Հայաստանում գնալով աճում է արատներով ծնվող երեխաների թիվը: Մասնագետները նշում են, որ դրա հիմնական պատճառն այն է, որ զույգերը համապատասխան հետազոտություններ չեն անցնում:
«Մեր երիտասարդները հաճախ են երեխաներ ունենում առանց հետազոտության, ինչն էլ հագեցնում է անառողջ երեխայի ծնունդի: Առանց հետազոտության երեխա ունենալը կարող է տարատեսակ արատների պատճառ դառնալ»,-ասում է Երևանի թիվ 8 պոլիկլինիկայի մանկաբարձ-գինեկոլոգ Մանուշակ Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը նշում է, որ արատները տարատեսակ են լինում, օրինակ, տարբեր օրգանական համակարգերի և այլն: Նա նշում է, որ որոշ արատներ հնարավոր է նախապես ախտորոշել, մինչդեռ որոշ արատներ ամենամեծ ցանկության դեպքում և ամենալավ սարքավորումներով նույնիսկ անհնարին է պարզել:
Երեխաների արատներից խուսափելու համար մանկաբարձ-գինեկոլոգը խորհուրդ է տալիս բոլոր զույգերին հետազոտվել` նախքան երեխա ունենալը:
Բացի այդ, կանայք հղիության ողջ ընթացքում պետք է գտնվեն բժիշկ-գինեկոլոգների հսկողության տակ. այսպիսով ամենափոքր արատներն էլ կբացահայտվեն:
Հովհաննիսյանը ասում է, որ հղիության 20-22 շաբաթում կատարվում է էխոսկոպիա. սա արատների ախտորոշման լավագույն ժամանական է:
«Կան դեղամիջոցներ, որոնք հետազոտությունից հետո մենք տալիս ենք կանանց,-ասում է գինեկոլոգ Հովհաննիսյանը և ավելացնում,- գոյություն ունեն նաև այլ դեղամիջոցներ, որ տալիս ենք մինչև հղիությունը կամ հղիության ընթացքում որոշ չափով կանխարգելելով արատների առաջացումը»:
Բժիշկը վտանգավոր է համարում հայ հասարակությունում տարածված սովորույթը, երբ առանց բժշկի թույլատրության, ծանոթի, բարեկամի խորհրդով «մի լավ դեղ» են գնում և գործածում:
Հովհաննիսյանը նշում է, որ յուրաքանչյուր դեղամիջոց ինդիվիդուալ է և պետք է նշանակվի բժշկի կողմից, որպեսզի հետագայում այն օգտագործողը խնդիրների առաջ չկանգնի: Դեղամիջոցներ, տվյալ դեպքում, նշանակում են մանկաբարձ-գինեկոլոգները:
Անի Ասատրյան



