Երեխայի խնամքը լավ հնարավորություն է մայրիկի և փոքրիկի միջև սերտ հարաբերություններ հաստատելու համար:
Նորածնին մերսելը մայրիկի կարևոր զբաղմունքներից է: Կարող եք ինքներդ մերսել ձեր փոքրիկներին, կամ էլ բուժքրոջ վարձեք, ով ճիշտ ձևով կմերսի ձեր փոքրիկին: Մերսումը կարևոր ամենօրյա զբաղմունք է, որին ամեն մայրիկ պետք է տիրապետի: Մերսումն իրականում դժվար գործ չէ, եթե, իհարկե, ձեր փոքրիկն արոռղջական խնդիրներ չունի: Հենց սովորեք մերսման սկզբունքները, դա արդեն կվերածվի հաճելի գործընթացի նաև ձեզ համար: Փոքրիկներն էլ ավելի շատ են սիրում, երբ մայրիկն է իրենց մերսում, ոչ թե բուժքույրը: Մերսումից փոքրիկը մեծ օգուտներ է ստանում`ավելի լավ է քնում, մերսումն օգնում է ազատվել գազիկներից, ամրացնում է իմունիտետը:
Ամեն ինչ պատրաստեք նախքան կսկսեք մերսել փոքրիկին
- Փորձեք հստակ ժամանակացույց ձևավորել մերսման համար, որից հետո փոքրիկին կլողացնեք: Շատ կարևոր է հատկապես փոքրիկի քնի և սնվելու ռեժիմը հստակ պահպանելը:
- Սենյակում մերսման ընթացքում չպետք է ցուրտ լինի:
- Մերսելուց առաջ փոքրիկի վրայից հանեք բոլոր հագուստները, ցուրտ եղանակի դեպքում կարող եք ծածկոցով փակել փոքրիկի մարմնի այն մասերը, որոնք չեք մերսում:
- Մերսելուց հետո փոքրիկին պետք է լողացնեք, ուստի նախքան մերսումը սկսելը պետք է նաև պատրաստ լինեն լոգանքի պարագաները: Հնարավոր է, որ փոքրիկին մերսումը կամ լոգանքը դուր չգան, ուստի նա կարող է լացել:
- Ամեն ինչ պատրաստ պահեք`մերսման յուղը, անձեռոցիկը, տաք ջուրը լոգանքի համար, սրբիչը, մանկական օճառը, հագուստը:
Փոքրիկին մերսելը`ոչ բարդ առաջադրանք
- Պառկեցրեք փոքրիկին փափուկ մակերեսի վրա, որպեսզի նա իրեն հարմարավետ զգա:
- Փոքրիկին սկսեք մերսել գլխից դեպի ոտքերը: Պետք է նրբորեն, մեղմ շարժումներով մերսեք գլուխը, դեմքը, ուսերը, թևերը, կրծքավանդակը, փորը և ազդրերը:
- Ձեր փոքրիկն անմիջապես կարձագանքի, եթե սխալ կամ կոպիտ մերսեք: Մի սեղմեք մարմնի որևէ մասի վրա: Փոքրիկի օրգանները և մարմինը շատ նուրբ են, և եթե սեղմեք, դրանով կարող եք վնասել փոքրիկին:
- Մերսման ընթացքում խոսեք փոքրիկի հետ կամ երգեք նրա համար:
- Թույլ տվեք, որ փոքրիկը շարժվի, եթե նա ցանկանում է:
- Մերսման յուղը նախապես պետք է փորձարկեք: Մի կաթիլ կաթեցեք փոքրիկի մարմնին: Հաջորդ օր ստուգեք`համոզվելու, որ ալերգիկ ռեակցիա չկա, նոր միայն սկսեք փոքրիկին մերսել: Օգտագործեք որակյալ մերսման յուղ, օճառ և շամպուն ՝ նախատեսված հատուկ փոքրիկների համար:
Շարունակելի
Հաջորդ հրապարակմամբ կներկայացնենք, թե ինչպես մերսել փոքրիկի մարմնի տարբեր մասերը
Նյութն ըստ parentingnation.in կայքի



