Շատ կանանց պարագայում հղիության ընթացքում օրգանիզմում կատարվող փոփոխությունները ներառում են նաև ցելյուլիտը:
Դրա առաջացման հիմնական գործոնը տարիքը և քաշի կտրուկ փոփոխություններն են, ինչպես նաև ժառանգականությունը:
Դիետա հարկավոր չէ, բայց պետք է փոխել սննդակարգը
Բարեբախտաբար բազմաթիվ մեթոդներ կան, որոնք կարող են օգնել կնոջն ազատվել ցելյուլիտից հղիության ընթացքում կամ նվազագույնի հասցնել դրա դրսևորումները: Հղիության ընթացքում բացառվում են էքստրեմալ դիետաները, ծանրաբեռնված սպորտային մարզումները, ինչպես նաև հակացելյուլիտային կրեմները: Սակայն կայուն առողջ սնունդը, ինչպես նաև ապագա մայրիկների համար մշակված վարժանքների կոմպլեքսը կարող են օգնել ցելյուլիտի դեմ պայքարի գործում:
Նախ, կինը պետք է ազատվի մթերքներից, որոնք նպաստում են ցելյուլիտի առաջացմանը: Դրանց թվում են տապակած կերակուրը, արագ սնունդը, յուղոտ միսը և պանիրները, նրբերշիկները, պահածոյացված կերակուրները ինչպես նաև բարձր կալորիականություն ունեցող հրուշակեղենը, հատկապես կրեմ պարունակողները: Նաև ցանկալի է խուսափել մթերքներից, որոնք պարունակում են արհեստական արոմատիզատորներ և գունանյութեր:
Խորհուրդ է տրվում օգտագործել ոչ յուղալի միս, հավի միսը պատրաստել առանց կաշվի և օգտագործել ձկնեղեն: Ձկնային կերակրատեսակներ կարելի է ուտել շաբաթը երեք անգամ: Նախկինում հղի կանանց արգելում էին ձկնեղեն օգտագործել` սնդրիկի պարունակության պատճառով: Սակայն հղի կանայք կարող են օգտագործել սնդիկի ցածր պարունակությամբ ձկներ` սաղմոն, ձողաձուկ, ծովատառեխ, թյունիկ:
Մի հրաժարվեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունից
Բացի սննդակարգը կառավարելուց կարևոր է հղիության ժամանակ պահպանել նաև ֆիզիկական ակտիվությունը: Հղի կնոջը թույլատրվում է սպորտով զբաղվել` իհարկե բժշկի հետ խորհրդակցելուց հետո միայն և ֆիտնեսի որակյալ մարզիչի ուղեկցությամբ:
Պերենատալ յոգայով զբաղվելը, որ հատուկ ապագա մայրիկների համար է, նախ, կօգնի թեթևացնել խնդիրները` պայմանավորված ոտքերի և ողնաշարի վրա ճնշման ավելացմամբ և երկրորդ, երկարաժամկետ առումով կօգնի ազատվել ցելյուլիտից: Չէ որ յոգայով զբաղվելը ամրացնում է մկաններն հենց մարմնի այն մասերում, որտեղ սովորաբար հղիության ընթացքում ցելյուլիտ է առաջանում: Իսկ եթե ամրացնեք մկանները, մաշկը կհարթվի, ցելյուլիտն էլ կպակասի:
Նյութն ըստ woman.ru կայքի



