Փոքրիկը 3 տարեկան է, սակայն չի խոսում կամ մի քանի բառ է արտասանում․ ու՞մ է պետք դիմել և ինչու՞

3-6տարեկան

Յուրաքանչյուր երեխա զարգանում է յուրովի, սակայն որպես կանոն 3-4 տարեկան փոքրիկների մոտ պետք է նկատենք հստակ հնչարտաբերություն, կապակցված խոսք, բազամաթիվ հարցեր ու մեկնաբանություններ լսենք նրանցից: Բայց ի՞նչ անել, եթե փոքրիկը 3 տարեկանին մոտ է, սակայն մի քանի բառ է արտասանում կամ ընդհանրապես չի խոսում, որո՞նք են լինելու ծնողների գործողությունները։

«Առաջնահերթ ծնողը պետք է դիմի քիթ-կոկորդ-ականջաբանի՝ պարզելու երեխայի լսողության վիճակը։ Եթե բժշկական հետազոտությունները բացառում են ֆիզիոլոգիական խնդրի առկայությունը, ապա հաջորդ քայլը լոգոպեդին այցելելն է։ Համապատասխան ոլորտի նեղ մասնագետի և լոգոպեդի գրագետ վերլուծությունից հետո ձեռք են առնվում հաղորդակցման և խոսքի զարգացման շտկողական միջոցներ»,- ասում է «ԱրԲեՍ» առողջության կենտրոնի լոգոպեդ Քրիստինա Խառատյանը։

Լոգոպեդի ընդգծմամբ՝ խոսքը մարդու բարդ և կարևոր ֆունկցիաներից մեկն է, որը սերտորեն կապված է մտածողության, սոցիալական հաղորդակցման, հոգեկան ֆունկցիաների հետ, և որևէ հատվածում առաջ եկած դժվարությունը հանգեցնում է խոսքի զարգացման դժվարությունների։ Անչափ կարևոր են խոսքի վերարտադրման ծայրամասային բաժնի՝ արտաբերական ապարատի, ինչպես նաև շնչառական համակարգի առողջ գործունեությունը։ Հարկավոր է ուշադիր լինել, նկատել բալիկի մոտ առկա խնդիրները և ժամանակին լուծել։

 

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան