Սննդակարգի միջոցով հնարավո՞ր է ավելացնել կաթնարտադրությունը. ի՞նչ պետք է ուտի կրծքով կերակրող մայրը

Հարցազրույցի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:

«Իմ փոքրիկ»-ը զրուցել է «Գրիգոր Նարեկացի» ԲԿ նորածնային բաժանմունքի վարիչ, նեոնատոլոգ-մանկաբույժ, բ․գ․թ․ Մարի Դարակչյանի հետ։

           

- Առհասարակ, կարի՞ք կա կրծքով կերակրման ընթացքում վիտամինային հաբեր օգտագործել։

- Ընդհանրապես բոլոր մայրերին տանջում է հարցը, թե, արդյոք, կրծքով կերակրելու ընթացքում կարիք կա մուլտիվիտամիններ ընդունելու: Պետք է ասել, որ որոշ դեպքերում նման անհրաժեշտություն կա, որոշ դեպքերում՝ ոչ: Այն կանայք, որոնք սննդակարգում որոշակի սահմանափակումներ ունեն,  պետք է հաշվեն իրենց օրական կալորիաները կամ նրանք բուսկեր են, ապա այս դեպքերում միօրինակ սննդատեսակները չեն կարող լրացնել նրանց վիտամինային պահանջները, և խորհուրդ է տրվում մուլտիվիտամիններ օգտագործել: Իհարկե, սա միանշանակ չի կարելի ասել բոլոր կերակրող մայրերի համար։

 

- Ավելի մանրամասն ներկայացրեք բուսակերության և կրծքով կերակրման համատեղությունը։

- Այն կանայք, որոնք մինչև կրծքով կերակրելը կամ այդ ընթացքում որոշել են բուսակեր լինել և հրաժարվել են մսի օգտագործումից, պետք է հիշեն, որ իրենց օրգանիզմում կարող է լինել B12-ի պակաս։ Այդ դեպքում B12-ի անբավարարությունը կարող է անցնել նաև երեխային՝ երեխայի մոտ առաջացնելով հեմոգլոբինի քանակի իջեցում, ինչն էլ իր հերթին կհանգեցնի նյարդաբանական լուրջ խանգարումների։ Հետևաբար բուսակեր կանայք պետք է մսի պակասը կոմպենսացնեն B-12 պարունակող միջոցներով, ինչպիսիք են հատուկ վիտամինային կոմպլեքսները։

 

- Խոսենք ալերգեններ պարունակող մթերքների մասին։ Մայրիկի կողմից դրանց չարաշահումը կարո՞ղ է երեխայի մոտ ալերգիայի կամ դիաթեզի առիթ հանդիսանալ։

- Ալերգենով սննդամթերքը երեխայի մոտ մեծամասամբ չի բերում ալերգիաների զարգացման: Միակ բացառությունը կովի կաթն է ու կաթնամթերքը, որոնց պարագայում շատ քիչ հավանականությամբ երեխաները կարող են ունենալ ալերգիաներ: Դա հիմնականում արտահայտվում է կղանքի մեջ արյան կամ լուծի տեսքով։ Սակայն այս դեպքերն այնքան քիչ են, որ կարելի է սրանց պարզապես չանդրադառնալ: Հիմնականում՝ 99% դեպքերում, մոր կաթի միջոցով երեխային ալերգեններ չեն փոխանցվում, այդ իսկ պատճառով տեղին չէ, որ մայրիկները հրաժարվեն որևէ սննդատեսակից:

 

- Կերակրման նախնական փուլում մայրիկներին թվում է, որ իրենց կաթը չի բավականացնում երեխային ու փորձում են տարատեսակ միջոցներով ավելացնել կաթնարտադրությունը։ Կա՞ն, արդյոք, մթերքներ, որոնք իրապես նպաստում են կաթնարտադրությանը։

- Սննդամթերքի քանակն ու որակը, հեղուկների ընդունումը  չեն ազդում կաթի առատության վրա: Եթե մայրիկները ցանկանում են նվազեցնել կաթը, ապա այս պարագայում էլ հեղուկների քիչ ընդունումը չի բերի կաթի քանակի նվազման։ Այնպես որ, այդպիսի մթերք չկա: Ինչ վերաբերում է տարածված կարծիքին, որ մեղրաբլիթը՝ պրյանիկը, ու խտացրած կաթը առատացնում են կաթնարտադրությունը, ապա պետք է նշել, որ նման բան գոյություն չունի, դա միֆ է։

 

- Իսկ ի՞նչ կասեք բուսական հիմքով թեյերի մասին, որոնք, ասում են, խթանում են կաթնարտադրությունը։

- Լակտացիայի համար նախատեսված թեյերի վերաբերյալ միջազգային ռանդոմիզացված հետազոտություններ չկան, որոնք փաստեն դրանց արդյունավետության մասին: Ավելի շատ մայրիկների մոտ պլացեբո էֆեկտ է տեղի ունենում, այսինքն՝ հոգեբանորեն նրանք մտածում են, որ արդեն առատ կաթ ունեն և սկսում են հաճախ կերակրել։ Իսկ միակ բանը, որն ավելացնում է կաթը, հաճախակի, երկարատև կերակրումներն են։

Պետք է նշեմ նաև, որ հեղուկների ծավալը և ջերմաստիճանը ևս բացարձակ ազդեցություն չունեն կաթնարտադրության վրա: Իսկ եթե կա առատ կաթնարտադրություն, որը կարող է բերել լակտոստազի կամ ընդհակառակը՝ կուրծքը դժվար կթվի, ապա այս դեպքերում տեղային տաք ու սառը  միջոցներ են օգտագործում։ Տաքը կարող է նպաստել կաթնարտադրությանը, քանի որ արյան անոթները լայնանում են, ինչի հետևանքով կաթն ավելանում է, իսկ սառի դեպքում անոթները սեղմվում են։ Բայց այս միջոցները կիրառվում են հատուկ նպատակով, երբ կրծքում լինում են որոշակի խնդիրներ: Այնպես որ, այն կարծիքը, թե հեղուկների քանակը և ջերմաստիճանը նպաստում են կաթնարտադրությանը, իրականությանը չի համապատասխանում։

 

Շարունակելի

Հեղինակ՝ Լուսինե Պապյան