը այնքան ժամանակ, որքան այն ձեզ հարմար է և բժշկական հակացուցումներ չկան։ Հղիության ընթացքում ակտիվ լինելը կարող է օգնել ավելի հեշտ հարմարվել օրգանիզմի փոփոխություններին։
Կարևոր է նաև սննդարար և բազմազան սնունդը։ Ձեր և երեխայի աճող օրգանիզմին անհրաժեշտ են բավարար էներգիա, սպիտակուցներ, վիտամիններ և հանքանյութեր։
Փորձեք սննդակարգում ներառել տարբեր առողջ սննդատեսակներ՝ բանջարեղեն, միրգ, միս, լոբազգիներ, ընկույզ, պաստերիզացված կաթնամթերք։
Աղբյուրը՝ UNICEF



