էրեկտիլ դիսֆունկցիա․ ինչի՞ց է այն առաջանում և ինչպե՞ս է դրսևորվում

Ներկայացնում է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը:

Էրեկտիլ դիսֆունկցիան կամ սեռական թուլությունը (նախկինում՝ իմպոտենցիա) տղամարդկանց սեռական ֆունկցիայի խանգարում է, որի դեպքում սեռական հարաբերությունների համար տղամարդն անկարող է լինում հասնել բավարար էրեկցիայի և պահպանել այն։ Այս խնդիրը հանդիպում է 40-70 տարեկան տղամարդկանց 52%-ի մոտ: 30 տարեկանից բարձր տարիք ունեցող տղամարդկանց 20%-ն ունենում է էրեկցիայի հետ կապված դժվարություններ։ Ի դեպ, էրեկտիլ դիսֆունկցիան ծխողների մոտ 20% -ով ավելի տարածված է, քան չծխողների։

Արական սեռի բոլոր ներկայացուցիչները պետք է հիշեն, որ գոյություն ունեն էրեկտիլ դիսֆունկցիայի զարգացմանը նպաստող ռիսկային գործոներ։ Դրանց շարքին են դասվում քաշի ավելացումը, ծխախոտի ու ալկոհոլի չարաշահումը, որոշ դեղամիջոցների օգտագործումը, դեպրեսիվ վիճակը, հորմոնալ խանգարումները, արտահայտված վիտամինային անբավարարությունը, սեռական անհաջողության սպասման տագնապային վիճակները։

էրեկցիայի խանգարումը կարող է հանգեցնել վաղաժամ սերմնաժայթքման ու սեռական ցանկության նվազման: Այնպես որ, սեքսուալ խնդիրների ժամանակին ախտորոշումը և բուժումն է լինում արդյունավետ՝ կանխելով այլ սեքսուալ խնդիրների ու զույգի սեքսուալ աններդաշնակության առաջացումը: